Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐՍ ՄԻՇՏ ՇԱՐՔՈՒՄ Է` ԻՄ ԿՈՂՔԻՆ»



«ՀԱՅՐՍ ՄԻՇՏ ՇԱՐՔՈՒՄ Է` ԻՄ ԿՈՂՔԻՆ»«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Արմավիր Մնացականյանը ծնվել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղում՝  Սամսոն եւ Մարուսյա Մնացականյանների ընտանիքում: Տասնմեկ երեխաներից մեկն էր: Ավարտել է տեղի դպրոցը, ծառայել Խորհրդային բանակում: Զորացրվել ու աշխատել է հայրենի գյուղում: Շարժման առաջին իսկ օրվանից զինվորագրվել է: Մասնակցել է Հադրութի շրջանի մի շարք գյուղերի, Ֆիզուլու, Հորադիզի, ինչպես նաեւ Ղաջարի, Գովշատլուի, Զարգյարի, Շահառլուվեն Յալ բարձունքի, Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրման մարտերին: Վիրավորվել է, բայց նորից վերադարձել է շարք: Զոհվել է 1994թ. փետրվարի 26-ին՝ Կարախանբեյլի գյուղի մոտակայքում, երբ ընդամենը 37  տարեկան էր: Ազնիվ էր, պարկեշտ, վստահելի, համարձակ, վեհանձն ու չնահանջող: Հունիսի 4-ին քաջարի ազատամարտիկը կդառնար 60 տարեկան:

 Ազոխ գյուղի փոքրիկ գերեզմանատունը մարդաշատ է: Հարավային պաշտպանական շրջանի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Լ. Բաղդասարյանը զինծառայողներին ներկայացնում է Մնացականյանի մարտական ուղու մանրամասները: Փոխգնդապետն ասում է. «Այս օրը մեզ համար մեծ խորհուրդ ունի՝ մենք հավերժացնում ենք Արցախյան պատերազմում զոհված հերոսի հիշատակը: Սփոփանքի խոսքեր ասելով հարազատներին` միաժամանակ պետք է բոլորս հպարտ լինենք մեր ավագ ընկերոջ օրինակով: Եթե նա ու նրա նման տղաները չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա հաջողությունները, իսկ եթե հիմա էլ մեր կողքին լինեին, մեր հաջողությունները բազմապատիկ ավելի կլինեին: Մտնելով զորանոց` դուք ամեն օր տեսնում եք Արմավիրի մեծադիր նկարը, երեկոյան անվանականչի ժամանակ կարդում եք ազատամարտիկի անունն ու նրա փոխարեն արտաբերում՝ «Ներկա եմ»: Ուրեմն փորձեք նմանվել նրան»: Փոխգնդապետ Բաղդասարյանը ձեռքը դնում իր կողքին կանգնած երիտասարդի ուսին: Հերոսի որդին է՝ Մխիթարը: Զինվորական համազգեստով է, ավագ լեյտենանտի ուսադիրներով: ՊԲ պաշտպանական շրջաններից մեկում է ծառայում, հատուկ նշանակության ստորաբաժանման սպա է: Մխիթարը նախ ողջունում է դիրքապահ զինվորներին, շնորհակալություն է հայտնում հայրենիքը ամուր պահելու համար, ապա պատմում է. «Մեկ տարեկան էի, երբ հայրս զոհվեց: Միշտ ցանկացել եմ նմանվել նրան: Թեեւ հորս չեմ ճանաչել, բայց նա  ինձ համար հերոսական կերպար է: Նա հետախույզ էր, ասում են՝ անզիջում էր, եռանդուն, մարդասեր: Ես չէի կարող նրա գործը կիսատ թողնել, չիրականացնել նրա նպատակներն ու գաղափարները: Դա իմ սուրբ պարտքն եմ համարել եւ 14 տարեկանում առաջին անգամ զինվորական համազգեստ ու ճտքավոր կոշիկ եմ հագել: Այդ ժամանակ էլ հողը, որի համար կռվել է հայրս, ինձ համար կրկնակի պաշտելի է դարձելՀայրս մշտապես շարքում է` իմ կողքին, ինձ հետ»:

Մեծարման միջոցառումը շարունակվում է գյուղի ակումբում: Ներկա են  ազատամարտիկի հարազատները, համագյուղացիները, մարտական ընկերները: Զինվորներն ու դպրոցականները հանդես են գալիս գրականերաժշտական կատարումներով: Մարտական ընկերներն ու համագյուղացիները դրվագներ են վերհիշում Արմավիր Մնացականյանի կյանքից` ներկայացնելով հայրենիքի շնչառությամբ ապրած մարդուն:

 ԼՂՀ ՊԲ հարավային պաշտպանական շրջանի թղթակցական կետ

Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Ճակատագրեր


14/06/2017