ՄԵՐՕՐՅԱ ՀՐԱՇՔՆԵՐ
ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «Հրաշապատում կամ զարմանալի պատմություններ» գրքից
Իմ կյանքի ամենամեծ հրաշքը
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հրաշքներ կատարվում են եթե ոչ բոլոր մարդկանց, ապա նրանցից շատերի հետ։ Բոլորովին այլ հարց է՝ արդյո՞ք մարդը խորամուխ է լինում եղելության մեջ եւ արդյո՞ք իր հետ կատարվածը ընկալում է որպես հրաշք, թե ոչ։
Ինչեւէ, չխճճվենք հրաշքների մեկնաբանման խրթին լաբիրինթոսում եւ ասենք, որ դրանց բնութագրումը, ընկալման հարց լինելուց զատ, աշխարհընկալման մեզ հայտնի օրենքները ժխտող կամ շրջանցող երեւույթների հետ գործ ունենալ է նշանակում։ Ավելի կոնկրետ. դպրոցում իմ ամենասիրած առարկան պատմությունն էր։ Եվ հաճախ մեր ուսուցիչն անդրադառնում էր Կաթոլիկ եկեղեցու դարաշրջանին, պատմում էր Խաչակրաց արշավանքների ժամանակ գործադրված դաժանությունների մասին։
…Ուսուցիչս կա՛մ չգիտեր, կա՛մ էլ դիտմամբ չէր ասում, որ Հայ Առաքելական եկեղեցին երբեւէ որեւէ կապ չի ունեցել ինկվիզիցիայի հետ։ Եվ ոչ միայն ես, այլեւ իմ դասընկերները մի կարգին չէինք էլ հասկանում, թե որն է այդ երկու եկեղեցիների տարբերությունը։ Հիմա համոզված եմ, որ այդ մասին չգիտեին նաեւ խորհրդային ուսուցիչները։
Գալով ինձ՝ ասեմ, որ, կարդալով ինկվիզիցիայի մասին, օրավուր ցասումով, արհամարհանքով ու վրեժով էի լցվում Քրիստոսի, քրիստոնեության, Խաչի ու Խաչյալի նկատմամբ՝ վերածվելով յուրատեսակ Սողոսի։ Բայց այն, ինչ ինձ հետ կատարվեց 10-րդ դասարանում, փոխեց կյանքիս ընթացքը։
Ավարտական քննությունների շրջանն էր։ Շատ էի պարապում քննությունները հաջող հանձնելու համար։ Մի երեկո շատ հոգնած էի. կարդացել էի ամբողջ օրը։ Չգիտեմ՝ ննջե՞լ էի, թե՞ արթուն էի, երբ հանկարծ ինձ հայտնվեց Քրիստոսը։ Սպիտակ շորերով էր, ժպիտը դեմքին։ ՆԱ չասաց իր ով լինելը, բայց ես հասկացա, որ հենց ԻՆՔՆ է։ Եկավ, կանգնեց դիմացս.
-Գնա՛ եկեղեցի,- մեղմագույն բարբառեց։
Թեեւ տեսիլքից ազդված էի, մի քիչ էլ վախեցած, բայցեւայնպես ինձ նման անաստված մարդը միանգամից եկեղեցի չէր վազի։ Փորձեցի նշանակություն չտալ դրան՝ համարելով հոգնածության հետեւանքով առաջացած զգայախաբություն, պատրանք։ Ավարտեցի դպրոցը, ընդունվեցի Երեւանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։ Եվ թվում էր՝ իմ անհավատության համար «բանադրվելու» առանձնապես առիթ ոչ ոքի չէի տվել, երբ նորից հայտնվեց ՆԱ։ Վեց ամսվա ընթացքում հայտնվեց երեք անգամ, եւ ամեն անգամ նույն մեղմաձայն հորդորով ասում էր.
-Գնա՛ եկեղեցի։
Սովորում էի Երեւանում, բայց ապրում էի Էջմիածնի շրջանի Նորակերտ ավանում։ Երրորդ անգամ երբ հայտնվեց, որոշեցի մտնել Սուրբ Սարգիս եկեղեցի։ Ավտոբուսի կանգառը հենց եկեղեցու մոտ էր։
Մտա, մոմ վառեցի եւ չհասկացա` ինչ կատարվեց։ Զարմանալի հոգեվիճակ. այն ամենը, ինչ ինձ հետ կատարվեց, ստիպում էր մտածել, որ այսքան տարի ինքս իմ «ես»-ից դուրս եմ ապրել… Այդ մի քանի հրաշափառ (հետո պիտի հասկանայի, ընկալեի) րոպեի ընթացքում քննեցի ողջ կյանքս։ Կարծես` չէի ցանկանում, բայց ներսից ինչ-որ մի բան ինձ ստիպում էր աղոթել։ Եվ ցավն այն էր, որ ոչ մի աղոթք չգիտեի, աղոթել չգիտեի, բայց աղոթեցի այնպես, ինչպես կարող էի։ Սրտիս խորքից խոսեցի Աստծո հետ եւ, ով զարմանք, ինձնից անկախ սկսեցի լաց լինել։ Հանկարծ պարզորոշ հասկացա, որ մինչ օրս ուրիշ` ոչ իմ կյանքով եմ ապրել, եւ որ պիտի փոխեմ կյանքիս ընթացքը։ Եկեղեցուց դուրս եկա հաստատ վճռականությամբ, որ դուրս եմ գալու մանկավարժական ինստիտուտից ու գնալու եմ հոգեւոր ճեմարան։
Իմ անցյալին ու հատկապես` հոգեւոր դարձին նայելով (թող ինձ ներվի)` նմանեցնում եմ Պողոս Առաքյալի ընթացքին, թեեւ ես Առաքյալի կոշիկների քուղերը կապելու իսկ արժանի չեմ, եւ համեմատության ոչ մի եզր չկա։ Եվ այդ ժամանակից ի վեր ես, ըստ կարի իմում, փորձում եմ ծառայել Խաչյալին ու Խաչին, Միակ Ճշմարիտ Աստծուն ու Եկեղեցուն։ Թե որքան եմ հաջողում, գիտի Աստված, իսկ ես ինձ հետ կատարվածը համարում եմ իմ կյանքի ամենամեծ հրաշքը։
Ավետարանի բոլոր խոսքերն էլ սուրբ են
1988թ. մայիսի 12-ին սարկավագ ձեռնադրվեցի։ Վազգեն Վեհափառն այդ առթիվ իր մակագրությամբ մի Կտակարան նվիրեց։ Երբ կարդում էի, ինձ դուր եկած տեղերում նշաններ էի դնում փոքրիկ խաչի տեսքով։ Այնինչ, որքան մեծ եղավ զարմանքս, երբ որոշ ժամանակ անց անդրադառնալով՝ նկատեցի, որ նշանները չկան։ Դարձյալ խաչերով նշանեցի ինձ դուր եկած տեղերը, եւ դարձյալ` նույնը…
Անցավ մի քանի տարի, հին սովորության համաձայն, կարդալիս նորից սկսեցի նշումներ անել Սուրբ գրքի վրա, բայց որոշ ժամանակ անց, երբ նորից անդրադարձա, տեսա, որ մի անտես ձեռք ջնջել է դրանք։
Եվ ահա մի օր էլ` նինջի՞, թե՞ թմրության անորոշ մի պահի ինձ լույս հայտնվեց, որի միջից լսվեցին հետևյալ խոսքերը.
□Նոր Կտակարանի ամեն բառը սուրբ է։ Նշումներ մի՛ արա եւ որեւէ բառի նախապատվություն մի տուր։
Մեկեն կարծես սթափվեցի մահացու թմբիրից եւ հայտնապես էլ ասես հասկացա, որ, իբրեւ ավետումն իր բարի ուսուցչության, Տիրոջ հրաշալի հայտնությունն էր երեւացել ինձ։
ԱՌԱՔԵԼ եպիսկոպոս ՔԱՐԱՄՅԱՆ
Կոտայքի թեմի առաջնորդ