Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ



ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆԳորիսի թիվ 4 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասասենյակի անվանակոչության արարողություն: Դասասենյակն անվանվեց Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ, Գորիսի «Քոլատակ»  կամավորական ջոկատի դասակի հրամանատար Վոլոդյա Ազատի Բաղդասարյանի անունով:

Անվանակոչութան արարողությանը մասնակցում էին  Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, մարզպետարանի ներկայացուցիչներ, Գորիսի տարածքային զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, գեներալմայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման վարչակազմի, ենթակա զորամասերի սպաներ, հյուրեր: Ներկա էին Վոլոդյա Բաղդասարյանի կինը՝ Մանիկ Բաղդասարյանը, եղբայրը՝ «Քոլատակ» կամավորական ջոկատի հրամանատար, Գորիսի ԵԿՄ տարածքային բաժանմունքի նախագահ, փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանը:

Դասասենյակում առանձին ցուցափեղկով ներկայացված են Վոլոդյա Բաղդասարյանի կյանքն ու պատերազմական գործունեությունն ամփոփող թանկ մասունքներ՝ անձնական իրեր, ջոկատի ազատամարտիկների հետ լուսանկարներ, ինչպես նաև  զինվորական վերջին վերնաշապիկը՝ թշնամու խոցած գնդակի հետքերով:

Համերգցերեկույթին բացման խոսքով հանդես եկավ Վոլոդյա Բաղդասարյանի թոռնուհին՝ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Բաղդասարյանը: Զոհված ազատամարտիկի հիշատակին դպրոցականների կատարմամբ հնչեցին հայրենասիրական երգեր, ցուցադրվեցին ՆԶՊ առարկայի շրջանակում ուսուցանված մարտական հնարքներ:

Փոխգնդապետ Սուրեն Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ նման միջոցառումները,  դրանցում ներկայացվող մեր ազատամարտիկների սխրագործությունների օրինակները անփոխարինելի դեր ունեն մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

 1-ին բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


14/02/2017