Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեկը մյուսի հետեւից «շարվել են» ռազմական ուսումնական հաստատությունները, իսկ նրանց կողքին` քաղաքացիական տարբեր կրթարաններ: «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում հարյուրավոր աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ փորձում են հասկանալ` այսօր մեր երկիրն ի՞նչ ունի առաջարկելու այն երիտասարդներին, ովքեր ուզում են որակյալ կրթություն ստանալ, ունենալ մրցունակ եւ հետաքրքիր մասնագիտություն:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸՓոխգնդապետ Վահագն Թումասյանը արտերկրյա ռազմական հաստատությունների մասին է պատմում: Նրանից լավ ո՞վ կներկայացնի: Սովորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում՝ որպես համազորային ստորաբաժանման ղեկավար: Այնուհետեւ վերապատրաստվել է Հունաստանում, նաեւ` Ռուսաստանում: Ասում է` ռազմական կրթություն ստանալու աշխարհագրությունը այսօր լայն է, ու թվարկում է` Միացյալ Թագավորություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա: Արտերկրում ուսանելու համար նախ պետք է  ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներից  միասնական քննություն հանձնել, պարտադիր է  նաեւ ռուսերենի եւ (կամ) անգլերենի գերազանց իմացությունը: Դե իսկ պինդ առողջությունն ու գերազանց ֆիզպատրաստությունը ենթադրվում են ինքնըստինքյան: Չնայած խիստ ընտրությանը`  բոլոր տեղերը միշտ համալրվում են:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸՌազմական ավիացիոն համալսարանի տաղավարում ամենայն մանրամասնությամբ ներկայացված են ֆակուլտետները` հանրակրթական առարկաների, ավիացիոն, կապի, ՀՕՊ-ի: Համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Սարաֆյանը այցելուներին տեղեկացնում է` այս տարվա ընթացքում Ռազմական ավիացիոն համալսարանում բացվելու է ԱԹՍ-ների օպերատոր մասնագետների բաժին:  Կուրսանտներին չորս տարի ուսուցանելու են  կառավարել անօդաչու թռչող սարքերը: Այս բաժնում ուսումնառությունն ավարտած կուրսանտները՝ որպես սպաներ, ծառայության են անցնելու զորքերում և ղեկավարելու են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները: Նման ֆակուլտետ ունենալու անհրաժեշտությունն առաջացել է ապրիլից հետո:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸՆորություն ունի նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Արդեն գործող հրամանատարաշտաբային ֆակուլտետին եւս մեկ մագիստրոսական ամբիոն կավելանա` հրետանայինը: Գիտության բաժնի պետ, գնդապետ Գարրի Ասրյանը ասում է` զինվորական մասնագիտությունը հեռանկարային է, իսկ բարձր կուրսերի կուրսանտները ուսումնական գործընթացից հետո արդեն ազատ ելքի հնարավորություն ունեն: Բացազատված երկու տաղավարներից առաջինում համալսարանի դասախոսները ներկայացնում են իրենց մշակած ռազմական գրականությունը, նվաճումները: Ուսումնական  կետում էլ աշակերտները  քանդում-հավաքում են զենքը,  փորձում նռնակների ծանրությունը, սաղավարտները:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետի տաղավարում ամենապահանջվածը Ջոն անունով սիմուլացիոն ռոբոտն է: Ապագա բժիշկները փորձում են սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել: Նրանց ցուցումներ է տալիս 5-րդ կուրսի  կուրսանտ Շահեն Բադալյանը: Իսկ աշակերտների հարցին՝ ինչո՞ւ է ընտրել ռազմական բժշկի մասնագիտությունը,  պատասխանում է` շատ պատվաբեր ու պետքական գործ է:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸԽաղաղապահ բրիգադի զինծառայողներն էլ ներկայացնում են ամերիկյան Multiple Integrated Laser Engagement System (MILES) ժամանակակից մարտը ղեկավարելու եւ զորավարժադաշտում պարապմունքներ իրականացնելու լազերային բազմաֆունկցիոնալ համակարգը: Ավագ սերժանտ Գեւորգ Խունոյանը ասում է, որ համակարգը  հնարավորություն է տալիս ոչ մարտական «լուսային» փամփուշտներով վարժանքներ կատարելու: Անվնաս է: Լազերային համակարգը զինատեսակից կոդավորված ազդանշան է ուղարկում զրահաբաճկոնին կցված համակարգին, ինչի արդյունքում կարող է արձանագրվել խոցում կամ վրիպում: Երկու-երեք տարի է` հայ խաղաղապահները վարժադաշտերում այսպես են «մենամարտում»: Նախատեսվում է  համակարգը կիրառել նաեւ զինված ուժերի այլ ստորաբաժանումներում:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տաղավարում հավաքվածներին մի հարց է հետաքրքրում` երբ են տեղափոխվելու Դիլիջանի նախկին ՊԵԿ ուսումնական կենտրոնի շենք: Վարժարանի պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանը ասում է` շուտով: Նա նշում է, որ անցած տարվա համեմատ այս տարի 40 տոկոսով ավելացել է դիմորդների թիվը:  Լավ պայմանները` մշտական տաք ջրով եւ առանձին լոգարաններով սենյակները, որակյալ սնունդը, տեղեկատվական տեխնոլոգիաների գերժամանակակից ծրագրերը, մարզական ամենաարդիական հնարավորությունները ռազմամարզական վարժարանը կդարձնեն ամենամրցունակ ավագ դպրոցը:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տաղավարում տեղադրված մեծ էկրանին Դիլիջանի կենտրոնում Թումո-Բանակ ծրագրի շրջանակում կրթություն ստացող զինվորների լուսանկարներն են: Հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը նշում է՝ ծրագրին մասնակցում է 75 զինծառայող, ժամկետային զինծառայողներին ուսուցանում են 21-րդ դարի հմտություններ՝ «Թումո» կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով: Ծրագրում ներառված են համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում:  «Թումո Բանակ» ծրագրի համակարգող Ժիրայր Պէօճեքեանն էլ նկատում է. «Ութ շաբաթվա մեջ զինվորները գերազանցել են մեր  ակնկալիքները. յուրաքանչյուրը 8 վարժանք պիտի իրականացներ, բայց ունենք զինվոր, որ 23 վարժանք է կատարել: Հետաքրքրությունը մեծ է, եւ հաճախ իրենց ազատ օրն անգամ անցկացնում են կենտրոնում՝ հավելյալ վարժանքներ կատարելով»:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ«Այբ» ավագ դպրոցի տաղավարում առաջինը աչք են զարնում ԱՄՆ-ում մրցույթների մասնակցած ռոբոտները: Որոշները ռազմական բնույթ ունեն, օրինակ` ականորսիչ «Ոզնին»: Այն մշակել են դպրոցի սաները: Ռոբոտը թեթեւ է,  դաշտով անցնելիս ստեղծում է ականների տեղակայման էլեկտրոնային քարտեզ: Արժանացել է ABB-ի լավագույն ինժեներական լուծում մրցանակին:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸ«Քվանտ» վարժարանի սաներն էլ հպարտանում են իրենց նախագծած 10 հազար վոլտանոց «խլացնող» սարքով: Ասում են` կարող է ժամանակավորապես ճնշել հակառակորդի ռադիոէլեկտրոնային սարքերը: Երեխաների հետազոտական աշխատանքների արդյունքն այժմ կատարելագործվում է: «Քվանտ» վարժարանը դպրոցականների եւ քաղաքային ու հանրապետական օլիմպիադաների առաջատարներից է: Վարժարանի սաները փայլուն են հանդես գալիս մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների միջազգային օլիմպիադաներում: Բայց նաեւ զինվորական պատրաստության դասեր են անցկացնում ռազմամարզական հավաքների տեսքով: Ամառային քննություններից անմիջապես հետո վարժարանի 7-11-րդ դասարանների աշակերտները երկու շաբաթով մեկնում են ճամբար, որտեղ ապրում են զինվորական կյանքով:

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏԸԴՕՍԱԱՖ-ում էլ ոչ միայն կապավորներ ու վարորդներ են կրթում, այլեւ նոր ինժեներական մշակումներ են ստեղծում: Գրպանում տեղավորվող անօդաչու թռչող սարքը դասակի հրամանատարին հնարավորություն է տալիս 200 մետր հեռավորությունից հետազոտելու թշնամու դիրքը: ԴՕՍԱԱՖ-ի տնօրենի տեղակալ, գնդապետ Արա Մուրադյանը ասում է, որ սարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #16 (1187) 26.04.2017 - 02.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


26/04/2017