Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐԱՆՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՁՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Է՛Լ ԱՎԵԼԻ Է ԱՐԱՏԱՎՈՐՎԵԼ



ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐԱՆՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՁՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ Է՛Լ ԱՎԵԼԻ Է ԱՐԱՏԱՎՈՐՎԵԼՔանի որ Թուրքիան համաշխարհային դատապարտման թիրախ է դարձել մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որից հետո Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո` Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև անմեղ ցուցարարների վրա նրա թիկնապահների դաժան հարձակումը, Միացյալ Նահանգների իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի համընդհանուր քննադատությանն արժանացան`  ներառյալ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը` ձայների 397-0 հարաբերակցությամբ:

Սակայն, Թուրքիայի և նրա բռնապետ նախագահի համար երկրի հեղինակությունն այնքան արատավորված է, որ որքան էլ հանրային կապերի ընկերությունները հզոր և հեղինակավոր լինեն, դրանք, միևնույն է, չեն կարող վերականգնել Թուրքիայի հեղինակությունը: Թուրք ղեկավարները պարզապես միլիոնավոր դոլարներ են վատնելու իրենց հարկատուների գումարներից` փորձելով լուծել անհնարին խնդիր:

Թուրքիայի կառավարությունը տարեկան արդեն 5 մլն դոլար է վճարում 10 լոբբիստական ընկերությունների, դրանք են՝ Gephardt Group – 1մլն 700 հազ. դոլար, Amsterdam Partners – 600 հազ. դոլար, Greenberg Traurig – 480 հազ. դոլար, Capitol Counsel – 384 հազ. դոլար, Mercury – 240 հազ. դոլար, Madison Group – 240 հազ. դոլար, Signal – 240 հազ. դոլար, Jim Arnold – 240 հազ. դոլար և MediaFix -108 հազ. դոլարԲացի այդ, Էրդողանի գործընկերը 2016 թ. սեպտեմբերին 540 հազ. դոլար է վճարել նախագահ Թրամփի` վարկաբեկված ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին՝ Թուրքիայի կառավարության օգտին քարոզչության համար

Վերջին ամիսների ընթացքում փորձելով դուրս գալ PR-ի ճահճից` Թուրքիայի իշխանությունները և նրա հետ փոխկապակցված խմբերը վարձել են երեք նոր ընկերություններ:

«Մոնթե» խորհրդատվական խմբին վարձել են 2016 թ. օգոստոսին` 400 հազ. դոլար վարձատրությամբ: Ըստ Daily Beast-ի` ընկերությունը ղեկավարում է Դուգլաս Բեյքերը՝ հանրապետական Ջեյմս Բեյքերի (նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավար և պետքարտուղար, և Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի ղեկավար ու գանձապետարանի քարտուղար) որդին: Դուգլաս Բեյքերը «Մոնթե» խորհրդատվական խմբի «միակ և գործող անդամն» է: Պայմանագիրը կնքել է ստամբուլյան խորհրդավոր հասարակական կազմակերպությունը, որը հայտնի է որպես Տնտեսական գիտելիքների ընկերություն (KEA): Daily Beast-ը հաղորդում է, որ KEA-ի «գործունեությունը երբեմն համապատասխանում է Թուրքիայի կառավարության շահերին»: Ըստ Daily Beast-ի` ավելի մտահոգիչ է, որ «KEA-ի ղեկավարության առնվազն մեկ անդամ եղել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ»: Ավելին, KEA-ի հիմնադիր և նախկին նախագահ Դավութ Քավրանօղլուն այժմ Էրդողանի գիտական խորհրդականն է, տեղեկացնում է Daily Beast-ը: Քավրանօղլուն թվիթերում տեղադրել է Ջեյմս Բեյքերի հետ իր լուսանկարը

Daily Beast-ը հաղորդում է, որ ըստ արդարադատության նախարարությունում «Մոնթե» խորհրդատվական խմբի ներկայացրած գրանցման՝ այն KEA-ի անունից «զբաղվել է Թրամփի նախագահական ընտրարշավի և նախագահական անցումային թիմի աջակցությամբ Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ընդհանուր հարաբերությունները և հասարակական ընկալումները բարելավելու գործով»: «Մոնթեն» նաև շփումներ է ունեցել «Օբամայի վարչակարգի հեռացող պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարության անձնակազմի հետ և էլեկտրոնային նամակներ է ուղարկել այն ժամանակվա փոխնախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Քոլին Քալին»:

Ստամբուլցի իրավաբան Իսրաֆիլ Քահրամանը արդարադատության նախարարություն ներկայացրած հայտում նշված է որպես KEA-ի օրինական ներկայացուցիչ, ըստ Daily Beast-ի: Իսրաֆիլը հայտարարել է, որ պայմանագրի նպատակը «բարեկամությունն ու համագործակցությունը Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև գիտական և տնտեսական զարգացման ասպարեզում զարգացնելն է»: Daily Beast-ը մեջբերելով Քահրամանին, նշել է, որ KEA-ն հիմնադրել են «մի խումբ հարգարժան գիտնականներ՝ քաղաքացիական հասարակության գործունեությունը ղեկավարելու նպատակով, եւ Թուրքիայում խթանելու իրազեկվածությունը տնտեսության զարգացման վերաբերյալ»: Սա անհեթեթություն է: Ինչո՞ւ պետք է խումբը, որի նպատակն է տնտեսության մասին իրազեկության բարձրացումը Թուրքիայում, լոբբիստական խումբ վարձի Վաշինգտոնում: Սա ավելի շատ նման է թուրքական կառավարության համար ստեղծված մի ծածուկ ներկայացուցչության, քան գիտնականների անկախ խմբի: Կարևոր է պարզել, թե ով է ֆինանսավորում KEA-ին

Հետաքրքիր է, որ Հետաքննող լրագրողների բյուրոյի հետ կապ հաստատելիս Դուգլաս Բեյքերը նշել է, որ մտահոգություններ կան, թե ԱՄՆԹուրքիա հարաբերությունները «մի փոքր վատթարացել են» Օբամայի վարչակազմի վերջին տարիներին: «Կարող է հնարավորություն լինի կա՛մ ամրապնդել այդ հարաբերությունները, կա՛մ տեսնել, թե ինչպես են դրանց ավելի մեծ վնաս հասցվում: Եվ դա է պատճառը, որ (KEA-ն) վարձակալել է Մոնթեն՝ օգնելու այդ անցումային փուլում»:

Դուգլաս Բեյքերը հավելել է, որ իր ընկերության աշխատանքը KEA-ի համար՝ «Երբեք նախատեսված չի եղել որպես ընդհանուր հանրային կապերի քարոզարշավ: Դա մի փոքր ավելի մեծ հնարավորություն է` ներկայացնելու նրանց տեսակետը. նրանք զգում են, որ մենք ի վիճակի ենք օգնելու նրանց անհրաժեշտ ծանոթություններով»:

Զարմանալի չէ, որ Թրամփի երդմնակալությունից և KEA-ի ու Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջև «անհրաժեշտ ծանոթություններ» հաստատելուց հետո, KEA-ն չթարմացրեց պայմանագիրը «Մոնթեի» հետ, երբ նրա նախնական վեցամսյա ժամկետը լրացավ: Ըստ Հետաքննող լրագրողների բյուրոյի` «Պայմանագրի այս կետով նախատեսված 400 հազ. դոլարից վճարվել է ընդամենը 105 հազ. դոլար»:

 ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր»

թերթի հրատարակիչ և խմբագիր

 Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Տարածաշրջան


22/06/2017