ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԸ ԲԱՆԱԿ ԵՆ ԳՆՈՒՄ
Արմավիրում հերթական զորակոչն է: Սովորաբար նման օրերին զինկոմիսարիատի բակը մարդաշատ է լինում: Բայց այս անգամ միայն երկու պատանի և մի տղամարդ տեսնելը զարմացրեց ինձ. երեւի շուտ եմ եկել: Նրանք կողք կողքի նստած զրուցում են: Մտածում եմ՝ հայրը խրատ է տալիս որդիներին բանակ գնալուց առաջ:
Մոտենում եմ, բարևում, թույլտվություն խնդրում ու նստում երիտասարդների կողքին:
-…Բարով ես եկել,- ասում է տղամարդը՝ մի հայացք գցելով ինձ վրա, ապա շարունակում խոսել տղաների հետ:
–Դժվար օրեր էլ կլինեն: Մեր ժամանակ ավելի դժվար էր: Հազարից մեկին էր բախտ վիճակվում Հայաստանում ծառայել: Տանում էին հեռու՝ տնից, տեղից, աշխարհից կտրված…
–Ձեր որդինե՞րն են…,- հարցնում եմ:
–Չէ, տղա ջան, իմ տղերքը վաղուց են ծառայել: Չնայած ի՞նչ տարբերություն: Մեր տղերքն են: Ջահելները ուզում են զինվորականի մասնագիտություն ստանալ` դրա համար են այստեղ,- հայրաբար ձեռքը դնում է տղաներից մեկի ուսին:
Ժամը 9-ին արդեն զինկոմիսարիատի բակում ասեղ գցելու տեղ չկար: Զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Համբարձումյանի հետ այցելում ենք բուժզննման սենյակ: Զորակոչիկների երեք–չորս հոգանոց առաջին խումբը ներս է մտնում, եւ բժշկական հանձնաժողովը սկսում է իր աշխատանքները:
Որոշ ժամանակ անց որոշում եմ բակ իջնել, որովհետև բակից երաժշտության բարձր ձայն եմ լսում: Նվագ, պար, ուրախություն…
Մոտենում եմ մի պապիկի:
– Բարև Ձեզ: Եկել եք Ձեր թոռնիկին ճանապարհելո՞ւ:
–Թոռնիկիս՝ Լևոնիս եմ բանակ ճանապարհելու,- ասում է հպարտությամբ:- Մի քիչ հուզված եմ, անհանգիստ: Լևոնս ԵՊՀ ուսանող է, մաթեմատիկոս պիտի դառնա: Կգնա, կծառայի, հետո կշարունակի ուսումը…
Հեռվում նկատում եմ երկու միանման հագնված երիտասարդների: Հաստատ նորակոչիկներ են: Պապիկին թողնոմ եմ իր հույզերի հետ ու մոտենում եմ նրանց: Պարզվում է` երկվորյակներ են, միասին են ծառայելու:
– Սպորտը մեր տարերքն է: Ֆուտբոլ ենք սիրում խաղալ: Մի քանի անգամ նույնիսկ մեր թիմով զինկոմիսարիատի թիմին ենք հաղթել: Միակ մտածմունքս մայրս է՝ մենակ է մնալու: Հայրս մի քանի տարի առաջ է մահացել,- ասում է Գրիգորը եւ հավելում,- բայց մեր լավ ծառայությունը կուրախացնի մորս:
Արամ Ղազարյանն էլ չորրորդ որդուն է բանակ ճանապարհում:
-1993-ին Հորադիզում եմ եղել: Գիտեմ ինչ է կռիվը, խաղաղության գինն էլ գիտեմ… Իննսունականների պատերազմական դժվարությունները հաղթահարելուց հետո այսօր առավել քան ոգևորված եմ: Սեյրանս կգնա, լավ կծառայի ու պատվով հետ կգա: Համառ, ակտիվ, ընկերասեր ու մարդամոտ տղա է: Աչքը բացել` զինվոր է տեսել, կռվի ու պատերազմի մասին լսել: Պատրաստի զինվոր է: Կծառայի, հետո կամուսնացնենք,- ասում է հայրը:
Նորակոչիկների շարքերում ոչ բոլորն են տեղացիներ: Ստեփանը Մոսկվայում է ապրել, բայց որոշել է հայրենիքում ծառայել:
–Դրսում եմ ապրել, բայց հայրենիքում պիտի ծառայեմ: Դրսում ապրում եմ հանգամանքների բերումով, բայց հայրենիքս շատ եմ սիրում ու պիտի ծառայեմ,- ասում է Ստեփանը:
Զինկոմիսարիատի սպաներից մեկը հայտարարում է բուժզննման ավարտի մասին: Ապագա զինվորները առողջական խնդիրներ չունեն: Բժիշկներն ու զինկոմիսարը գոհ են:
–Նորակոչիկները լիարժեք անցան բուժզննումը: Փառք Աստծո, բոլորն էլ առողջ են,- հայտնում է թերապևտ Ամիրջանյանը:
Հետո զինկոմիսարը ներկայացնում, ծանոթացնում է զորամաս հասնելու կարգը, խոսում է զորակոչի նորամուծություններից, քաջալերում ներկաներին:
–Սիրելի նորակոչիկներ, հարգարժան ծնողներ, այսօր շատ կարևոր օր է: Մենք միասին, համատեղ ուժերով, բարձր կազմակերպվածությամբ կճանապարհենք մեր տղաներին: Ձեր որդիների կողքին կանգնած են սպաներ՝ մարդիկ, ովքեր ոչինչ չեն խնայում զինվորի համար: Ցանկանում ենք բարի, անփորձանք և խաղաղ ծառայություն:
Ամենահուզիչը բաժանման պահն է:
–Չեմ ուզում Լևոնս ինձ այսպես տեսնի, թող ուրախ գնա: Մինչ այս պահը կարողացա ինձ զսպել, բայց հիմա… իսկապես դժվար է:-Ասում է Լևոնի պապը՝ սրբելով արցունքները:
Նորակոչիկների հարազատները շրջապատել են ավտոբուսները.
–Բարի ծառայություն և բարի վերադարձ,-բոլորի շուրթերին նույն մաղթանքն է:
Ծափողջույններով, արցունքախառն ժպիտներով, աղմուկ–աղաղակով արմավիրցիները բանակ են ճանապարհում ապագա զինվորներին:
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ
Խորագիր՝ #29 (1200) 26.07.2017 – 01.08. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում