Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏ՝ ՄԵԿ ՆՇԱՆԱԿԵՏ



ՄԵԿ ՓԱՄՓՈՒՇՏ, ՄԵԿ ՆՇԱՆԱԿԵՏԶրույց Ռազմական համալսարանի կրակային պատրաստության ամբիոնի դասախոս, կապիտան Վարազդատ Կիրակոսյանի հետ:

Վրաստանի ՊՆ Ազգային պաշտպանության ակադեմիայի անցկացրած «Կուրսանտների միջազգային շաբաթ» միջոցառման ընթացքում հայկական խմբի ղեկավար, կապիտան Վարազդատ Կիրակոսյանը հրաձգության սպայական մրցույթում գրավել է 1-ին տեղը: Մրցույթում ընդհանուր առմամբ ներգրավված էր 12 սպա, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, ԳԴՀ-ից, Ռումինիայից, Նորվեգիայից, մերձբալթյան երկրներից:

 

Վարազդատ Կիրակոսյանին սպասում եմ հրաձգարան հիշեցնող կրակային պատրաստության լսարանում: Սենյակի կենտրոնում տեղադրված է կրակի վարման ավտոմատ վարժասարքը. այն իրական զենքից ոչնչով չի տարբերվում: Պատից կախված են տարբեր ցուցանակներ, որոնք սովորեցնում են ինչպես կրակային նպաստավոր դիրք զբաղեցնել, ճիշտ նշան բռնել, այս կամ այն հեռավորությունից հայտնաբերել թիրախը: Ահա եւ կապիտանը: Բարեւում եմ ու միանգամից հարցնում. «Վրաստանում քանի՞ թիրախ ես խոցել»: Անկեղծ  պատասխանում է. «Սարսափելի ուղիղ խփող եմ» (ժպտում է):

 

-Այնուամենայնիվ, ի՞նչ ցուցանիշով ես շրջանցել մրցակիցներիդ:

-Կրակել եմ ծնկած: Թիրախները հարյուր մետր հեռավորության վրա էին: Տասը փամփուշտ ունեի, յուրաքանչյուրը` տասը միավորանոց: 92 միավոր արդյունք եմ գրանցել: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած սպան` 83:

-Ուրեմն, շատ լավ էիր նախապատրաստվել:

-Հատուկ նախապատրաստություն չէի անցել: Պարզապես ամեն անգամ զենքը ձեռքս վերցնելիս ինքս ինձ հիշեցնում եմ` վրիպած գնդակը հավասարազոր է չկրակած փամփուշտին: Այս անգամ ավելի կենտրոնացած էի հաջողություն գրանցելու, քանի որ իմ կրակոցին հետեւում էին հակառակորդ երկրի (Ադրբեջանի) կուրսանտներն ու սպան: Վերջինս, որ ընդամենը 46 միավոր ուներ,  հրաձգությունից հետո արդարացավ, թե երբեք ամերիկյան M4 տիպի ինքնաձիգով չի կրակել:

-Իսկ դո՞ւ:

-Եթե վրիպել ես, վե՛րջ, ոչ մի արդարացում քեզ չի փրկի: Ես էլ էի առաջին անգամ գործածում այդ ինքնաձիգը:

-Կհիշե՞ս, թե երբ եւ ինչպես առաջին անգամ կրակեցիր:

-2001 թվականն էր: Նոր էի ընդունվել Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա: Մինչեւ արտերկիր մեկնելս ռազմական ավիացիոն համալսարանում «Երիտասարդ մարտիկի» մեկամսյա դասընթացների էի մասնակցել: Երբ հրաձգարանում մոտեցա զենքին, քար կտրեցի: Առաջին կրակոցս շեղ էր… Երկրորդն էլ… Երրորդն էլ: Հիասթափվել էի, հուսահատվել: Բայց թեւաթափ չէի եղել: Եթե մեկը կարողանում է ինձ համար անհասանելի թվացող դժվարությունը հաղթահարել, ուրեմն ես էլ հաստատ նույնը կարող եմ անել:

-Ուզում ես ասել` եթե ինչ-որ բան անհնար է թվում, ապա, միեւնույն է, փորձիր:

-Գիտես, ինչքան խոշոր է նշանակետը, այնքան ավելի հեշտ է այն խոցելը: Ուզում եմ ասել` միշտ երազիր, ինքդ քեզ համար նպատակակետեր սահմանիր, իսկ սխալներդ ու փորձարկումներդ քեզ մի օր անպայման ուզածիդ կհասցնեն: Ես հրաձգարանում յուրացրի սպայի ինքնահաստատման այբուբենը: Իմ առաջին հաղթանակն էլ չեմ մոռանա: Կրակում էի ու աչքերս չորս արած հետեւում արձակված փամփուշտի ուղեծրին: Այդ օրը բոլոր թիրախները ոչնչացրի: Գերազանց ստացա: Ոգեւորությունս այնքան մեծ էր, որ զենքի լիցքաթափումը սխալ կատարեցի: Իսկ իմ դասախոսի` մայոր Մակարյանի ձայնը տարածվել էր ամբողջ հրաձգարանով մեկ. «Էս երեխեն դիպուկահար է դառնալու»:

-Բայց յուրացրիր մոտոհրաձիգի մասնագիտությունը: Ի՞նչ տվեց քեզ Հունաստանի ռազմական ակադեմիան:

-Ճկունություն ու դիմացկունություն: Փետրվար ամսին ճամբարային հավաքների էինք գնում: 40 կիլոմետրը կտրում-անցնում էինք 30 կիլոգրամանոց ուսապարկով:  Մի անգամ՝ չկասկածելով, որ մեզ ծուղակ է սպասում, 350 կուրսանտ երկու շարասյունով ձնախառն անձրեւի տակ քայլում էինք անտառի խորքը: Մեկ էլ չորրորդ կուրսի այն տղաները, որոնք որոշել էին ծառայությունը շարունակել հատուկ նշանակության ստորաբաժանումում, հարձակվեցին: Անսպասելիությունից շշմած` սկսեցինք ուսումնական փամփուշտներով անկանոն աջ ու ձախ կրակել: Ի վերջո, տասը հոգով «ջախջախեցին» մեր գունդը: Այդ օրը մի կարեւոր դաս յուրացրի` հրաձիգի վարպետությունը որոշվում է ոչ թե ձգանը արագ սեղմելու կարողությամբ, այլ նվազագույն ժամանակում առավելագույն թվով թիրախներ խոցելով:

-Այսինքն` լավ կրակելու համար պետք է ճշտակատա՞ր լինել:

-Փորձառու հրաձիգի կրակոցների միջեւ ընկած դադարը տեւում է 0,12-0,19 վայրկյան: Նույնիսկ այսպիսի արագության դեպքում պետք է «գլխով» կրակել:

-Իսկ ո՞րն է քո սիրած զենքը:

-Նախընտրում եմ «ԱԿ-74» ինքնաձիգը: Մարտական արագաձգությունը բարձր է:

-Եվ ինչպե՞ս չվրիպել:

-Ցանկացած գործիք կարող է զենքի վերածվել, եթե այն ճիշտ բռնես: Երբ զինվորը կատարում է «մարտի» հրամանը, առաջին հերթին քաշում եմ ինքնաձիգի առաջնամասից: Եթե զենքը չի շարժվում, ամուր է բռնած, ուրեմն չի վրիպի:

-Յոթ տարի ծառայել ես առաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում: Ինչպե՞ս կբնութագրես այդ տարիները:

-Նշանակվել եմ դասակի հրամանատար, հետո` վաշտի:  Իմ ստացած տեսական գիտելիքները նոր՝ ավելի բարդ պայմաններում ստուգելու տարիներ էին: Իմ վաշտը դարձավ լավագույնը զորամիավորման կազմում:

-Պահանջկո՞տ էիր:

-Հարյուր տարբեր նշանակետեր խոցելուց առաջ հարյուր անգամ նույն կետին հարվածիր: Իհարկե, պահանջկոտ եմ:

-Դասախոսի աշխատանքը ինքդ քեզ նետված եւս մեկ մարտահրավե՞ր է:

-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2015 թվականին գործուղվեցի ռազմական համալսարան՝ հրամանատարաշտաբային դասընթացների: Մասնակցեցի մրցույթի, բարձր ցուցանիշներ արձանագրեցի եւ դասավանդելու իրավունք ստացա: Դասախոսի աշխատանքը կարեւոր է, քանի որ կրակային պատրաստությունը մեր ապագա սպաների համար որոշիչ, առանցքային առարկա է… Եվ մի բան էլ` եթե առաջնագծում իմ կարիքը լինի, ինքս էլ ոչ մի վայրկյան չեմ վարանի:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/04/2017