ԵՐԴՎՈ՛ՒՄ ԵՆՔ
Ուսումնական զորամասը համալրած, երդման պատրաստվող տղաների մի զորք է կանգնած շարահրապարակում: Զորակոչիկներից նրանք, որոնց երդման արարողությունը դեռ առաջիկայում է, ձեռք ձեռքի տված պատ են ստեղծել, կարգուկանոն են պահպանում: Կանգնած եմ ծնողների, հարազատների, բարեկամների ու ընկեր–ընկերուհիների մեջ՝ «պատի» այս կողմում, և ակամա լսում եմ նրանց մեկնաբանությունները: «Հը, գտա՞ր»,– հարցնում է մեկը: «Չէ՛, չգտա, ախր, բոլորը իրար նման են»: «Հո շատ չե՞ք արևի տակ կանգնել,- հոգատարությամբ հարցնում է կանանցից մեկը շարքը պահող տղաներին:- Ոչինչ, տղանե՛ր ջան, երևում է՝ դիմացկուն եք: Ես այսօր եղբորս որդու երդմանն եմ եկել: Մտածում եմ՝ եթե 14 տարեկանում դժբախտ պատահարից կորցրած չլինեի որդուս… նրան էլ հիմա ճանապարհ կդնեի, զինվոր դարձած կտեսնեի նրան»:
Կուրսանտները հերթով դուրս են գալիս շարքից, խրոխտ քայլերով մոտենալով հրամանատարներին, հայրենիքին պատվով ծառայելու երդում են տալիս:
Երդման արարողությունից հետո հավաքվածներին իր խոսքն է ուղղում ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գնդապետ Արմեն Հարությունյանը. «Բոլորիս համար այսօր մեծ տոն է: Համոզված եմ, որ այսօր երդում տված զինծառայողները քաջ գիտակցում են, թե ինչպիսի ճանապարհ են անցնելու ուսումնական զորամասում: Համոզված եմ, որ հրամանատարները ջանք ու եռանդ չեն խնայելու մեր կուրսանտներին իրենց ռազմական գիտելիքներն ու փորձը փոխանցելիս: Կրտսեր սպաների դերը զորքերում անչափ մեծ է: Վստահ եմ, որ ձեր ծնողներից էլ ստացել եք այն դաստիարակությունը, որ թույլ է տալու մեր համատեղ ծառայության ընթացքում ճիշտ մարդկային հարաբերություններ ձևավորելու և վստահության մթնոլորտում լավագույնս կատարելու ձեր առջև դրված խնդիրները: Հիմա ես հպարտություն եմ ապրում և ուզում եմ շնորհակալական խոսքս ուղղել այստեղ հավաքված բոլոր ծնողներին, ովքեր մեզ վստահում են, ովքեր ապավինում են մեզ: Սա տոն է, որովհետև այսօր հայրենիքին ծառայելու մկրտությունն եք ստանում: Հարգելի՛ ծնողներ, ձեր զավակներին մաղթում եմ անվտանգ ծառայություն: Համոզվա՛ծ եղեք, որ այստեղ մենք ծնողական վերաբերմունք ենք ցուցաբերելու ձեր զավակների հանդեպ»:
Այնուհետև ելույթ ունեցան նորաթուխ կուրսանտները, պարգևատրվեցին զորամասի լավագույն զինծառայողները: Զորամասի հոգևոր սպասավորը օրհնության և քաջալերանքի խոսքեր հնչեցրեց: Կուրսանտները խրոխտ ռազմի երաժշտության ներքո հանդիսավոր շքերթով անցնում են ներկաների առջևով: Տղաների դեմքին հուզմունք, հպարտություն և անթաքույց ուրախություն է: Նրանք քայլում են կուռ, համերաշխ, ամուր շարքով: Հարազատները մեծ ոգևորությամբ գտնում են իրենց կուրսանտին. «Աշխարհաբե՛կ, գլուխդ բարձր պահիր»,- կատակում է պապիկներից մեկը: «Գև՜: Հլը նայեք, թե ի՜նչ լավ է ժպտում մեր Գևը»,- հպարտանում է նրանցից մեկի քույրիկը: «Ահա մեր հզոր բանակը»,- մարդկանց միջից լսում եմ հպարտությամբ ասված բառերը,-«Փա՜ռք ու պատիվ ձեզ, հայո՛ց զինվորներ»: Շրջվում եմ. «Ո՞ւմ եք ճանապարհում»,- հարցնում եմ այս խոսքերն ասող տղամարդուն,- «Քրոջս թոռանը՝ Միսակյան Գևորգին: Ինքս էլ 18 տարի ծառայել եմ մեր զինված ուժերում, կապավոր եմ եղել: Մեր բանակը բազում դժվարությունների միջով է անցել, կամավորական ջոկատներից հասել է մինչև կանոնավոր բանակ: Ու հենց այսօր, այս պահը, այս հրաշք արարողությունը վառ ապացույցն է այն բանի, որ մենք օր օրի հզորացնում ենք մեր բանակը»,- ամեն խոսքն ընդգծելով՝ ասում է նա՝ պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ալեքսանյանը:
