Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ



Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում զինծառայողի անվտանգության կանոնը սահմանում է. «Զինծառայողի անվտանգությունը զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս նրա պաշտպանվածությունն է վտանգավոր եւ վնասակար գործոնների ազդեցությունից»։

Վտանգավոր եւ վնասակար գործոնների գերադրական աստիճանն իր մեջ ներառում է տարերային աղետները:

Հրդեհները եւս դասվում են տարերային աղետների շարքին: Հրդեհը այրման անվերահսկելի պրոցես է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացմամբ եւ վտանգ է ներկայացնում մարդկանց կյանքի ու առողջության համար: Այրման առաջացման համար անհրաժեշտ է նույն տեղում միաժամանակ երեք պայմանի առկայություն` այրվող նյութ (փայտ, խոտ, թուղթ, կերոսին, բենզին, բնական գազ եւ այլն), օքսիդիչ (հիմնականում` օդի թթվածին) եւ բոցավառման աղբյուր (կայծ` խարույկի, լուցկու, ծխախոտի եւ այլն):

Հրդեհների ծագման հնարավոր պատճառներն են` չթույլատրված տեղերում ծխելը, բաց կրակի հետ շփվելիս եւ գազաէլեկտրաեռակցման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտումը, ժամանակին չտեղափոխված աղբի ինքնաբռնկումը եւ այլն:

Հրդեհային անվտանգությունը տեխնիկապես պատշաճ զինվածության եւ տնտեսապես բավարար մակարդակի հասցնելու, զինվորական ունեցվածքի եւ ռազմական տեխնիկայի ոչնչացման հավանականությունը նվազեցնելու, մարդկանց վրա հրդեհների վտանգավոր ներգործությունը եւ դրա հետեւանքով անխուսափելի նյութական վնասը հնարավոր նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ վթարներն ու աղետները կանխելու նպատակով զորամասում կազմակերպվում է հակահրդեհային պաշտպանություն:

ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքն ամրագրում է, որ հակահրդեհային պաշտպանության համակարգի ղեկավարման համար պատասխանատու է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը, նա անձնական պատասխանատվություն է կրում ստորաբաժանումներում եւ օբյեկտներում հակահրդեհային վիճակի, անվտանգության միջոցառումները մշակելու համար: Նա ստուգում է հակահրդեհային պաշտպանության վիճակը, կազմակերպում եւ ապահովում է դրա հետ կապված նորմատիվ հրահանգների ու անվտանգության կանոնների կատարումը:

Կանոնագրքում նշված է նաեւ, որ գնդում հակահրդեհային պաշտպանության կազմակերպման անմիջական պատասխանատուն թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալն է:

Քանի որ հակահրդեհային պաշտպանությունն իր մեջ ներառում է համալիր միջոցառումներ ու այդ միջոցառումների իրականացման համար էլ անհրաժեշտ են ուժեր ու միջոցներ, ուստի զորամասում հակահրդեհային պաշտպանությունը ղեկավարելու համար գնդի հրամանատարի գրավոր հրամանով նշանակվում է հակահրդեհային պաշտպանության եւ փրկարարական աշխատանքների ծառայության արտահաստիքային պետ, որը միաժամանակ հրշեջ խմբի պետն է եւ ենթարկվում է գնդի հրամանատարի թիկունքի գծով տեղակալին: Նույն անձը պատասխանատու է նաեւ հրշեջ խմբի մշտական պատրաստականության, գնդի անձնակազմին կրակմարիչ միջոցներին եւ հակահրդեհային անվտանգության կանոններին ծանոթացնելու համար:

Զորամասում հակահրդեհային անվտանգությունն ապահովելուն անհրաժեշտ է ունենալ.

♦ հակահրդեհային պաշտպանության պլան,

♦ հրշեջ խումբ եւ հրշեջ տեխնիկա,

♦ ստորաբաժանումներում, արտադրամասերում, արհեստանոցներում, պահեստներում, մարտական տեխնիկայի եւ ունեցվածքի սպասարկման այլ տեղերում հակահրդեհային հաշվարկներ,

♦ ջրի նորմացուցային պաշարներ եւ հրդեհամարիչ այլ միջոցներ,

♦ հրդեհի բռնկման մասին ահազանգելու անհրաժեշտ ուժերն ու միջոցները կանչելու համար անհրաժեշտ կապի եւ ազդանշանային տեխնիկա (միջոց):

Զորքերի ծառայության մասով կարեւոր պլանավորվող փաստաթուղթ է համարվում հակահրդեհային պաշտպանության պլանը, որը մշակում է հակահրդեհային պաշտպանության եւ փրկարարական աշխատանքների ծառայության պետը՝ զորամասի ծառայությունների պետերի մասնակցությամբ: Պլանը ստորագրում են գնդի շտաբի պետը, հակահրդեհային պաշտպանության եւ փրկարարական աշխատանքների ծառայության պետը, հաստատում է զորամասի հրամանատարը:

Պլանը կազմող բաժիններն են.

