ԵՐԴՎԵՑԻՆ ՀՕՊ-Ի ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Հակաօդային պաշտպանության ուսումնական զորամասում մի քանի րոպեից կմեկնարկի զինվորական երդման արարողությունը: Շարահրապարակում վերջին նախապատրաստություններն են: Նորակոչիկներն անհանգիստ են՝ հանկարծ չշփոթեն շարային վարժությունները, Հայաստանի տարբեր մարզերից ժամանած նրանց ծնողները՝ հուզված. դեռ երեկ իրենց զավակները երեխա էին, իսկ այսօր տողանի են կանգնել զենքը կրծքին ամուր սեղմած: Հրամանատարներն էլ վերջին հրահանգներն են տալիս: Ահա եւ ժամանում է արարողության պատվավոր հյուրը՝ 2016թ. ապրիլի 2-ին հակառակորդի ուղղաթիռը խոցած Գեւորգ Մանուկյանը: Թեեւ վաղուց զորացրվել է, բայց համազգեստով է: «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի եւ «Արիություն» մեդալի ասպետը 2014 թ. հուլիսին հենց այս զորամասում է երդվել, ապա՝ հնգամսյա հատուկ նախապատրաստություն անցել: Զորամասում է սովորել շահագործել «Իգլա» համալիրը: Անկեղծանում է. այն ժամանակ չի էլ պատկերացրել, որ մի օր այդ զենքը շրջադարձային նշանակություն կունենա իր ու իր ընկերների համար:
–Արցախի հյուսիսային սահմանին եմ շարունակել ծառայությունս: Ապրիլի երկուսի գիշերը դիրքերում էի, երբ աննախադեպ հրետակոծություն սկսվեց,-պատմում է Գեւորգը:-Իսկ արդեն լուսաբացին երեք կիլոմետր հեռավորության վրա ուղղաթիռ եմ նկատել: Քսանութ վայրկյանում մարտական վիճակի եմ բերել «Իգլան» ու, ընտրելով նպաստավոր դիրք, խոցել ուղղաթիռը: Մենք ավարտել ենք ժամկետային ծառայությունը, բայց չենք ավարտել մեր գործը: Քանի դեռ ունենք թշնամի, ուրեմն զինվոր ենք: Այսօր տղաներին խորհուրդ եմ տալու հնարավորինս մանրամասնորեն ուսումնասիրել իրենց վստահված զինատեսակի հնարավորությունները, որովհետեւ մարտի դաշտում, այնուամենայնիվ, վճռորոշը զենքն է:
–Զորամա՛ս, դրոշի ներքո զգա՛ստ,-լսվում է հրամանատարի՝ փոխգնդապետ Գոռ Նազարեթյանի հատու ձայնը: Դրոշակակիր դասակը մարտական դրոշը հանդիսավորությամբ բերում է շարահրապարակ, եւ արարողությունը մեկնարկում է: Սեղաններին զինվորական երդման տեքստն ու երդվողների ցուցակներն են: Նորակոչիկները մոտենում են հերթով, ապա հարյուրավոր ականատեսների՝ հրամանատարների, ընկերների, հարազատների ներկայությամբ ստանձնում իրենց պարտքը անմնացորդ կատարելու պարտավորություն: «Անձնվիրաբար ծառայել Հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը, և հանուն նրա չխնայել կյանքը»,-այս տողերը ՀՕՊ–ի ապագա մասնագետները արտաբերում են ոգեւորությամբ ու հաստատակամությամբ: Ծնողները փորձում են արագորեն լուսանկարել հանդիսավոր պահը, իսկ Գեւորգն էլ ջերմորեն սեղմում է զինվորացած տղաների ձեռքը, շնորհավորում:
Հենց այս պահից նրանք հակաօդային պաշտպանության զինվորներ են: Այս պահից նրանք պատասխանատու են մեր պետության օդային սահմանների անձեռնմխելիության համար: Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Նազարեթյանն ասում է. «Յուրաքանչյուրիդ՝ մասնագիտությանը լիարժեք տիրապետելու ունակությունով է պայմանավորված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը: Գեւորգը՝ մեր ուսումնական կենտրոնի շրջանավարտը, մի քանի տարի առաջ ձեզ նման կանգնած էր շարքում: Նա էլ ձեզ նման երդվեց ծառայել անձնվիրաբար, պաշտպանել հայրենիքը քաջաբար եւ հմտորեն: Եվ հավատարիմ մնաց զինվորական երդմանը՝ խոցելով քսաներկու դիվերսանտի տեղափոխող թշնամական ուղղաթիռը: Մեր պարտքն է շարունակել Գեւորգի եւ նրա ընկերների գործը»:
Նախնական խիստ ընտրություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող զինվորներից մեծ սպասելիքներ ունի նաեւ արարողությանը ներկա ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ–վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը. «Այս զորամասն ունի ուսուցման կուռ ավանդույթներ. այն նորամուծությունների, նոր մարտավարական հնարքների կիրառման առաջամարտիկ է: Ապրիլից հետո էլ ուսումնական ծրագրում կատարվել են բազում փոփոխություններ, մշակվել են մեթոդական համապատասխան ուղեցույցներ, որոնցով էլ այսօր երդում տված նորակոչիկները կսովորեն կիրառել ձեռք բերված արդիական ՀՕՊ միջոցները: Համոզված եմ՝ այս անգամ էլ հավաքակայանում ճիշտ ընտրություն է կատարվել, եւ ուսումնական գործընթացն ավարտելուն պես առաջնագծի ստորաբաժանումները կհամալրվեն թե՛ գիտելիքների պաշարով, թե՛ ֆիզիկական տվյալներով աչքի ընկնող մասնագետներով»:
Ավետիք Հովսեփյանն ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետը: Լսել էր, գիտեր, որ ՀՕՊ միջոցներով խոցում են հակառակորդի օդային թիրախները, բայց թե ինչպես՝ կսովորի զորամասում. «Քրոջս նշանածը շուտով կզորացրվի: Նա էլ է ՀՕՊ ստորաբաժանումում ծառայել, նույնիսկ անօդաչու սարք են խոցել: Բարի նախանձով էի հետեւում նրա ծառայությանը: Եկել է պահը, ես էլ իմ պարտքը պատվով կկատարեմ»:
Մովսես Գալստյանն էլ տնտեսագետ է, բայց նոր մասնագիտացումն էլ է սրտով. «Ինձ համար պատիվ է զինվորագրվել հաղթանակած բանակին, արտաբերել այն երդման տեքստը, որի բառերը արտասանել են Գեւորգ Մանուկյանը, Նարեկ Մալխասյանը, Մարատ Պետրոսյանը, Հարություն Բադալյանը: Վստահեցնում եմ՝ հարկ եղած պահին՝ ես էլ չեմ վրիպի»:
Արման Թովմասյանն էլ հավելում է. «Ուսումնական փուլի ավարտին լիովին կտիրապետենք ՀՕՊ միջոցների առանձնահատկություններին եւ թույլ չենք տա հակառակորդին քիթը խոթելու մեր տարածք»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ հեղինակի
Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Ազգային բանակ