«ԴՈՒՔ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԳՈՐԾ ԵՔ ԿԱՏԱՐՈՒՄ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի եւ կառավարական պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին:
Զինծառայության ընթացքում պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին վարչապետը պարգեւատրել է ժամացույցներով:
Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին: Դիմելով զինծառայողներին` վարչապետը նշել է. «Սիրելի՛ զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում եւ պետք է հպարտ լինեք այն պատճառով, որ դուք հաղթանակած բանակի ներկայացուցիչներ եք: Պետք է շարունակեք այն ավանդույթները, որ արդեն իսկ դրել են ձեր ծնողները` հաղթելով Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարում: Այսօր ձեր խնդիրն է պահպանել այն նվաճումները, որ ունենք եւ օր օրի ավելացնել մեր բանակի մարտունակությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք չի խնայի, որ դուք ունենաք բոլոր հնարավորությունները` բարձրացնելու ձեր մարտունակությունը, որպեսզի դուք կարողանաք ռազմական բարձր գիտելիքներ ունենալ եւ համապատասխանել ժամանակակից աշխարհի լավագույն բանակներին ներկայացվող չափանիշներին: Ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից եւ հավաստիացնել, որ այն, ինչ դուք այստեղ կատարում եք, հերոսական գործ է»:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նշել է, որ տպավորված է զինվորների ռազմական եւ հոգեբանական պատրաստվածության աստիճանից: «Մենք տեսնում ենք, որ զինվորը հպարտ է, համարձակ, կազմակերպված, գիտի իր գործը, պրոֆեսիոնալ է, եւ այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր զինված ուժերի մարտունակության աստիճանն օր օրի ավելի է բարձրանալու: Դա ամենակարեւորն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններին` գործադրի ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է: «Այն, ինչ այսօր կատարվում է հայկական զինված ուժերում, այն վառ ապացույցն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շարունակենք համառորեն աշխատել, մեր հմտություններն ավելացնել, ինչը եւ այսօր տեղի է ունենում»,- ասել է վարչապետը: