ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ
Այս շաբաթ ավարտվեց հակատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքը, որի շրջանակում զինծառայողներին հնարավորություն ընձեռվեց գործնականում կիրառելու եւ ամրապնդելու ստացած տեսական գիտելիքները։
Գլխավորը ճիշտ նշանառությունն է ու թիրախի անվրեպ խոցումը. այս սկզբունքով էլ հակատանկային զորամասի զինծառայողները մասնակցում էին մարտական հրաձգությամբ զորավարժությանը:
Շուրջ մեկ ամիս տևած ճամբարային հավաքի ավարտին անցկացված մարտավարական զորավարժության նպատակը արդյունքներն ամփոփելն էր ու գիտելիքները ամրապնդելը, զորամասի մարտական պատրաստությանն ընդհանուր գնահատական տալը: Բացի այդ, նմանատիպ կրակային զորավարժությունների ընթացքում երևան են գալիս այն թերություններն ու հնարավոր բացթողումները, որոնց շտկման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև ընթացիկ ուսումնական փուլի ավարտական քննությունները:
Ժամկետային զինծառայող Էդվարդ Ենոքյանի խոսքերով՝ «Երբ հրանոթը կրակելու պահին գրեթե ուսիդ բարձրությանն է հասնում, անհամբեր սպասում ես, որ փոշին ցրվի, և տեսնես՝ խոցե՞լ ես նշանակետը, թե՞ ոչ: Դա մարտական հրաձգության ժամանակ ամենաուժեղ և հաճելի զգացողությունն է»:
♦♦♦
Հարկ է նշել, որ այս զորավարժությունն առանձնացավ դասակի հրամանատար, լեյտենանտ Նունե Ասատրյանի մարտական հաշվարկի ներգրավմամբ։ ԶՈՒ պատմության մեջ առաջին անգամ իգական սեռի ներկայացուցիչը մարտական կրակ իրականացրեց «Շտուրմ–Էս» հակատանկային համալիրից։
–Շատ եմ սիրում այս տեխնիկան՝ արգելքները հաղթահարելու հնարավորությունները, օպտիկայի հզորությունը, կրակը: Մի խոսքով, դրա հետ կապված ամեն ինչ:
Նունեն նշեց, որ կին զինծառայողները տղամարդկանց հավասար ծառայություն են իրականացնում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում, և նկատում է՝ ամենակարևորն այստեղ կամային հատկանիշներն են:
–Ես աղջիկներին խորհուրդ կտայի ռազմական կրթություն ստանալ, բայց միայն նրանց, ովքեր վստահ են իրենց ուժերին, ամուր կամք ունեն:
Զորավարժության ավարտին ակնհայտ դարձավ, որ ստորաբաժանումները պատրաստ են հարկ եղած դեպքում արագ արձագանքելու և նախանշված ժամանակահատվածում կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:
ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանն այսպես գնահատեց զորավարժության արդյունքները.
–Զորավարժության նպատակը լիովին իրագործված է, արդյունքները՝ զգալի: Մեծ աշխատանք է կատարվել: Այսօրվա զորավարժության ընթացքում ցույց տրվեց պատրաստության բարձր մակարդակ»:
Ընդհանուր առմամբ` զորավարժությունը հակատանկային ստորաբաժանման զինանձնակազմին առավել արդյունավետ գործելու, իր արհեստավարժությունը կատարելագործելու հնարավորություն ընձեռեց: Բացի այդ, զորավարժությունը կարևոր միջոց էր՝ զարգացնելու ստորաբաժանման զինծառայողների փոխգործակցելու ունակությունն ու համատեղ աշխատելու արդյունավետությունը:
ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Ազգային բանակ