Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԶ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ



ՄԵԶ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ«Եկեղեցին առաջին հայացքից հմայեց ինձ, ուղղակի ցնցեց իր գեղեցկությամբ: Նա արտաքինից վարդ է հիշեցնում՝ շնորհիվ վարդագույն, կարծր քարատեսակի: Առաջին իսկ հայացքից իմ սիրտը խոցվեց նրա չքնաղ, հպարտ, բայց վշտահար տեսքից: Երեւի հենց այդ էր պատճառը, որ նա ինձ հարազատ դարձավ: Սրբավայրը լիովին խորհրդանշում էր իմ ազգի ճակատագիրը: Ոչ ոք չգիտեր այդ եկեղեցու պատմությունն ու անունը: Ուստի ես ինքս ինձ համար փաղաքշորեն անվանեցի Վարդ եկեղեցի: Միայն մեր առաջին հանդիպումից տասնութ տարի անց, երբ՝ որպես hայոց բանակի սպա, հատուկ առաջադրանք կատարելու համար նորից հայտնվեցի Ոսկեպարում, կարողացա ճշտել` եկեղեցին կառուցվել է VII դարում եւ կոչվում է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի…»:

 

Երբ մեզ պատերազմ պարտադրվեց, հայ դյուցազունները ելան մարտի՝ ապավինելով սեփական բազկին՝ հույսը Աստծու վրա դրած: Նրանք մասնակցեցին թեժ մարտերի, ազատագրեցին Արցախ աշխարհը՝ բերդաքաղաք Շուշիով: Ազատագրվեց նաև Ոսկեպարը՝ իր «Վարդ-եկեղեցիով»: Եվ հիմա նրա գմբեթին վեր է հառնել Հայ Առաքելական եկեղեցու խաչը: Այս հերոսական դրվագը լավագույնս արտացոլվել է հայոց բանակի սպա, հետախույզ, որն իր զինվորական մկրտությունն Արցախյան պատերազմում է ստացել, քանդակագործ Գևորգ Վարդումյանի «Սրբավայրի ազատագրումը» հուշապատումում:

…ՀՀ զինված ուժերի Հատուկ նշանակության զորամասի տարածքում կա մի հուշարձան՝ նվիրված զորամասի այն հերոս տղաների հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Հուշարձանի ետևի մասում  փորագրված են հետևյալ տողերը. «Կռվողին հաղթել չի լինի: Միայն այն ժամանակ ենք պարտվել, երբ դադարել ենք կռվել»: Ես երկար նայում եմ քարեղեն աղոթքի նմանվող այդ հուշարձանին և մտաբերում ականավոր երգիծաբան, Վանի հերոսամարտի մասնակից Լեռ Կամսարի խոսքերը. «Յուրաքանչյուր հայի մեջ չար Բելին հաղթող Հայկ Նահապետ է նստած»: Եվ այդ հաղթական ոգին արվեստագետ զինվորականն արտահայտել է վիշապօձին խեղդող բազեի կերպարով: Հուշարձանը միաժամանակ սթափեցնող կոչ է, որ մեր ազատամարտն ավարտված չէ: Հենց այդ գիտակցումով Գևորգ Վարդումյանը տարիներ առաջ եկավ Հայաստան և իր մասնակցությունը բերեց Արցախի պաշտպանությանը: Որտեղ հնարավոր էր՝ իր զինակից ընկերների հետ հաղթեց զենքով, իսկ որտեղ դժվար էր օտարին բացատրել մեր ցավն ու պայքարը՝ իր խոսքն ասաց արվեստի միջոցով: Քանդակագործ Գևորգ Վարդումյանի ստեղծագործությունները հայտնի են աշխարհի տարբեր անկյուններում: «Պարտիզանի հուշարձանը»՝ 3 մետր բարձրությամբ, տեղադրված է Բելառուսի Գոմելի մարզում: Արվեստագետ զինվորականի գործերից են «Արթնացող Աստվածուհին», «Վիրավոր վագրը» և այլն:

-Երբ սկսվեց 1988-ի Արցախյան շարժումը, սովորում էի Մոսկվայի Ժողովրդական արվեստի համալսարանի քանդակագործության բաժնում,-պատմում է կապիտան Վարդումյանը: -Մասնավոր դասեր եմ ստացել հայտնի արվեստագետների մոտ: Ուսուցիչս եղել է աշխարհահռչակ քանդակագործ Գալինա Ժելեզնյակովան: Նա եղել է Հայաստանում և անչափ տպավորվել է մեր երկրից. 20 օրվա ընթացքում նա հասցրել է շրջել Հայաստանի գրեթե կեսը: Հետագայում իր արվեստանոցի պատերին փակցրել էր Հայաստանի բնաշխարհի պատկերները, որով հիանում էին իր մոտ եկող-գնացող արվեստագետները: Նրա հիշողության մեջ վառ էր տպավորվել այն պահը, երբ իրեն ուղեկցեցինք Գեղարդ, ընկերներիցս մեկը (Գևորգյան հոգևոր ճեմարանի սան) խաչակնքեց և սկսեց երգել միջնադարյան հայկական շարական: Գերմանացի զբոսաշրջիկներ հավաքվեցին մեր շուրջը: Այս  տեսարանը միշտ հիշում և պատմում էր իր բոլոր ընկերներին. «Եթե մարդու հոգում այդքան մեծ ուժ կա, ուրեմն Աստծու զորությունը կա Հայաստանում»: Արցախյան պատերազմն սկսվելուց հետո այլևս չտեսա նրան:

