Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՇԱՆԱԿԱԼԻ ՀՈԲԵԼՅԱՆ



ՆՇԱՆԱԿԱԼԻ ՀՈԲԵԼՅԱՆ«Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրականերիտասարդական կենտրոնը շատերին է հայտնի: Հայտնի է նաեւ, որ նրա հիմնադիր Գեւորգ Գեւորգյանը 14 տարեկանից կամավորագրվել է արցախյան ազատամարտին: Նրա հիմնադրած կենտրոնի մասին բազմիցս գրվել ու խոսվել է, փաստագրական ֆիլմ եւ տեսաֆիլմեր են նկարահանվել: Զինադադարի կնքումից հետո էլ Գեւորգին հանգիստ չեն տվել մտորումները մարտարվեստի ազգային ակունքների մասին: Նա եկել է այն եզրահանգման, որ, ինչպես  արեւելյան մյուս մարտարվեստների դեպքում է, հայկական այբուբենի տառերը նույնպես հուշումներ են մարդու մարմնի, մտքի եւ հոգու եռամիասնության, ներդաշնակ զարգացման հնարավորությունների մասին: Այսպես հիմնվեց հայկական Գեւորգյան մարտարվեստը, որն այսօր արդեն բազմաճյուղ ուսուցման համակարգ է: Այստեղ բուն` հայկական մարտարվեստի ուսուցման դասընթացներին զուգահեռ`  ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի ֆիզիկապես ամուր եւ ճկուն, ազգային ոգով դաստիարակությանը, անցկացվում են մարտականռազմական, առողջարարական դասընթացներ, որոնցում սաներն ստանում են մարտավարական բազմակողմանի գիտելիքներ ու հմտություններ, առողջ ապրելակերպի ուղենիշներ:

Այսօր արդեն հայկական Գեւորգյան մարտարվեստին ծանոթանալու, այս կենտրոնում ուսանելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան են ժամանում բազմաթիվ այլազգիներ եւ հաճույքով ներգրավվում դասընթացներին:

Մայիսի 23-ին «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրականերիտասարդական կենտրոնը նշեց իր հիմնադրման 5-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանը, Արցախի հերոս Արկադի ՏերԹադեւոսյանը, ռազմական եւ հասարակական մի շարք անվանի գործիչներ: 

Հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքով, ծանոթացան դրա առանձնահատկություններին եւ հնարավորություններին, այնուհետեւ դիտեցին «Գեւորգյան մարտարվեստի դպրոցի» մասին պատմող տեսահոլովակները: Կրթահամալիրի սաները պատվավոր հյուրերին ցուցադրեցին իրենց կենտրոնի հնգամյա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները:   

Ողջունելով սաներին ու միջոցառման մասնակիցներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարեւորեց կենտրոնի դերը առողջ ապրելակերպով եւ ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտասարդների ձեւավորման գործում: Շնորհակալություն հայտնելով կատարված հետեւողական աշխատանքի համար` Վիգեն Սարգսյանը մասնավորապես նշեց. «Շատ կարեւոր է, որ բոլոր ուղղություններով կարողանանք միջազգայինի համայնապատկերում տեսնել ու առանձնացնել մեր ազգայինը եւ դրա վրա կառուցել սերունդների դաստիարակությունը: Սա հենց այն է, ինչ անում է այս մարտարվեստի դպրոցը: Մենք կքննարկենք այս փորձը ինչպես ռազմահայրենասիրական դաստիարակության, այնպես էլ երիտասարդ սերնդի ֆիզիկական պատրաստության կազմակերպման գործում ավելի լայնորեն կիրառելու հնարավորությունները»:

Այնուհետեւ միջոցառումը շարունակվեց դահլիճում, որտեղ «Ազգբանակ» կոնցեպտի շուրջ ծավալված քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց գաղափարի շրջանակներում մշակված ծրագրերն ու դրանց նպատակները: ՀՀ պաշտպանության, գիտության եւ կրթության նախարարները պատասխանեցին հանդիպման մասնակիցների հարցերին:

Ք. Թ.

Խորագիր՝ #21 (1192) 31.05.2017 – 06.06.2017, Բանակ և հասարակություն


31/05/2017