ՄԵՆՔ ԿԳԱՆՔ…
Խնուշինակ… Խոնաշեն… Արցախյան հնամենի գյուղը մի թեւը բացել է դեպի Ճարտար, մյուսը` Խոնաշեն գետի հովիտը: Շատ ազատամարտիկներ է տվել Ճարտարի եւ Գիշու միջեւ ընկած իմ բնօրրան Խնուշինակը արցախյան գոյամարտին, նրանցից մեկն էլ Միշա Երեմյանն է:
1950 թ. սեպտեմբերի 28-ին է ծնվել Միշան` Արամայիս եւ Աստղիկ Երեմյանների ընտանիքում: Երկրորդ արու զավակի հայր դարձած Արամայիսին աչքալուսանքի եկած հարեւանները որտեղի՞ց իմանային, որ մի օր հայրենիքի կանչով Միշան պիտի գա պաշտպանելու, թեւ ու թիկունք դառնալու համագյուղացիներին: Միշան լավ աշխատանք ուներ, ապահով կյանք, տաքուկ անկյուն, տուն ու տեղ, երկու զավակ: Նա թողեց այդ ամենը, քիմիական գործարանի ինժեների աշխատանքը… 1991 թվականին Նոր Հաճնի պաշտպանական ջոկատի կազմում եկավ Արցախ, կռվեց Կիչանի մատույցներում, 1992-ին արդեն Մարտունու պաշտպանական շրջանում վերանորոգում, մարտի էր ուղարկում տանկերը…
Զոհվելուց մեկ տարի առաջ ահա թե ինչ է գրել Միշան իր հարազատներին. «Սիրելինե՛րս, սուրբ է մեր պապական հողը, այն մեզնից խլել են ուզում, ուզում են ցույց տալ, թե մենք քոչվոր ենք, իրենք` բնիկ: Բայց ո՞վ կտա նրանց մեր հայրենին, այն հողը, որ ծնել ու սնել է մեզ, մեր նախնիներին: Այստեղ են հանգչում նրանց սուրբ աճյունները, այստեղ են մնացել նրանց սուրբ մասունքները: Ես չեմ վերադառնա Նոր Հաճն մինչեւ վերջին թշնամին դուրս չշպրտվի»:
Շատ էր ուրախացել Շուշիի ազատագրման համար, անչափ ոգեւորվել, որովհետեւ մշակույթի այդ կենտրոնը նորից հայինն էր, նորից ազատորեն ղողանջում էին Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու զանգերը: Եվ սրտի թրթիռով սպասում էր նաեւ Մարտունու շրջանի ամբողջական ազատագրմանը, բայց… Շուշիի ազատագրումից վեց օր անց` 1992 թ. մայիսի 15-ին, նա զոհվում է Նոր շենի պաշտպանության համար մղված մարտում: Միշայի մարմինը գտան ու գյուղ բերեցին 10 օր անց միայն` մայիսի 25-ին: Եղբորը հազիվ ճանաչեց Մավրիկը` նրա բաճկոնի գրպանում գտնելով մի քանի փաստաթուղթ: Խնուշինակում թթենիների մի պուրակ կա, այնտեղ գերեզմանատունն է: Մայիսյան մի օր Միշայի մահվան տարելիցին այնտեղ հավաքվել էր գրեթե ողջ գյուղը: Նրա տապանաքարի մոտ՝ խաչքարի գլխին, մի սպիտակ աղավնի էր թառել ու չէր հեռանում: Միշան կարծես հարություն էր առել, եկել էր հիշեցնելու հավաքվածներին` ո՛չ, չի կորչելու իր ժողովուրդը, որն Արարատ ունի հոգում, այն ժողովուրդը, որ գիտե խոյաշեն քանդակներ անել, մարդկանց նվաճել ոչ թե զենքով, այլ՝ ձիրքով… Եկել էր ասելու` մի՛ մոռացեք մեր դեմքերը, ապրողնե՛ր: Հարկ եղած դեպքում՝ մենք դարձյալ կգանք ու կխառնվենք պայքարին…
Խոնարհվում ենք հերոսի հիշատակի առջեւ:
ՆՈՒՆԵ ԹԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Ճակատագրեր