Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Աներեւույթ ինչ-որ մեկն արթնացնում է…

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՊատերազմ էր: Մեր պետականությունը նոր էր կազմավորվում: Բանակ դեռ չունեինք: Կռվողները կամավորներ էին: Նրանցից շատերը հենց աշխատանքի տեղից կամ միտինգից մեկնում էին ճակատ: Ո՛չ  սննդամթերք ունեին, ո՛չ տաք շոր: Ճակատից մի քանիսը, երբ Երեւան են գալիս, հանդիպում են բանաստեղծուհի Մետաքսեին, նրանցից մեկը ցույց է տալիս ոտքի մատները, որ ցրտից սեւացել էին եւ ասում է.

-Եթե մի բան չանեք, մեր ազատամարտիկներից շատերը ցրտից հաշմ կդառնան:

Բանաստեղծուհին երազի մեջ անընդհատ տեսնում է ցրտից սեւացած ձեռքի, ոտքի մատներ: Ապա «աներեւույթ ինչ-որ մեկն արթնացնում է» թե` այժմ որոշիր՝ ինչ ես անում:

Բանաստեղծուհին առանց Գրողների միության նախագահին զգուշացնելու` միտինգում հայտարարություն է անում, որ ժողովուրդը տաք հագուստներ բերի Գրողների միություն: Հաջորդ օրն իսկ Գրողների տանն արդեն հարյուրավոր մայրեր կային, իրենց հետ բերել էին տաք գուլպաներ, հագուստներ, ձեռնոցներ, սննդամթերք, որոնք Մետաքսեն ուղարկում է ճակատ: Այդպես ամեն օր… Մետաքսեի հայտարարությունն արձագանք է գտնում ողջ Հայաստանով մեկ, հասնում անգամ արտերկիր:

Մեր քահանաներից  Տեր Շահեն է մոտենում բանաստեղծուհուն եւ ասում.

-Ես շատ եմ ուզում ազատամարտին օգնել, բայց, ցավոք, բացի իմ աղոթքից, այլ բանով չեմ կարող եւ մեկ էլ այսքան դրամ ունեմ,- եւ տալիս է 100 ռուբլի: Այս դրամն առիթ է դառնում, որ բանաստեղծուհին դրամ եւս հավաքի` դրանով օգնելով վիրավորներին: Հարազատ մորից ավելի` ամենքին էր ջանում հասնել: Գիշեր-ցերեկ, ողջ պատերազմի ընթացքում: ՈՒստի ամենեւին պատահական չէր, որ օրեր անց բանաստեղծուհուն սկսեցին անվանել «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՏԻՐԱՄԱՅՐ»:

Յուրաքանչյուր օգնություն բերողի բանաստեղծուհին ստացական էր տալիս` վերջում «ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՕԳՆԱԿԱՆ» մխիթարիչ աղոթք խոսքով:

Իսկ քահանայի օրհնյալ սիրով տված գումարը Մետաքսեի մայրական ձեռքի տակ մեծանում, հասնում է մեկ միլիոնի: Եվ բանաստեղծուհին այդ գումարը հանձնում է նոր կազմավորվող պետությանը՝ բանակի հոգսերն արդեն պետականորեն հոգալու համար:

Եվ Վազգեն Զորավարը խիստ զգացված այդ ամենից`  բանաստեղծուհուն շնորհակալություն է հայտնում՝ ասելով.

-Մետաքսե՛, ինքդ էլ անհնար է, որ կարողանաս պատկերացնել, թե քո գործերով որքան օգուտ տվեցիր մեր պետությանը:

Անհնար է առանց հուզմունքի կարդալ Մետաքսեի բանաստեղծություններն՝ ուղղված նահատակներին.

«Ձեզ համար տաք գուլպաներ եմ պահել»:

Եվ իր խոսքն ավարտում «Հիսուսի խաչի լույսով»:

Լույս որ թող տարածվի ողջ Հայաստանի ու Արցախի վրա: Ամե՛ն:

Հավելում.

Գործեր կան, որ խոստովանելը լավ է, եթե կարողանում ենք խոստովանել: Այս գրածիս նախօրինակը, որ չորս անգամ ավելի երկար էր, տվեցի, որ Մետաքսեն ծանոթանա: Չհավանեց: Ասաց՝ սրտանց չես գրել, այնպես, ինչպես այլոց վկայությունները: Եվ ես հասկացա՝ բանն ինչ է: Հարկ էր՝ երեւույթներն ավելի խիտ ներկայացնել: Չէ որ գործերն իրենք իրենց մասին ավելի շատ են խոսուն, քան շատ ու շատ բառեր:

Խորագիր՝ #11 (1182) 22.03.2017 - 28.03.2017, Հոգևոր-մշակութային


23/03/2017