ԽԱՂԱՂ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Սովորականից վաղ ենք արթնացել, որովհետև երկար ճանապարհ ունենք անցնելու` եղբորս՝ Արեգի երդման արարողությանը մասնակցելու համար: Նման կարևոր իրադարձություն յուրաքանչյուր պատանու կյանքում թերևս մեկ անգամ է լինում, ուստի կարելի է պատկերացնել նորակոչիկների հուզմունքը: Բայց, ինձ թվում է, թե նրանց հարազատների հուզմունքն ու ապրումները անհամադրելի են: Չէ՞ որ նրանք երդման արարողության ժամանակ ականատես էին լինելու իրենց որդիների առնական կեցվածքին և հպարտության ինքնաբուխ զգացում էին ապրելու այն մտքից, որ իրենց զավակը, որին դեռ երեկ երեխա էին համարում, արդեն Հայրենիքի պաշտպան է և հանդիսավոր պայմաններում երդվում է անձնվիրաբար ծառայել Հայրենիքին… Այդ պահը, հիրավի, անմոռանալի է թե՛ ծնողների ու մյուս հարազատների և թե՛ նորակոչիկների համար:
Թերևս ոչ բոլորն են երդման արարողության ժամանակ ունեցել իրենց զավակին զինվորների խրոխտ շարքերում գտնելու անհամբեր փնտրտուքի և գտնելու հաջողության բերկրանքը: Սակայն, համոզված եմ, որ այդ պահին ոչ մի ծնողի մտքով իսկ չի անցնում տարբերություն դնել զինվորական խրոխտ շարքում կանգնածների միջեւ, քանզի նրա համար հավասարապես հարազատ են բոլոր զինվորները, ներկաների աչքերում նրանք պարզապես որդիներ են, Հայրենիքի պաշտպաններ…
Երդման հանդիսավոր արարողության վայրի ընտրությունը խորհրդանշական էր և առինքնող. վերջին տարիներին զինապարտները Հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տալիս Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, ինչը սերունդների հաջորդականության և վասն հայրենյաց զոհված մեր քաջորդիների կիսատ մնացած գործի շարունակման առհավատչյան է:
Զինվորական համատեղ ծառայության և մարտական ընկերության սկիզբը խորհրդանշող երդման արարողությանը մի առանձին շուք հաղորդեց զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանի, զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանի, քաղաքային համայնքի ղեկավար Միքայել Գյուրջյանի, ինչպես նաև հրավիրված վետերանների, ծնողների և հարազատների, որոնց խիտ շարքերում կարելի է հանդիպել Արցախյան պատերազմի մասնակիցների, ներկայությունը:
Զորամասի հրամանատարության, համածառայակից ընկերների, ծնողների ու հարազատների, Հոգևոր հոր և Հայրենիքի համար իրենց կյանքը տված ազատամարտիկների ոգեղեն ներկայությամբ բազմաթիվ հայորդիներ երդվեցին իրենց հայրենասիրական ու քաղաքացիական պարտքը կատարել ամենայն պատվախնդրությամբ և երբեք հուսախաբ չանել ինչպես իրենց ծնողներին, այնպես էլ հրամանատարներին:
Տպավորիչ էր գնդապետ Սամվել Գրիգորյանի շնորհավորական խոսքը, որում առկա էր հրամանատարի անսահման սերն ու հավատը իր զորքի հանդեպ: Մարտական պատրաստության գրագետ կազմակերպման ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի շնորհիվ զորամասը փայլուն է գործել ապրիլյան պատերազմի ժամանակ:
Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը կարևորելով օրվա խորհուրդը՝ անդրադարձավ բանակ–հասարակություն, զինվորական կոլեկտիվ–ընտանիք, հրամանատար–ծնող կապին, հայոց բանակին երիտասարդների զինվորագրվելու հույժ կարևոր գործընթացը միասնաբար կազմակերպելու արդյունավետությանը: Նշելով, որ իրավիճակն է թելադրում ունենալ հզոր բանակ, անընդհատ կատարելագործել մեր երկրի պաշտպանունակությունը և բարձրացնել միասնական հայրենիքի անվտանգության մակարդակը՝ բանախոսը կարևորեց ծնողների դերը բանակի հզորության, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
Զորամիավորման հրամանատարության անունից անձնակազմին երդման արարողության կապակցությամբ փոխգնդապետ Ա. Սարգսյանի շնորհավորանքն արձագանքում է ներկաների ականջներում` ասես պարտավորացնելով ավելի եռանդուն մասնակից դառնալու Հայրենիքի պաշտպանության վեհ գործին:
Բոլոր ներկաների ցանկությունը մեկն էր` արժանապատիվ ծառայություն ու խաղաղ արշալույսներ Հայոց բանակի զինվորներին…
ՆԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱրՊՀ ուսանողուհի
Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