Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԴԻՐՔՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌ ՄՆԱՆ



ՄԵՆՔ ԴԻՐՔՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌ ՄՆԱՆԶորամասից մարտական հենակետ տանող ոլորապտույտ ճանապարհին եղանակը մի քանի անգամ փոփոխվում է. պայծառ արևին փոխարինելու է գալիս տեղատարափ անձրևը, կարկուտը: Մեր վարորդը` ժամկետային զինծառայող Հայկը, որն իր գործի վարպետն է, ճարպկորեն մեքենան վարում է կիրճի եզրով՝ հաղթահարելով ճանապարհի ամենադժվարանցանելի հատվածները: Ստորաբաժանման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Վահե Սաղաթելյանը, որ այդ օրն ուղեկցում է ինձ, բացատրում է. «Ամեն դիրք յուրահատուկ է իր նշանակությամբ: Այս դիրքը, ուր գնալու ենք, հակառակորդին իշխող դիրքերից մեկն է: Հակառակորդի գյուղը գտնվում է անմիջապես դիրքի ներքևում:

Հենակետի անձնակազմը լավ պատրաստված է: Դիրքի ավագը` ավագ սերժանտ Միսակ Գրիգորյանը, աչքի է ընկնում իր  բարձր մարտական պատրաստվածությամբ, հաճախ խրախուսվում է հրամանատարության կողմից: Դիրքում հերթապահում են ժամկետային զինծառայողները. տղաների ոգին բարձր է, հստակ գիտեն մարտական հերթապահության ընթացքում իրենց խնդիրները»:

ՄԵՆՔ ԴԻՐՔՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌ ՄՆԱՆՀարցիս, թե՝ ի՞նչն է հատկապես կարևոր մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարձր բարոյահոգեբանական վիճակն ապահովելու գործում, մայոր Սաղաթելյանը պատասխանում է.

Առաջնագծի մեր սահմանները գծված են նաեւ ազատամարտիկների արյունով: Ամենակարևորն այն է,  որ զինվորը հասկանա իրեն վիճակված այսքան թանկ սահմանի  պաշտպանության արժեքը:

Բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու գործում նա կարևորում է հատկապես հրամանատարների դերը:

Մենք առաջնագծում ենք, գործ ունենք զենքի և մեր վաղեմի հակառակորդի հետ: Պետք է հստակ պահպանենք անվտանգության կանոնները, իսկ դրա համար զինվորները պետք է շատ լավ հրահանգավորված լինեն: Հրամանատարությունը հստակ աշխատում է այս ուղղությամբ, և փառք Աստծու, անցանկալի դեպքեր չեն լինում:

Հասնում ենք հենակետ, որտեղ մեզ  դիմավորում է դիրքի ավագ, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Միսակ Գրիգորյանը: Ժամկետային զինծառայությունն էլ մարտական հենակետում անցկացրած զինվորականը վստահ է՝ «Զինվորը պետք է առաջին գծում ծառայի. նա այստեղ անշուշտ ավելի շատ բան կսովորի: Զորացրվելուց հետո էլ, եթե հանկարծ, Աստված չանի, կռիվ եղավ, արդեն հստակ կիմանա` ինչը ինչպես և ինչից հետո  է պետք անել, ոգին էլ ավելի բարձր կլինի»:

Ասում են, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը: 

Հայրենիքն ինձ համար ընտանիքից է սկսվում: Հայրենիքիդ սահմանները պաշտպանելով` առաջին հերթին ընտանիքդ  ես պաշտպանում: Բոլոր ընտանիքների գումարն էլ հենց հայրենիքն է: 

Ներքևից` գյուղից ենք գալիս և  գյուղացիների  հետ դիրքապահների մասին էինք զրուցում, ասում են. «Գիշերները հանգիստ ենք քնում, որովհետև հավատում ենք մեր պաշտպաններին»:

Դա անկասկած ավելի է զգոն դարձնում բոլորիս: Շատ ուրախ եմ, որ գյուղի լույսերը վառ են, և գյուղացիները հանգիստ քնում են: Մենք այստեղ կանգնած ենք, որ գյուղի լույսերը վառ մնան: Իմ հենակետի մասին կարող եմ ասել, որ մարտական ոգին շատ բարձր է: Տղաները մեծ ոգևորությամբ են առաջնագիծը պահում:

Ավագ սերժանտ Գրիգորյանը մեզ ուղեկցում է դեպի դիտակետերից մեկը: Հերթափոխը հանձնող զինվորը զեկուցում է. «Պարո՛ն ավագ սերժանտ, մեր հերթապահության ընթացքում հակառակորդի կողմից շարժ չի նկատվել: Ավագ դիտորդ, սերժանտ Սերոբյան»: «Հերթափո՛խ, քայլով մա՛րշ»,- հրամայում է դիրքի ավագը:

Հերթափոխը հանձնելուց հետո զրուցում եմ  կրտսեր սերժանտ Կառլեն Սերոբյանի հետ:

