Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ



ԶԻՆՎՈՐԻ ՆԱՄԱԿԸՀՀ զինված ուժերի զորամասերից սփյուռքի 25 պետություններում ապրող 74 ուսումնական հաստատությունների սաներին ուղղվել է 1271 նամակ: Առաջիկա մի քանի համարներում կտպագրենք դրանցից մի քանիսը:

 

Բարեւ, սիրելի՛ Մարիա ջան, քո նամակին պատասխանում է գումարտակից սերժանտ Հարթենյան Արտյոմը: Սիրելի՛ Մարիա, ես շատ ուրախ եմ, որ քո բարեմաղթանքներին ես եմ պատասխանելու:

Սիրելի՛ Մարիա, մենք այստեղ հսկում ենք մեր սահմանները, որպեսզի մեր մայրերը, հայրերը, մեր բոլոր հարազատները, ինչպես նաեւ` ամբողջ հայ ժողովուրդը հանգիստ կարողանա գլուխը դնել բարձին: Ես շատ հպարտ եմ, որ իմ հայրենիքի սահմանն եմ հսկում: Ես շատ ուրախ եմ, որ դո՛ւ, սիրելի Մարիա, մեզ հիշել ես Իսպանիայից եւ մտածում ես մեր մասին ու անհանգստանում մեզ համար: Մարիա ջան, Հայաստանը պաշտպանելը այդքան էլ հեշտ չէ, բայց մեր խիզախ զինծառայողների, գրագետ սպաների շնորհիվ մեր երկիրը հիմա շատ հզոր բանակ ունի: Մարիա ջան, եթե մի օր այցելես Հայաստան, անպայման մեզ հյուր արի եւ կհամոզվես, թե ինչ ամուր եւ հզոր բանակ ունենք:

Շնորհակալություն՝ մեզ հիշելու համար:

 ***

 Զինվոր եմ, երկու ամսից կզորացրվեմ: Քսաներկու ամսում տեսել եմ հնարավոր ամեն դժվարություն, սակայն այդ ամենը մնացել են եւ կմնան իմ հաջողությունների եւ ձեռքբերումների ստվերում:

Պատվով կրում եմ համազգեստս եւ գիտեմ, որ «դրսում» ինձնով հպարտանում են ծնողներս, սիրածս աղջիկըԱրձակուրդ եկած ժամանակ իմ քաղաք Երեւանում շրջել եմ համազգեստով, որպեսզի զգամ այն ջերմությունը, որը ժողովուրդը տածում է հայ զինվորի նկատմամբ:

Նայե՛ք մեզ, ամենքս հասարակ երիտասարդներ ենք. մեկս` խելացի, մեկս` ժիր, մեկը` համեստ, մյուսը` հումորով, մյուսը` ուժեղՃակատագրական ու բախտորոշ պահերին նման տղերքին է վիճակված մարտիրոսվելու ու իրենց կյանքի գնով ապրեցնելու կյանքեր:

Ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչ մարդկային կյանքերով էլ լինի, մենք` զինվորներս, առաջինն ենք կասեցնելու ոսոխի առաջխաղացումը եւ այն հողը, ուր թափվել է մեզ նման տղերքի արյունը, երբեք ու երբեք թշնամին ոտնակոխ չի անի

Մենք` զինվորներս, հենց մենք ենք տերը այս հողի, այս լեռների, մենք ենք տերը ազատ Արցախի ու համայն Հայաստանի ապագայի

 ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ

 ***

 Պատիվ ունեմ հայոց բանակում զինվոր լինելու,

Պատիվ ունեմ հայ ժողովրդիս ծառայելու,

Պատիվ ունեմ հայրենիքիս պարտքը հատուցելու

Հայրենիքը հայն է, որն իր մեջ է առել հաղթական ինքնագիտակցություն ունեցող զավակի արյունը:

Հայրենիքը երկնակամարն է հայոց հողի վրա, ուր առկայծում են աստղ դարձած քաջարիները:

Ամուր են մխրճված մեր արմատները այս քարաշխարհում, այնքան խորն ու հաստատուն, որ ժայռերն անգամ ծաղկում են ու փթթում:

Մերն է այս հրաշքը, մենք ենք տերը այս հրաշքի:

Դու ես մեր պահապան աստվածը, Արարա՛տ լեռ: Մեր երկրի տերը:

Արարատը զանգ է հնչեցնում ի լուր աշխարհի, որ լսեն հայերը ու հավատան, որ միասնական լինելով՝ հազարապատիկ հզոր ենք ու աննվաճ: Լսեցեք զանգի ղողանջները:

Տե՛ր եղեք, եւ ես տեր եմ,- գոչում է Արարատը:

Եվ մենք` Հայրենիքի ու Սփյուռքի անձնվեր զավակներս, խոնարհվում են քո քարին ու ջրին ու երդվում, որ տերն ենք մեր սուրբ Լեռնաշխարհի

 ՍՈԿՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Բանակ և հասարակություն


07/06/2017