ՀԱՎԱՔ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԵՆՑԱՂԻ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ
Մասնակից անձնակազմի մակարդակը բարձրացնելու և կատարելագործելու նպատակով հավաքներում ընդգրկված անձնակազմերի հետ հիմնականում անցկացվել են մասնագիտական և մարտավարամասնագիտական պարապմունքներ, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք են բերել գիտելիքներ, կատարելագործել հմտությունները:
Ամփոփելով հնգօրյա հավաքների արդյունքները, հավաքների ղեկավար, զորամիավորման հրամանատարի թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալ, գնդապետ Արամ Պողոսյանը նշեց, որ դրանք գոհացուցիչ են:
-Հավաքների ընթացքում փորձել ենք բացահայտել մասնակիցների թույլ կողմերը, որոնք դարձնելով թիրախային, աշխատել ենք այդ ուղղությամբ: Թերությունները տեսականորեն քննարկվել են, տրվել են համապատասխան խորհուրդներ, առաջարկվել դրանց վերացման ուղղությամբ ճիշտ մոտեցումներ:
Թեմաները պլանավորվել են մարտական պատրաստության պլանի համաձայն, ներկայացվել բարձր մակարդակով՝ լավագույն փորձը փոխանցելով ծառայության պետերին:
Մասնակից սպաների մեջ աչքի է ընկել լեյտենանտ Արսեն Մարտիրոսյանը, մյուսները՝ բավարար ու լավ ցուցանիշներով: Ունենք նորանշանակ սպաներ, որոնք ձեռք բերեցին տեսական և գործնական փորձ,-ասաց գնդապետ Պողոսյանը:
Նախքան հավաքները, մարտական պատրաստության պլանի համաձայն, անցկացվել են նախապատրաստական միջոցառումներ, այդուհետ՝ լավագույն խոհարար, լավագույն ճաշարան և ճաշարանի պետ մրցույթներ:
Հանձնաժողովի կազմը զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանի ղեկավարությամբ շրջել է ենթակա զորամասերով. ստուգվել են ճաշարանները, անձնակազմի սննդի կազմակերպման գործընթացը, հիգիենիկ վիճակը, ինչպես նաև՝ ճաշարանների պետերի մասնագիտական մակարդակը և ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ նրանց պատասխանատվությունը, տրվել համապատասխան գնահատականներ:
Արդյունքների ամփոփումից հետո առանձնացվել են լավագույն ճաշարան և ճաշարանի պետ անվանակարգերը, ըստ որի՝ հանձնաժողովի գնահատմամբ՝ զորամասերի միջև անցկացված մրցույթներում լավագույն ճաշարան է ճանաչվել թիվ N զորամասի զրահատանկային գումարտակի ճաշարանը: Իսկ լավագույն ճաշարանի պետ անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել է թիվ N զորամասի կենտրոնական ճաշարանի պետ, ենթասպա Արման Քյարունցը:
Լավագույն ճաշարանների շարքում, հանձնաժողովի գնահատմամբ, երկրորդ տեղն զբաղեցրել է տանկային գումարտակի ճաշարանը, երրորդը՝ թիվ N զորամասի ճաշարանը:
Ներզորամասային մրցույթի արդյունքներում ներկայացված լավագույն խոհարարների հետ կազմակերպված հավաք-խորհրդակցության և անցկացված մրցույթի շրջանակներում լավագույն խոհարար է ճանաչվել թիվ N զորամասի զրահատանկային գումարտակի ճաշարանի խոհարար, պայմանագրային զինծառայող Արտակ Դանիելյանը:
Անցկացված հնգօրյա հավաքներին լավագույն տեղերն զբաղեցրած, լավագույն կողմերով աչքի ընկած և արդյունքներ գրանցած սպաներն ու ենթասպաները, պայմանագրային զինծառայողները կներկայացվեն խրախուսման:
Համաձայն մարտական պատրաստության պլանի` 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանով՝ տեղի ունեցավ զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սոցիալ-իրավաբանական աշխատանքի գծով օգնական սպաների (ՀՍԻԱԳ օգնական սպաներ) հավաք-խորհրդակցություն:
Հավաք-խորհրդակցության ղեկավար, զորամիավորման ավագ սպա-իրավաբան Տաճատ Էմինին դասընթացների ժամանակ ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում զորամասերում իրականացված իրավական աշխատանքների արդյունքները, նշելով ոլորտում հայտնաբերված բացթողումները, ինչպես նաև՝ դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված խիստ միջոցառումները և նրանց կատարման ընթացքը:
Մայոր Էմինին անդրադարձավ կիսամյակի ընթացքում դրական տեղաշարժերին և փոփոխություններին՝ փաստաթղթային վարույթում, թեմաների բազմազանության և գործնական կիրառման, ծառայողական քննությունների, իրավական աշխատանքների անցկացման վերահսկողության առումներով:
Նա նշեց կայազորի իրավապահ մարմինների փոխհամագործակցության կարևորության, համատեղ աշխատանքի մասին:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը դասի շրջանակում կարևորեց իրավաբանների աշխատանքները, նրանց դերը զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման գործում:
Հավաքի ընթացքում կարևորվեց ենթակա ստորաբաժանումներում իրավաբանների կողմից պարբերաբար պլան-համառոտագրերի հետևողական կազմումը, համապատասխան թեմաների ընտրությունը և անձնակազմի հետ իրավական աշխատանքների ուսուցման պատշաճ մակարդակով անցկացումը:
Խորհրդակցության ընթացքում տրվեցին համապատասխան ցուցումներ և խորհուրդներ՝ կայազորում իրավական աշխատանքներն է՛լ ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ, կիսամյակի իրավական աշխատանքները գնահատվեցին բավարար:
Դրական կողմերով գնահատվեց զորամասի ենթակա ստորաբաժանումներում տարվող իրավական ուսուցումը, որն իրականացնում է ՀՍԻԱԳ օգնական սպա, ավագ լեյտենանտ Կարեն Միրումյանը:
Եռամսյակը մեկ անցկացվող հավաք-խորհրդակցությունը ծառայեց իր նպատակին:
1-ին զորամիավորման լրատվական ծառայություն
Խորագիր՝ #23 (1194) 14.06.2017 - 20.06.2017, Ազգային բանակ