Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԴԻՏԱԿԵՏ», «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԵՎ «ԵՍ ԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸ



ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ԴԻՏԱԿԵՏ», «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԵՎ «ԵՍ ԵՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆԸՀանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը:

Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել: Ներկայացվել են նաև Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից՝ մտավորականներից, ազատամարտիկներից, գործարարներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, երիտասարդներից, հասարակական կազմակերպություններից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները:

Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ ներկայացված ծրագրերն ու դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ հետևողականորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը:

«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, նախագահի համոզմամբ, կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները, որոնք նոր չեն ի հայտ եկել, սակայն նոր և տեղին է առաջարկվող լուծումների մեծ մասը:

Հանդիպման ավարտին նա գոհունակությամբ է արձանագրել, որ հասարակության տարբեր շերտերից ստացված կարծիքներում և գնահատականներում գերակշռում է դրական մոտեցումը: Այդ են վկայում նաև հասարակական կարծիքի ուսումնասիրության նպատակով «Այ-Փի-Էս-Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի իրականացրած սոցիոլոգիական հարցումներն ու Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի անցկացրած քննարկումները:

Հանդիպման ավարտին նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության, կրթության և գիտության նախարարներին՝ հաշվի առնելով հանրային քննարկումների արդյունքները: Հանձնարարականների համաձայն, պաշտպանության նախարարությունը ամբողջությամբ կամփոփի քննարկումների արդյունքները, ի մի կբերի առաջարկություններն ու դիտողությունները, այդուհետ կսկսվեն անհրաժեշտ օրենսդրական նախաձեռնությունների նախապատրաստման ու շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ դրանց համաձայնեցման ուղղությամբ աշխատանքները: Կրթության և գիտության նախարարությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ կմշակի կառավարության որոշման նախագիծ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի փորձնական փուլի կազմակերպման վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, թե ոչ ոք չի պնդում, որ ներկայացված ծրագրերը կատարյալ են, և դրանցում բոլոր մանրուքները հաշվի են առնված, սակայն հանրային լայն քննարկումների արդյունքում ստացված առաջարկությունները, նրա համոզմամբ, ավելի կբարելավեն այդ ծրագրերը, իսկ գործնականում փորձարկելուց հետո հնարավոր կլինի խոսել վերջնական եզրակացության մասին:

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


14/07/2017