ՄԵԶ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄԿապիտան Վարդումյանն ասում է՝ մենք հաղթեցինք, քանի որ արդար էր մեր կռիվը, և կային ոգեղեն հզոր ուժի տեր հայորդիներ:

-Օրինակ՝ նկարիչ Հուսիկը: Հագին անգամ կոշիկ չկար: Բայց նա իր վերջին գումարով զենք էր հայթայթում և ուղարկում ազատամարտիկներին:

Անմոռանալի է Ոսկեպարի ազատագրումը:

-Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ է: Տղաները մեծ ջանքերի գնով կարողացան պահել դիրքերը… Ոսկեպարն այսօր էլ թշնամու ամենօրյա գնդակոծության տակ է, բայց դրանից անգամ փոքր երեխաների ոգին չի կոտրվում: Մեր նոր սերունդը չափազանց քաջ է: Նրանց հերոսությանը ականատես եղա ապրիլյան պատերազմում: Ինքս էլ չէի պատկերացնում, թե որքա՜ն մեծ ուժ կա նոր սերնդի մեջ:

1980-ական թթ. վերջերին Գևորգ Վարդումյանը Մոսկվայում իր ընկերների հետ սկսեց արևելյան մարտարվեստ ուսանել մի չինացի վարպետի մոտ: Հետո արդեն կամավորական ջոկատի կազմում ռազմական գիտելիքներ ձեռք բերեց: Սպորտը, մարտարվեստը Գևորգ Վարդումյանի համար դարձավ մասնագիտություն: Հիմա նա իր փորձն  ու գիտելիքներն է փոխանցում նոր սերնդին:

-Շատ եմ ուզում, որ հայ սպան լինի բազմակողմանի զարգացած, ինքնակատարելագործվելու և նոր մասնագիտություններ յուրացնելու հնարավորություն ունենա, որպեսզի ծառայությունն ավարտելուց հետո էլ կարողանա ներդրում ունենալ երկրի զարգացման գործում,-ասում է կապիտանը:

Զինվորական համազգեստի պատիվը բարձր պահող սպան երեք դուստր ունի՝ Սոսե, Ծովինար և Մարիամ:

-Ես համոզված եմ, որ հայ կինն  ավելի բարդ  ու դժվարին առաքելություն է իրականացնում՝ վառ պահելով օջախի ծուխը և սերունդ դաստիարակելով: Փա՜ռք Աստծու, ունենք հրաշալի տղաներ, որոնք փայլուն գիտեն ռազմական գործը և իրենց դերն անթերի են կատարում,-նշում է սպան:

Որպես մեր նորագույն պատմության հերոսական իրադարձությունների մասնակից և ականատես՝ Գևորգ Վարդումյանը ձեռնամուխ է եղել նոր գրքի ստեղծման աշխատանքներին՝ «Ժայռ-ամրոցը» վերնագրով:

-Արցախյան պատերազմում Հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը լիարժեքորեն չի լուսաբանվել: Մինչդեռ ես ինքս եմ տեսել մեր զորամասի տղաների արած գործերը: Նրանք այնպիսի օպերացիաներ են իրականացրել, որոնք դասագրքային օրինակներ են ռազմական կրթության համար: Հիշատակեմ մի դրվագ. մենք կարողացել ենք մտնել թշնամու թիկունք և ազատագրել կարևոր նշանակության դիրքեր: Մեր առջև դրված խնդիրը կատարել ենք առանց զոհերի և վիրավորների, մինչդեռ թշնամին բազմաթիվ կորուստներ ուներ: Մեկ այլ օրինակ. հրաշագործ բժիշկ Կարեն Բարսեղովիչը մոմի լույսի տակ կատարում էր բարդագույն վիրահատություններ: Այդպես նա կարողացավ հավաքել եղբորս՝ հրազենից փշրված արմունկը… Եվ ես ուզում եմ, որ այս պատմությունները ներկայացվեն ապագա սերունդներին,-ասում է նա:

Թերթում եմ Գևորգ Վարդումյանի «Սրբավայրի ազատագրումը» հուշապատումի էջերը: Եվ նորից իմ մեջ արթնանում է այն զգացումը, որ մենք պարտք ունենք մեր հերոսներին տալու, պատասխանատու ենք ա՛յն տղաների առաջ, ովքեր ընկան կռիվներում և դարձան հավերժի ճամփորդ: Եվ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Գևորգ Վարդումյանի՝ դեռևս 2010 թ.-ին գրած այս տողերը դառնում են կարևոր խորհուրդ յուրաքանչյուր զինվորի ու շարքային քաղաքացու համար.

-Մեր կռիվը վերջացած չէ: Մեզ նոր, մեծ հաղթանակներ են սպասվում:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Ազգային բանակ


17/05/2017