Պահեստազորի կապիտան Փայլակ Տորոզյանը, որն այդ պահին մոտեցավ մեզ, Վոլոդյա Ալեքսանյանի հին, զինվորական ընկերներից է: 25 տարի էլ նա է ծառայել զինված ուժերում, նույնպես կապավոր է եղել: Պատերազմի տարիներին մասնակցել է Հորադիզի ազատագրմանը: Նա եկել է լսելու քրոջ որդու՝ Ալեն Հովհաննիսյանի երդումը:
Բադեյան Ալբերտը եկել է ճանապարհելու իր անուն–ազգանունը կրող թոռնիկին: Պապիկի դեմքին վճռականություն և հպարտություն է գծագրված: Ասում է. «Շատ բարձր, լավ տրամադրությամբ եմ ճանապարհում թոռնիկիս: Ես Ռուսաստանում եմ ծառայել, խորհրդային զորքերում: Իսկ հիմա մեր որդիները, մեր թոռները ծառայում են մեր հարազատ, հայկական բանակում: Միայն իմոնք չէ, բոլորը մեծ հպարտությամբ պիտի ծառայեն մեր բանակում: Դեռ զորակոչից հետո իրեն չեմ տեսել, բայց երբ մի երկու անգամ հեռախոսով խոսել եմ, շատ դրական է արտահայտվել՝ քնելը՝ լավ, ուտելը՝ լավ: Շատ գոհ է: Ես էլ շատ ուրախ եմ ու հպարտ թոռանս համար»:
Եվ ահա սպասված պահը. անցագրային կետից հերթով սկսում են դուրս գալ քիչ առաջ երդում տված տղաները: Բոլորից մեծ ոգևորություն ու ինքնավստահություն է ճառագում: Բոլորովին կաշկանդված չեն, շարժուձևերը վստահ են, քայլում են ձիգ, խրոխտ, պայծառ ժպիտը՝ դեմքներին: Նրանցից Կարապետյան Դավիթը ոգևորված պատմում է. «Հիմնական զգացումը, որ հիմա ունեմ, հպարտությունն է: Զորամասում եղածս օրերի ընթացքում լա՜վ փոփոխություն եմ տեսնում իմ մեջ: Լուրջ տարբերություն է զգացվում բոլորիս մեջ»: «Կարգուկանոնին, առօրյա պարտականություններին հարմարվո՞ւմ եք»: «Այլ զորամասերում չեմ եղել, չգիտեմ: Բայց կոնկրետ այստեղ հնարավոր չէ չհարմարվել այդ ամենին: Շատ խիստ է դրվածքը, և իրոք շատ ուրախ եմ դրա համար. դա ձգում, պատասխանատու է դարձնում բոլորիս»:
Կուրսանտ Մուսայելյան Յակովը կանգնած է՝ եղբոր աղջնակին գրկած: Փոքրիկ Մանեի աչքերը փայլփլում են արցունքներից, տղան հանգստացնում է, քնքուշ խոսքեր ասում: Մոտենում եմ. «Ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես լաց լինում»,- հարցնում եմ,- «Ոտիկն է ցավում, ընկել, վիրավորել է»,- բացատրում է կուրսանտը: Նայում եմ չոր, համարյա սպիացած վերքին: Ակնհայտ է՝ պարզապես կարոտել է հորեղբորը, ուզում է, որ իրեն գրկի, մխիթարի: Կուրսանտին խնդրում եմ պատմել ծառայության առաջին օրերի մասին: «Շատ գոհ եմ, շատ լավ, հոյակապ է անցնում ծառայությունս: Ամեն գիշեր քնելուց առաջ զգում եմ, որ որոշակիորեն փոխվել եմ: Դե, խելացի մարդկանց մեջ ամեն ինչ էլ փոխվում է»,- կատակում է Յակովը:
Ծառի ստվերում մեր զրույցին հետաքրքրությամբ հետևող մարդկանց բազմություն է: Յակովի հարազատներն են: «Չե՞ք ուզում ձեր զինվորի հետ լուսանկարվել»,- հարցնում եմ:-«Դե, իհարկե, ուզում ենք»,- ուրախ ժպտալով՝ ասում է կուրսանտի մայրը՝ Սուսաննա Մուսայելյանը, և մոտենում է մեզ: «Ես ուղղակի հպարտանում եմ իմ տղայով,- ասում է:- Քսան օր է՝ զորամասում է, ոչ մի բողոք չեմ լսել իրենից: Ճիշտ է՝ քիչ ենք խոսում, բայց երբ էլ խոսենք, ասում է, որ լավ ընկերներ ունի, լավ սպաներով է շրջապատված, լավ սնվում է»: «Ի՞նչ տպավորություններ ունեք երդման արարողությունից, ի՞նչ զգացումներ»,- հետաքրքրվում եմ:- «Ճիշտն ասած՝ չկարողացա տղայիս երդումը լսել, որովհետև այդքան զինվորների մեջ չգտա նրան,- ասում է մայրը:- Մոտեցա մի սպայի, խնդրեցի, որ ինձ օգնի. նկարագրեցի՝ «բոյով, սիրուն տղա է»: Իսկ նա ժպիտով պատասխանեց. «Էստեղ բոլորն էլ սիրուն ու բոյով են»: Նայեցի շարքին ու տեսա, որ իրոք՝ մեկը մյուսից գեղեցիկ, կարգին տղաներ ունենք: Յակովիս այսօր ճանապարհելու են եկել ընկերուհին՝ Յանան, բոլոր ընկերները, քույրը»:
