ՄԱՅԻՍԻ 31-Ը՝ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
Ծխախոտի կործանարար ազդեցության մասին շատ է գրվել եւ խոսվել: XX դարի երկրորդ կեսին գիտնականների բազմաթիվ հետազոտություններ հաստատեցին, որ ծխելը մեկն է այն պատճառներից, որ նպաստում է տարբեր տեսակի հիվանդությունների առաջացմանը եւ դրանց ընթացքի բարդացմանը:
Ծխախոտի ներս քաշված ծուխը արդեն իսկ բերանում առաջին «գրոհն է ձեռնարկում»` ազդելով ատամի էմալի վրա:
Ծխախոտի թունավոր ծխից առաջանում է լեզվի, լնդերի քաղցկեղ: Մոլի ծխողներին մշտապես անհանգստացնում է հազը, կոպիտ ձայնը: Ծխի ազդեցության տակ աստիճանաբար տեղի է ունենում բրոնխները ծածկող բջիջների վերասերում: Ուռուցքաբանները թոքերի քաղցկեղի հիմնական պատճառը համարում են ծխախոտը: Ծխախոտի երկարատեւ օգտագործումից վատանում է տեսողությունը, լսողությունը, ծխախոտի նկատմամբ բավականին զգայունակ է նաեւ նյարդային համակարգը: Ծխողները գանգատվում են արագ հոգնելուց` դյուրագրգռությունից, գլխացավերից:
Ծխախոտի բացասական ներգործությունը մարդու օրգանիզմի վրա բավականին բազմազան է, դժվար է նշել որեւէ համակարգ կամ օրգան, որին վնաս չհասցնի «երկնագույն օձը», որի մեջ, բացի սիգարետի թղթի քիմիական բաղադրությունից, առկա են առողջությանը վտանգող շուրջ 50 քաղցկեղածին միացություններ:
Սոցտվյալների համաձայն՝ միայն 20-րդ դարում ծխելու հետեւանքով մահացել է 100 մլն մարդ: Ամեն 6 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ է մահանում ծխելուց:
Ծխելու դեմ պայքարն ու պատժամիջոցները
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը, մայիսի 31-ը հռչակել են «Աշխարհն առանց ծխախոտի» օր:
Հազիվ թե գտնվի մի մարդ, անգամ մոլեռանդ ծխող, որ համոզված չլինի ծխելու վտանգավորության մեջ: Միեւնույն ժամանակ, քչերը գիտեն, որ պայքարը դրա դեմ սկսվել է շատ վաղուց: Աշխարհի բոլոր երկրներում ծխելու դեմ պայքար մղելու համար դիմել են ամենատարբեր միջոցների:
Իսպանական Իզաբելլա Կոստիլիացի թագուհին (1451-1504), որ հռչակված էր իր բարեպաշտությամբ, առաջինը հրամանագիր արձակեց, որում նշված էր, որ պետք է խստորեն դատապարտել նրանց, ովքեր ծխախոտաբույս են օգտագործում:
Առաջին ծխամոլը Կոլումբոսի զինակիցներից մեկն էր. ինկվիզիտորները նրան դատապարտեցին 10 տարվա տաժանակրության, քանի որ, ըստ սուրբ հայրերի, ծուխը բերանից եւ քթից կարող էր դուրս հանել միայն նա, ում մեջ բնակություն է հաստատել սատանան:
♦♦♦
Իսկ ահա 1526թ. ինկվիզիցիայի դատարանը ծխողին առաջին անգամ դատապարտեց ցմահ բանտարկության, այդ տառապյալը իսպանացի Ռոդրիգո դե Խորեսն էր:
1600թ. պարսից շահ Աբասի հրամանով կտրում էին ծխելիս բռնված մարդկանց շուրթերը, իսկ ծխախոտ վաճառողին այրում էին խարույկի վրա: Հնդկաստանում, Պարսկաստանում ծխողներին պատժում էին գլխատելով կամ ցցերի վրա նստեցնելով:
Անգլիայում Հակոբ I Ստյուարտը 1603թ. հրաման արձակեց դաժանորեն պատժել, անգամ մահապատժի ենթարկել ծխողներին:
Ծխելու դեմ մղված պայքարին ակտիվորեն մասնակցում էր եկեղեցին: Ուրբան 7-րդ պապը ծխելու սիրահարներին սպառնում էր եկեղեցու անեծքով:
18-րդ դ. Ալեքսեյ Միխայլովիչ ցարի օրենսգրքով հրամայված էր բոլոր նրանց, որոնց մոտ ծխախոտ հայտնաբերվեր, մտրակով անխնա ծեծել այնքան ժամանակ, մինչեւ ծխողը խոստովաներ, թե որտեղից է ծխախոտ գտել:
Ծխախոտի վաճառքով զբաղվող վաճառականներին դաժան կտտանքների ենթարկելուց հետո աքսորում էին հեռավոր վայրեր:
♦♦♦
Այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում պայքար է մղվում ծխողների դեմ, ու չնայած նախազգուշացումներին, միեւնույն է, ծխողների թիվը գնալով ավելանում է:
Ռուսական մի լավ ասացվածք կա. գուցե մի քիչ դաժան հնչի, բայց գուցե նաեւ սթափեցնի. «Յուրաքանչյուր ծխած գլանակ սեփական դագաղին խփված մի մեխ է»:
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Հոգևոր-մշակութային