Օրեր են մնացել ծառայությանս ավարտին,- ասում է Կառլենը, որի երեսից ժպիտը չի իջնում:-Ուրախ եմ, որ շուտով տեսնելու եմ հարազատներիս. անկեղծ ասած՝ շատ եմ կարոտել: Վերադառնալով՝ անմիջապես կշարունակեմ ուսումս. սովորում եմ տնտեսագիտական համալսարանի երկրորդ կուրսում: 

Հարցիս, թե՝ ի՞նչ է տվել երկու տարվա ծառայությունը, պատասխանում է. «Ամենակարևորը՝ ինքնուրույնությունն է, սեփական ուժերիդ վրա վստահ լինելը,-Կառլենի դեմքի արտահայտությունն արդեն լիովին փոխվել է. երիտասարդի դեմքը լուրջ է ու խոհուն,- Ընդհանրապես, դիրքային ծառայությունը գերադասում եմ զորամասայինից: Այստեղ իրոք որ ծառայում ես` սահման ես պահում:  Սա հպարտության առիթ է` տղամարդուն պատիվ բերող գործ»:

Բոլոր ծնողներն առաջին հերթին ուզում են տեղեկանալ իրենց որդու ծառայության պայմաններից, սնունդից, հագուկապից:  

Սնունդը լավ է, բոլոր անհրաժեշտ բաներով ապահովված ենք: Իսկ պայմաններըմիայն էս բնությունը, մաքուր օդը ինչ ասես, արժեն: Գիշերներն էլ երկինքը արտասովոր աստղազարդ է, քաղաքում այսպիսի երկինք չես տեսնի: Մի խոսքով` հրաշալի տեղում ենք ծառայում: Գոհ ենք ամեն ինչից:  

Ինչպե՞ս է անցնում մարտական հերթապահությունը: Հակառակորդը ձեզ այսքան մոտ է. լարվածություն զգո՞ւմ եք: 

Այնքան մոտ ենք, որ ադրբեջանական գյուղից ամեն օր առավոտյան ճիշտ ժամը 8:25-ին նրանց նամազի ձայնը  հստակ լսվում է: Շատ ուշադիր ենք, բայց լարվածություն, վախ չկա մեջներս: Ընդհանրապես, վստահ եմ` մարդուց չի կարելի վախենալ, այն էլ` ադրբեջանցուց: Մենք տղերքով այստեղ մեկս մյուսի պակասը կլրացնենք, մեկս մյուսին և՛ ոգի կտանք, և՛ կօգնենք: Այնպես ենք անում, որ հենակետում անցկացրած 14 օրը հնարավորինս արդյունավետ ու աննկատ անցնի:

Դիմացի գյուղից ձեր դիրքն է երևում, այստեղից էլ դուք եք իրենց տեսնում

Ես լիովին գիտակցում եմ, որ հակառակորդի ու մեր հայ գյուղացու միջև եմ կանգնած,- ասում է Կառլենը:- Այստեղ, հավատացած եղեք, հնարավոր չէ զգոնությունը կորցնել: Գյուղում հաստատ մտածում են և գիտեն, որ հանգիստ կարող են գլուխները բարձին դնել, որովհետև վերևում ամբողջ գիշեր անքուն կանգնած իրենց քունն են հսկում:

ՄԵՆՔ ԴԻՐՔՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԳՅՈՒՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ ՎԱՌ ՄՆԱՆԱրտաշատի Մխչյան գյուղից ժամկետային զինծառայող Մհեր Արամյանն էլ է շուտով ավարտելու ծառայությունը: Բժշկական քոլեջն է ավարտել. մտադիր է բանակից հետո շարունակել ուսումը` ընդունվել պետական բժշկական համալսարան:

Զինվորականի կյանքը շատ է տարբերվում քաղաքացիականի կյանքից: Մենք այստեղ մեր ուժերով շատ խնդիրներ ենք կարողանում լուծել: Սովորում ենք պատասխանատվության, միմյանց հանդեպ ուշադրության, փոխօգնության: Ծառայության կարևորագույն մասը հենց մարտական հերթապահությունն է. յուրաքանչյուր տղամարդ պետք է սովորի անկախ եղանակային պայմաններից` ցրտից ու շոգից, կատարել այս գործը: Հենց սա էլ մեր  մեջ տոկունություն է մշակում:

Հետո արդեն դիրքի ավագի հրահանգով ժամկետային զինծառայողները հաշված վայրկյանների ընթացքում պատրաստվում են պայմանական մարտի, անցնում են շրջանաձև պաշտպանության: Նրանց գործողությունները արագ են և հստակ. ակնհայտ է ամենօրյա վարժանքների արդյունքում թրծված արհեստավարժությունը:  

Երեկոյան, երբ վառվում են գյուղի լույսերը, և տղաներին են հասնում գյուղացիների ձայները, նրանք դիրքերում կանգնած մի քիչ թախիծով իրենց սեփական տներն են հիշումԲայց սա մի քանի ակնթարթ է տևում. գյուղի բոլոր տները, մեր երկրի բոլոր տները մեկ են դառնում` մի Հայրենիք, և պատասխանատվությունն ու զգոնությունը գերիշխում են մյուս բոլոր զգացմունքներին:  

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1193) 07.06.2017 - 13.06.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/06/2017