ԿՍՏԱՑՎԻ՞ ԹՈՒԼԱՑՆԵԼ ԻՐԱՆԸ
Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կապերի խորացմանը զուգահեռ, աշխուժանում են Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ շփումները: Էր Ռիադը փորձում է առավելագույն օգուտ քաղել Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններից՝ ակնկալելով, որ վերջինս կկարողանա կրկին թուլացնել իր տարածաշրջանային մրցակից Թեհրանին:
Ապրիլի վերջին Վաշինգտոն է ժամանել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը: Նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Էր Ռիադը Միացյալ Նահանգներն ընդունում է որպես «մահմեդականների իսկական բարեկամ»: Ի տարբերություն եվրոպական եւ ասիական մի շարք երկրների, նա նույնիսկ գովել է ներգաղթի տրամադրումը մերժող ցանկում մի շարք իսլամական երկրների հայտնվելը: Իր հերթին ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե միգրացիոն քաղաքականության սահմանափակումների իր որոշումները վերաբերում են միայն ահաբեկիչներին, այլ ոչ թե մահմեդականներին առհասարակ:
Երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացումը նկատելի էր դեռ մարտին: Նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման վերջին ամիսներին դրանք բավականին սառել էին, թեեւ երկու կողմերը շարունակում էին գործընկերներ մնալ նավթային եւ ռազմական ոլորտներում: Թրամփը Իրանն անվանել էր «ահաբեկչության թիվ մեկ երկիր», եւ այդ հայտարարությունը ոգեւորել էր Էր Ռիադին: Այս հանդիպմանը թե՛ նախագահը եւ թե՛ արքայազնը համաձայնել են, որ Իրանը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը: Նրանց մտահոգում է Թեհրանի միջուկային ծրագրերի վերսկսման հնարավորությունը:
Միաժամանակ, շարունակում է գործել Սաուդյան Արաբիայի նկատմամբ դեռ Բարաք Օբամայի ժամանակ ընդունված JASTA օրենքը, որը դատապարտում է ահաբեկիչներին սատարող երկրներին: Մանհեթենի Դաշնային դատարանում շարունակվում են սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 800 զոհերի հարազատների հայցադիմումի լսումներն ընդդեմ Էր Ռիադի: Արքայազնի հետ հանդիպման ժամանակ նախագահը չի անդրադարձել առկա խնդիրներին, բայց շեշտել է, որ անհրաժեշտ է վերականգնել նախկինում 400 միլիարդ դոլարի հասնող առեւտրաշրջանառությունը: Եվ եթե նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարում էր, թե Սաուդյան Արաբիան «մեկ օր էլ չի դիմանա առանց Միացյալ Նահանգների ռազմական աջակցության», ներկայումս նա խոսում է երկկողմ հարաբերությունների բարձր աստիճանի եւ գործընկերության մասին:
Ակնհայտ է, որ հարաբերությունների այս վերբեռնումը պայմանավորված է տարածաշրջանում Իրանի դերի բարձրացման նկատմամբ մտավախությամբ: Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո թե՛ Սաուդյան Արաբիան եւ թե՛ Իսրայելը ջանքեր չէին խնայում, որպեսզի նոր ձեւավորվող վարչակազմը տրամադրեին Թեհրանի դեմ: Եվ, փաստորեն, որոշակիորեն հաջողել են: Սակայն Իրանին սանձելու հեռու գնացող ծրագրերում Էր Ռիադին խիստ խանգարում է ռուս-իրանական գործընկերությունը տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ:
Հակաիրանական ոչ պաշտոնական դաշինքի մասին խոսվել է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Էր Ռիադ այցի ժամանակ: Սաուդյան Արաբիան Ադրբեջանին ռազմական եւ այլ աջակցություն է ցուցաբերելու՝ դրանով իսկ վտանգելով Իրանի հյուսիսային սահմանները: Սակայն Թեհրան կատարած այցի ժամանակ Հասանովին պարզ հասկացրել են՝ չպետք է խառնվել Իրանի ու Պարսից ծոցի երկրների հարաբերություններին, իրանական կողմը չի հանդուրժի որեւէ երրորդ կողմի ներգրավվածություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ ակնարկելով Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային: Հակադրվելով Վաշինգտոնի եւ Բաքվի հետ Էր Ռիադի կապերի սերտացմանը՝ Թեհրանն ավելի կզարգացնի եւ կընդլայնի համագործակցությունը Մոսկվայի եւ Երեւանի հետ:
Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Ռազմաքաղաքական