Հայկ Մովսիսյանի տատիկը՝ Անժելա Մովսիսյանը, 4 տղա թոռնիկ ունի: Թոռներից մեկն արդեն ծառայել ու վերադարձել է: Հիմա երկրորդին են ճանապարհում: «Երդման արարողությունը մեծ խորհուրդ ունի,- ասում է տիկին Անժելան:- Հնարավոր չէ առանց հուզմունքի դիտել, թե ինչպես են մեր տղաները հերթով հպարտ, ձիգ մոտենում, արտասանում իրենց երդումը»:
«Եղբայրս շատ շփվող է,- ասում է Հայկի եղբայր Դավիթը,- տեղ–տեղ գուցե չափից շատ է համարձակ: Որպես մեծ եղբայր և ծառայած մեկը՝ եղբորս խորհուրդ եմ տվել, որ ուշադիր լինի: Եվ սա, իհարկե, ոչ միայն դիրքերում չքնելուն է վերաբերում, – ժպիտով ասում է Դավիթը:- Ուշադրությունը միշտ և ամեն ինչում է կարևոր: Շփումների ժամանակ, նոր շրջապատում հարմարվելիս, մի նոր վարժություն կատարելիս, ամեն ինչում»:
«Պատկերացրե՛ք, այնքան հանգիստ եմ,- ասում է Հայկի մայրը՝ Լուսինեն:- Ավագ որդուս՝ Դավիթիս, ավելի դժվարությամբ եմ ճանապարհել: Իսկ Հայկի համար ավելի հանգիստ եմ:
Քառօրյա պատերազմից հետո շատ բան փոխվեց մեր բանակում: Զոհված տղաները և մեր մյուս հերոսները, որոնք պատվով պահեցին մեր հայրենիքի սահմաններն այդ օրերին, ցույց տվեցին, որ իրենք իսկապես արժանի են «հայ զինվոր», «հայրենիքի պաշտպան» կոչումներին: Ու հիմա զորակոչվող տղաները մի այլ` նոր ոգով են բանակ մեկնում: Ես ուսուցչուհի եմ, հատկապես ավարտական դասարանների տղաներից որին խոսեցնում եմ, զգում եմ, թե մեր հերոս տղաներն ի՜նչ հպարտություն են փոխանցել նրանց: Մի դեպք է տպավորվել: Երբ բարեկամներից մեկի տանը զինվորների կենացն էինք խմում, և խոսքը տվեցին Հայկին, առաջին անգամ տեսա, թե տղաս ինչպես խորապես հուզվեց: Ասող–խոսող, աշխույժ որդուցս նման բան չէի սպասում: … Հայկիս դասընկերուհին Ռոբերտ Աբաջյանի քույրն է… Եվ այն դժվար օրերին ամբողջ դասարանը սրտակցում էր նրան: Ռոբերտը նաև Հայկիս դասատուներից մեկի թոռն էր և, բնականաբար, այս ամենը չէր կարող երեխաների վրա խորը տպավորություն չգործել: Վերջին զանգին որդուս դասարանը Ռոբերտ Աբաջյանի վերջին խոսքերով սկսեց միջոցառումը: Չեք պատկերացնի, թե ի՜նչ կատարվեց դահլիճում: Հիշում, ու հիմա էլ եմ հուզվում»…
Բարձրահասակ, ամրակազմ, համակրելի դիմագծերով կուրսանտը վերջապես մոտենում է հարազատներին: Կարիք չկա, որ հարցեր տամ Հայկին՝ նրա ինքնավստահ, շարժուն, աշխույժ կերպարանքն ամեն ինչ ասում է և հաստատում իր մասին ասված բոլոր խոսքերը…
Բանակը համալրվեց ապագա սպաների նոր համակազմով: Տղաներն ամուր են, խանդավառ, տրամադրությունները՝ բարձր: Նրանք իսկապես իրենց ավելի ինքնավստահ ու կայացած են զգում նոր՝ զինվորական համազգեստի մեջ և զինծառայողի ոչ դյուրին, բայց պատվաբեր առօրյայում: Երդման այսօրվա կարևոր արարողությունից հետո նրանց սպասում է ուսումնական աշխատանքը: Փառքո՜վ ծառայեք, սիրելի՛ կուրսանտներ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
մայոր