♦ հակահրդեհային անվտանգության միջոցների ընդհանուր հրահանգը,

♦ հրդեհի մարման համար օգտագործվող ուժերի եւ միջոցների հաշվարկը,

♦ սպառազինության, մարտական եւ այլ տեխնիկայի ու ունեցվածքի տարատեղման կարգը:

Պլանին կցվում է հավաքակայաններում, արհեստանոցներում եւ այլ շենքերում հակահրդեհային անվտանգության հրահանգը, ներառյալ հնարավոր հրդեհի վտանգավորության հաշվարկը, արտահաստիքային հրշեջ խմբի նշանակման մասին հրամանի քաղվածքը, հրդեհավտանգ շենքերի եւ կառույցների (պահեստ, հավաքակայան, արտադրամաս, արհեստանոց եւ այլն) ցանկը, զորամասի հրամանատարի հաստատած՝ հրշեջ պահակակետերի տեղեկագիրը, ճանապարհների, հրշեջ ջրամբարների, ջրածորանների եւ հրշեջ վահանակների դասավորության ուրվագիծը (մինչեւ սպասարկվող օբյեկտները եղած հեռավորությունների նշմամբ), հակահրդեհային պաշտպանության պլանի գործնական մշակման մասին նշումների թերթիկը:

Նշված օբյեկտները հակահրդեհային վիճակի համար պատասխանատուների ներկայությամբ, զորամասի հրշեջ վերակարգի կողմից ենթակա են ամենօրյա պարտադիր զննման եւ հսկողության:

Բացի նշվածից, զորամասի հակահրդեհային պաշտպանության կազմակերպման հարցերն արտացոլվում են գնդի «Մարտական պատրաստության, ներքին եւ պահակային ծառայությունների կազմակերպման» հրամանում եւ դրա հավելվածներում:

Զորամասի հրամանատարը պետք է մշակի ու հաստատի զորամասի հակահրդեհային անվտանգության միջոցների եւ միջոցառումների մասին ընդհանուր հրահանգ, հրահանգներ՝ առանձին օբյեկտների (պահեստ, շտաբ, զորանոց, հավաքակայան, արտադրամաս, արհեստանոց եւ այլն) համար: Հրահանգները պետք սահմանեն հրդեհների բռնկման եւ տարածման բացառման կարգը, մարդկանց, տեխնիկայի, ունեցվածքի անվտանգ տարատեղման եւ հրդեհամարման կոնկրետ միջոցառումները: Ընդհանուր հրահանգը մշակում են շտաբում ու զորամասի ծառայությունների պետերը, իսկ առանձին օբյեկտների համար` այդ օբյեկտների (ստորաբաժանումների) համար պատասխանատու պետերը (հրամանատարները):

Հրահանգները մշակվում են գործող կանոնադրությունների եւ նորմատիվային փաստաթղթերի հիման վրա, հաստատվում են հրամանատարի կողմից, պարտադիր են զորամասի բոլոր զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի համար: Հրահանգներն ամրակցվում են շենքերի համապատասխան փաստատախտակներին:

Զորամասում հրդեհների կանխման ու մարման նպատակով գնդի հրամանատարի հրամանով ստեղծվում է արտահաստիքային հրշեջ խումբ, որի կազմը ԶՈՒ ՆԾ կանոնագրքով սահմանվում է հետեւյալ կերպ. մինչեւ 5 կմ տեղաբաշխված զորամասի համար` 5-10 հոգի, ավելի մեծ հեռավորության դեպքում` 15 հոգի:

Արտահաստիքային հրշեջ խմբում, որպես կանոն, ընդգրկված են նույն ստորաբաժանման զինվորներն ու սերժանտները: Այդ խմբի կազմից ամեն օր նշանակվում է հրշեջ վերակարգ: Հիշյալ վերակարգը ենթարկվում է զորամասի հերթապահին եւ արտահաստիքային հրշեջ խմբի պետին:

Հրշեջ վերակարգի վրա դրվում է բոլոր ստորաբաժանումների եւ զորամասի ողջ տարածքում հրշեջ-պահակակետային ծառայության կազմակերպումը, հակահրդեհային անվտանգության կանոնների կատարման հսկողությունը, հրդեհային շենքերի զննումը, փակելուց առաջ օբյեկտներում եղած կրակմարիչ միջոցների սարքինության ստուգումը, հրդեհների մարումը:

Ամեն օր գնդի հրամանատարի կողմից սահմանված ժամին (օրվա կարգացուցակի պահանջները հաշվի առնելով, նպատակահարմար է այդ ժամը սահմանել. երկուշաբթի-ուրբաթ` 17:00-18:00, շաբաթ` 12:00-13:30) զորամասում եղած բոլոր արհեստանոցները, պահեստները, հավաքակայաններն ու հրդեհավտանգ մյուս շենքերը փակվելուց առաջ, զննվում են հրշեջ վերակարգի կողմից այդ օբյեկտների պատասխանատու պետերի ներկայությամբ: Նկատված բոլոր թերությունները վերացվում են մինչեւ փակվելը, իսկ էլեկտրացանցն անջատվում է արտաքին անջատիչներով: Հակահրդեհային անվտանգության պահանջների ճիշտ կատարումը հաստատվում է հրշեջ մետաղանիշով, որը հրշեջ վերակարգը ստուգումից հետո փոխանցում է օբյեկտը փակող անձին: Պահեստների պետերը եւ հավաքակայանի հերթապահը, օբյեկտը պահպանության հանձնելիս հրշեջ մետաղանիշները հանձնում են պահակապետին: Հրշեջ վերակարգի ավագը հերթափոխից առաջ դրանք ստանում է պահակապետից:

Հրդեհը մարելու համար պետք է ունենալ հրշեջ խմբեր, հրշեջ ինքնաշարժ, հրշեջ մոտոպոմպեր եւ զանազան կրակմարիչներ:

Զորքերի ծառայության հարուստ փորձից եզրահանգում ենք, որ հակահրդեհային պաշտպանությունը զորամասում (ստորաբաժանումում) ապահովված է, եթե այն հստակ է կազմակերպված, ամեն օր անցկացվում են հրդեհականխարգելիչ միջոցառումներ, եւ անձնակազմը խստորեն պահպանում է հակահրդեհային անվտանգության պահանջները:

Օբյեկտների հակահրդեհային վիճակի ստուգումը որպես կանոն կատարվում է.

♦ պահեստները, պահպանության բաց հրապարակները, արտադրամասերը, արհեստանոցները, հավաքակայանները ու մյուս հրդեհավտանգ օբյեկտները ամեն օր՝ աշխատելու ժամանակ եւ աշխատանքներն ավարտելուց հետո,

♦ զորանոցները, հանրակացարանները, շտաբը, ակումբը, ճաշարանը, բաղնիքն ու լվացքատունը, բուժկետը, մարզադահլիճը, ուսումնական մասնաշենքերը, գրադարանները՝ շաբաթական առնվազն մեկ անգամ:

Օբյեկտների հակահրդեհային վիճակն ստուգելիս անհրաժեշտ է առանձնակի ուշադրություն դարձնել մարդկանց զանգվածային բնակեցման, տեխնիկայի, սպառազինության, ունեցվածքի պահպանման տեղերի, մշտական եւ ժամանակավոր աշխատատեղերին հակահրդեհային պաշտպանությանը, հրդեհամարիչ միջոցների հակահրդեհային ջրակետերի առկայությանն ու տեխնիկական վիճակին, անձնակազմի կողմից հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, հրդեհի դեպքում մարդկանց անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարմանը եւ հրդեհները մարելու պայմանների ստեղծմանը:

Հրդեհները մեծապես բռնկվում են ծխելու կանոնները խախտելիս: Այն հեշտ է կանխել, երբ յուրաքանչյուր զինծառայող հսկում է իր վարքագիծը, մշտապես պատկերացնում է անփութության ու անուշադրության հետեւանքները: Ծխել թույլատրվում է շենքերի ներսում եւ դրսում հատկացված հատուկ կահավորված տեղերում: Հրահանգից բացի, կարելի է նաեւ առաջնորդվել էթիկայի կանոններով` լուցկին եւ ծխախոտի մնացորդը անհրաժեշտ է գծել միայն ջրով լցված աղբանոթներում, չի կարելի դրանք գցել հատակին, չոր խոտերի կամ թղթի համար նախատեսված զամբյուղի կամ արկղերի մեջ:

Հրդեհի ժամանակ անձնակազմը արագ ու առանց խուճապի տարատեղելու նպատակով յուրաքանչյուր զորանոց պետք է ունենա հեշտ բացվող փականներով երկու ելք /արգելվում է դռների կողպումը կողպեքով/: Պահեստային ելքերը տարբերվում են հատուկ նշաններով:

ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքում նշված է, որ աստիճանները, հարթակները, միջանցքները, նախամուտքերը, դեպի հրշեջ միջոցները տանող անցումները պետք է լինեն ազատ, զորանոցների աստիճաններն ու միջանցքները լուսավորելու նպատակով գիշերային ժամերին պետք է միացված լինեն հերթապահ կապույտ լույսեր, տանիքների, ձեղնահարկերի եւ նկուղների դռները պետք է փակված լինեն կողպեքով, իսկ բանալիներն ի պահ տված ստորաբաժանումների այն հերթապահներին, որոնց ստորաբաժանմանն ամրագրված են այդ շինությունները:

Շարունակելի

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության եւ ԶԾԱԱ
վարչության պետի տեղակալ

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Ազգային բանակ


27/07/2011