ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ
ԳԼՈՒԽ Բ
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔԸ
Արագ հաղթանակ` սա է պատերազմի հիմնական նպատակը:
Եթե պատերազմը ձգձգվում է, զենքը բթանում է, եւ ռազմական ոգին՝ նվազում:
Մեծ քաղաքների պաշարումը մաշում է զինվորներին: Երբ բանակը ստիպված է ձգձգվող ռազմական գործողություններ վարել` երկրի ֆինանսական ռեսուրսները հյուծվում են: Երբ ձեր զինվորի զենքը բթանում է, եւ կամքը հաղթանակի նկատմամբ մարում, ուժերը նվազել են, իսկ գանձարանը դատարկվում է, այդ դեպքում հարեւան երկրների կառավարողները չեն զլանա. կօգտվեն ստեղծված ճգնաժամից ու կանցնեն գործողությունների քո դեմ: Եթե դա տեղի ունեցավ, այլեւս ոչ ոք, որքան էլ խելացի լինի, չի կարող կանխել փորձանքը:
Այսպիսով՝ թեեւ անմիտ շտապողականությունը պատերազմի ժամանակ չի խրախուսվում, հաջող գործողությունը չպետք է շատ ձգձգվի:
Պատերազմը մաշում է երկրի ռեսուրսները, քանի որ անհրաժեշտություն է առաջանում պարենը ու ռազմապիտույքը տեղափոխել երկար տարածություններ:
Այնտեղ, որտեղ կուտակվում են զորքերը, գները բարձրանում են: Երբ գները բարձրանում են, բնակչության եկամուտները նվազում են: Երբ դրամը վերջանում է, մարդիկ հայտնվում են սուր կարիքի մեջ: Դրամական կորուստները եւ ուժերի անմիտ վատնումը երկիրը մատնում են աղքատության եւ յոթ տասներորդով զրկում են դրամական միջոցներից. չհաշված` ջարդված սայլերի, կառքերի, նիզակների, վահանների եւ այլնի նորոգման համար ծախսերը:
Ահա թե ինչու, իմաստուն զորավարն այնպես է կազմակերպում, որ բանակը կերակրվի հակառակորդի հաշվին, քանի որ՝ թշնամու ամբարի ցորենի մեկ չափը հավասար է հայրենիքից բերված քսան միավորի եւ մեկ չափ ձիու կերը` քսան չափի:
Որպեսզի զինվորները անվախ գնան մարտի հակառակորդի դեմ, հարկավոր է գրգռել նրանց զայրույթը: Ավար զավթելու նրանց ձգտումը խթանելու համար` պարգեւատրի՛ր: Օրինակ՝ եթե մարտի ընթացքում զավթված է տասը մարտակառք, զինվորները, որոնք գրավել են առաջին մարտակառքը, պետք է պարգեւատրվեն: Թշնամուց գրավված մարտակառքի դրոշը եւ զինանշանը փոխարինիր սեփականով, նորոգի՛ր, եթե դրա անհրաժեշտությունը կա, եւ լծի՛ր ձիերը:
Ռազմագերիների նկատմամբ հոգատար վերաբերվիր եւ ապահովիր նրանց անվտանգությունը: Գրավիր նրանց` հետագայում օգտագործելու համար:
Ինչպես ասվում է` «Հաղթել մարտում նշանակում է հզորանալ»:
Այսպիսով՝ պատերազմի ժամանակ ամենակարեւորը մարտը շահելն է եւ ոչ թե այն ձգձգելը:
Զորավարը, որը գիտի լավագույնս կառավարել զորքը, կառավարում է նաեւ իր ժողովրդի ու երկրի ճակատագիրը:
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Հոգևոր-մշակութային, Ռազմական