Ո՞Վ Է ՓԱԿԵԼՈՒ ԴՈՒՌԸ
Իսրայելցիներ, դուք այսօր մոտեցել եք պատերազմի ձեր թշնամիներին, և թող ձեր սրտերը չթուլանան, մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք նրանցից և նրանց հայացքներից, մի՛ դողացեք, որովհետև Եհովա աստվածը ձեզ հետ է, ձեզ հետ գնում է ձեր թշնամիների դեմ պատերազմի:
Եվ ոստիկանները խոսեցին ժողովրդի հետ, ասելով. «Ով է այն մարդը, որ նոր տուն է կառուցել, և նավակատիքը չի արել, թող ետ դառնա, գնա իր տունը, գուցե պատերազմում մեռնի, և մեկ ուրիշը անի նավակատիքը:
Եվ ով է այն մարդը, որ այգի է տնկել և այն չի վայելել, թող ետ դառնա, գնա իր տունը, գուցե պատերազմում մեռնի, և մեկ ուրիշը վայելի բերքն ու բարիքը: Եվ ով է այն մարդը, որ նշանած է առել, թող ետ դառնա, գնա իր տունը, գուցե պատերազմում մեռնի, և մեկ ուրիշ մարդ առնե նրան…»:
«Աստվածաշունչ»
Ոչ ոք չհամարձակվեց հարցնել նրան. «Այդ ո՞ւր ես գնում, Մարգարի՛տ, ո՞ւր ես գնում այդպես անվրդով, այդպես անառագաստ` չմայրացած»: Չհարցրին, որովհետև նախօրոք գիտեին պատասխանը. «Ամեն ինչ իր ժամանակն ունի»:
Չհարցրին նրան, չհարցրին` փոքրիկներին տատի մոտ պահ տվածին, սիրահարվածին, լվացքը կիսատ թողածին: Գնացին կանայք, կազմեցին ջոկատ… Շատերից լավ էին կռվում` դիմացկուն էին ու անկոտրում: Նրանց հետ հեշտ էր կռվելը, հեշտ էր ու դժվար, նրանց հետ հնարավոր չէր պարտվել: Ե՛վ կռվում էին, և՛ վերքեր բուժում, սովածին-ծարավածին հագեցում էին տալիս. նրանք ոգին էին մարտիկի:
Նրանց ասացին. «Այդ ո՞ւր եք գնում, աղջիկնե՛ր, այդ ո՞ւր եք գնում դեռ զավակի ճիչ չլսած»: Բազում մարտերից հետո ոմանք նորից դարձան իրենց տները` ամուսնանալու, խնամելու փոքրիկներին, կիսատ թողած լվացքը վերջացնելու:
Ոմանք էլ ետ չեկան. Մարգարիտը, Անահիտը, Կարինեն… Մնացին շարունակելու սկսած գործը` փաթաթելու վիրավորների վերքերը, մնացին, որ տղերքը հեշտ կռվեն…
ՄԱՐԳԱՐԻՏԸ
Ապրում էր Ստեփանակերտում: Սիրում էր իր փոքրիկ թաղամասը և ծանոթներին… Բայց 92-ին դատարկվեց քաղաքը, մնացին միայն տղամարդիկ և փոքրաթիվ կանայք, ովքեր անփախուստ ապրեցին: Եվ ավերված քաղաքը կարծես դարձավ ավելի սիրելի, ավելի գեղեցիկ ու անառիկ: Դատարկվեց նաև իր տունը: Մարգարիտը մնաց մեն մենակ: Մարտից հոգնած գալիս էր տուն և զրուցում… հուշերի հետ, հուշ դարձած ծանոթների, նրանց նկարների հետ…
Հետո գալիս էին քաղաքը չլքած ընկերուհիները, հուշերի հետ զրույցը դառնում էր կենդանի, և գիշերը կարճանում-դառնում էր բառի չափ: Իսկ մի քանի օրից կրկին փակվում էին տան դռները և… Եվ ոչ ոք չէր համարձակվում հարցնել. «Այդ ո՞ւր ես գնում, Մարգարի՛տ, ո՞ւր ես գնում այդպես…»: Հրաժեշտ էին տալիս, մի քիչ արտասվում, որ դարձյալ հանդիպեն:
Մինչդեռ այնտեղ ճռնչում էին զրահամեքենաները, որոտում հրանոթները, ցավից տնքում էին մարմինները, ժամանակն ասես տրոփում էր խրամատներում: Մարգարիտի արձակած գնդակից դիտապաստ ընկնում էր թշնամին, և դաշտերն ու ձորերը լցվում էին զարկված վայրենու ոռնոցով, խելագար կականով: Մարգարիտն ամեն անգամ մարտից առաջ բարձրաձայն մտածում էր մահվան մասին ու ծիծաղում հեգնանքով. «Թքած, ամեն ինչ ժամանակավոր է: Մեռնելն էլ ապրելու մի ձև է, միայն ափսոս, որ աշխարհը չի զգում քո պակաս, և թվում է` այդպիսի մարդ երբեք էլ չի ապրել աշխարհում… Իսկ ապրելն իսկապես դժվար է: Ապրողներն են գրելու կյանքի օրենքը: Բայց միայն Աստծու ընտրյալներն են կարդալու արնոտ ձեռագիրը: Իսկ բազմությունը միայն գոռում է, աղմկում, բազմությունը չի կարդում: Եվ պաշարվում են խղճի և ոգու դղյակները, և այնժամ մոտենում է անիմաստ մահը»: Մարգարիտը դրանից էր վախենում:
Մանկավարժ էր: Երազում էր դպրոց գնալ. ուսուցչությամբ զբաղվել, մանուկներին կրթել, մի քիչ կանգնել կանանց կողքին, դժգոհել բազում հոգսերից, բայց գիտեր, որ ինքը երբեք էլ չէր դժգոհելու:
Պատերազմը փոխել էր նրա կանացի դիմագծերը, զինավարժ ձեռքերը պատվել էին կոշտուկներով, ձայնն այլևս կանացի չէր: Միայն առաջվա պես նույն կատակասերն էր: Կատաղի էր մարտը` անհավասար: Վիրավորներ կային` զոհեր: Ծանր վիրավորվեց Կարինեն: Մարգարիտը նրան հասցրեց հոսպիտալ և էլի միացավ տղերքին: Եվ երբ նրա հրացանը որոնում էր դարան մտած թուրքին, խոցվեց անօրենի գնդակից:
Հիշում եմ` մի անբացատրելի տխրություն կար աչքերում: Քիչ ավելի երկար կանգնեց դռան շեմին ու ասաց. «Եթե զոհվեմ, գերեզմանիս շատ ծաղիկներ կդնեք»:
Ինձ համար երբեք այդքան դժվար չէր եղել հանգուցյալին վերջին հանգրվան ճանապարհելը. քայլում էի մեղավորի պես, թվում էր` բոլորն են մեղավոր: Միայն մեկը համարձակվեց հարցնել. «Այդ ո՞ւր ես գնում, Մարգարի՛տ…»: -Մայրն էր:
Իսկ մարդիկ շշուկով միմյանց հարցնում էին:
-Ո՞վ է զոհվել:
-Մի աղջիկ:
-Աղջի՞կ: Աստված իմ, ինչ սարսափելի է…
-Սովորել էինք տղերք կորցնելուն, Աստված մի արասցե, որ սրան էլ սովորենք:
Հետո, ինչպես Մարգարիտն էր խնդրել, գերեզմանին շատ ծաղիկներ դրեցինք, համբուրեցինք շիրմաքարն ու խոստովանության բառեր մտմտացինք:
Մարգարիտը վախենում էր մահից…
Իսկ հիմա պարզապես խնդրում եմ. մեկ րոպե լռություն…
Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Արցախ
Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Ճակատագրեր