ՃՇԳՐԻՏ ԽՈՑՈՒՄ
3-րդ բանակային զորամիավորումում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն ենթակա բոլոր զորամասերի հրամանատարական կազմերի ներգրավմամբ: Զորավարժության նպատակը ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանը, սպայակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելն էր, մարտականին մոտ իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու կարողությունը զարգացնելը, ինչպես նաեւ մասնակից անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելը:
Անցկացվեցին տարատեսակ միջոցառումներ՝ խորհրդակցություններ, լսումներ, ներկայացվեցին օպերատիվ իրավիճակին համապատասխան որոշումներ ու առաջարկներ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի անդամներն ստուգեցին կենտրոնացման շրջաններում բացազատված ստորաբաժանումների կողմից զորավարժության պլանի համաձայն կատարվող միջոցառումների իրականացումը, անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնություն ցուցաբերեցին:
Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում անցկացվեց նաեւ գնդային զորավարժություն, որի ընթացքում ռազմերթով կենտրոնացման շրջան տեղափոխված գնդի անձնակազմը մարտական խնդիր ստացավ: Փոփոխվող օպերատիվ իրավիճակի պայմաններում տեղեկություն ստացվեց, որ պայմանական հակառակորդի առաջավոր խմբերը որոշակի տեղանքում փորձում են ամրանալ՝ օդային մարտավարական դեսանտի իջեցումն ապահովելու համար: Զորամասի գումարտակներից մեկը ռազմերթ կատարեց դեպի նախանշված շրջան եւ ընթացքից մարտի բռնվեց պայմանական հակառակորդի հետ: Օգտագործելով հանկարծակիության գործոնը՝ մեր ստորաբաժանումը սրընթաց գրոհ կատարեց, կրակային ճշգրիտ խոցմամբ ոչնչացրեց հակառակորդի կրակակետերը:
Զորավարժության արդյունքներն ամփոփելուց հետո որոշակի հետեւություններ կարվեն, արձանագրված թերացումները շտկելու նպատակով կտրվեն համապատասխան ցուցումներ: Սակայն հիմա արդեն պատասխանատուները փաստում են՝ հատկապես կրակային փուլի ընթացքում ամրապնդվեց ստորաբաժանման զինծառայողների փոխգործակցությունը եւ դաշտային վարժվածությունը, բոլոր օղակների հրամանատարները ղեկավարման անփոխարինելի փորձ ձեռք բերեցին: Դրան նպաստեց նաեւ վարժանքների ընթացքում հավանական մարտական իրավիճակներում գործելու նորովի մոտեցումների կիրառումը:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում