Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ



ԿԱՆԽԵԼ ՀԱՆՑԱՆՔ ԾՆՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸՊարոն Գրիգորյան, քանի որ 2016թ. քառօրյա պատերազմից հետո չենք անդրադարձել բանակում կատարված հանցագործություններին, ուստի՝ մենք այդ մասին անպայման կխոսենք ավելի ուշ, իսկ այժմ խնդրում եմ ներկայացնել օրինականության ամրապնդմանն ուղղված միջոցառումները և պատմել դրանց արդյունավետության մասին: Իրավապահները ասում են, որ պատիժը նույնպես հանցագործությունների կանխարգելում է, այդուամենայնիվ, վստահ եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակում օրինականության մակարդակը բարձրացնող միջոցառումները չեն սահմանափակվել միայն պատժի շրջանակում: Առկա բացահայտումներից ու հարուցված քրեական գործերից դատելով` ինչպե՞ս եք գնահատում օրինականության վիճակը բանակում: Եվ ի՞նչ նոր շեշտադրումներ են արվել՝ իրավիճակից ելնելով:

Այն կարծիքին չեմ, թե պատիժը հանցագործությունների կանխարգելման գործում էական նշանակություն ունի, և այդ կապակցությամբ քրեաբանությունը խիստ հատկանշական օրինակ ունի. երբ Ֆրանսիայում գրպանահատի ձեռքը հրապարակավ կտրում էին, նույն այդ հրապարակում հավաքված քաղաքացիների գրպաններից անհետանում էին դրամապանակները: Այսինքն` նման խիստ պատժի պայմաններում նույնպես գրպանահատությունը շարունակվում էր: Ես ավելի շատ կարևորում եմ պատժի անխուսափելիության սկզբունքը:

Իրավաբանները նաև ասում են, որ հանցանքը սոցիալական երևույթ է, և հանցագործության կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը հանցանք ծնող պատճառները վերացնելն է:

Անշուշտ: Զինված ուժերում օրինականության վիճակը, հանցավորության շարժընթացի մակարդակն ուղղակի կապված են զինված ուժերի մարտունակության հետ. որքան ցածր է հանցավորության մակարդակը, այնքան բարձր է մարտունակությունը: Եվ հակառակը: Զինվորական քննչական գլխավոր վարչության հիմնական խնդիրներից մեկը զինված ուժերին աջակցելն է և բանակում օրինականության առավելագույն մակարդակ ապահովելը: Դա է պատճառը, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում որոշ հանցատեսակների վերաբերյալ, իրականացվում է անհատական հատուկ հաշվառում, և դրանց արդյունքները համապատասխան առաջարկությունների հետ ներկայացվում են պաշտպանության նախարարություն և ԶՈՒ գլխավոր շտաբ, ստորաբաժանումներին պարբերաբար տրամադրվում է տեղեկատվություն քրեական գործերի ընթացքի մասին: Բացի այդ, քրեական գործերի վերլուծությունների եզրակացությունները ի մի բերելով՝ հրամանատարներին միջնորդագրեր են ներկայացվում: Հանցագործություններ ծնող պայմանների և պատճառների վերացման ուղղությամբ կարևորում ենք նաև զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ զորամասերում պարբերաբար դասախոսություններ կարդալու նախաձեռնությունը:

Ո՞վքեր են դասախոսություններ կարդում:

Մեր քննիչները, որոնք իրավական գիտելիքներ են տալիս զինծառայողներին, բացատրում են, թե ինչ իրավական հետևանք կարող է ունենալ այս կամ այն արարքը:

Ես ուսումնասիրել եմ մի շարք զեկույցներ, և հենց Ձեր ներկայացրած տվյալներով՝ 2016-ին բանակում հանցագործություններ կատարած անձանց թիվը աճել է: Ինչո՞վ եք պայմանավորում աճը:

Նախ՝ նշեմ, որ զինված ուժերում բացակայում է կազմակերպված հանցավորությունը` համակարգված կաշառք ստանալը, բուրգաձև հափշտակությունները, զենքզինամթերքի ապօրինի շրջանառությունը և այլն: Ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տվել, որ նույնիսկ կազմակերպված հանցավորության նախադրյալներ չկան բանակում: Կատարվող հանցագործությունները հիմնականում լոկալ բնույթ են կրում: Ինչ վերաբերում է հանցագործությունների աճին, այն պայմանավորված է հիմնականում 2016-ի ապրիլին հակառակորդի կողմից զինված ընդհարման էսկալացիայով, ինչը տարբեր աստիճանի հաճախականությամբ շարունակվել է մինչև հունիսի կեսերը: Հակառակորդի սադրիչ, դիվերսիոնհետախուզական խմբերի ներթափանցման փորձերով պայմանավորված՝ մթնոլորտը չէր կարող իր ազդեցությունը չունենալ զինծառայողների հոգեբանության վրա: Եղել են դեպքեր, երբ զինծառայողները տարբեր պատճառներով հայտնվել են այն տարածքում, որտեղից սպասվել է հակառակորդի հնարավոր ներթափանցման փորձը: Համածառայողները բարձր զգոնությամբ, գերլարված ծառայության պայմաններում ջերմատեսիլ սարքերով հայտնաբերելով կենդանի ուժի շարժ, կարծելով՝ հակառակորդի դիվերսիոնհետախուզական խմբի ներթափանցում է տեղի ունենում, փորձել են ոչնչացնել նրանց: Դժբախտաբար, արձանագրվել են դեպքեր, երբ զինծառայողները հայտնվել են իրենց իսկ անվտանգության համար ականապատված հատվածներում: Գրանցվել են դժբախտ պատահարներ, որոնք պայմանավորված են եղել եղանակային պայմաններով, տարերային աղետով: Լարվածությունը նպաստել է, որ զենքերը խնամելիս, մաքրելիս զինծառայողները խախտեն դրանց հետ վարվելու կանոնները, և զինծառայողի անզգուշությամբ արձակած կրակոցը ինքն իր կամ համածառայակցի կյանքը խլելու պատճառ է դարձել: Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ հանցագործությունների` 2016-ին նկատվող աճը ես պայմանավորում եմ քառօրյա պատերազմի ազդեցությամբ ու դրան հաջորդած լարվածությամբ:

Իմ դիտարկմամբ՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր բանակի հեղինակությունը սասանող ամենածանր հարվածը խաղաղ պայմաններում զինվորի կորուստն է` լինի սպանության, ինքնասպանության հասցնելու, թե զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Ես պիտի խնդրեմ, որ խոսեք մահվան ելքով հանցագործությունների մասին:

Իհարկե, յուրաքանչյուր զինծառայողի մահ ողբերգություն է բոլորիս՝ ամբողջ հասարակության համար: Զինված ուժերի մարտունակության, ինչպես նաև հանրային կարծիքի ձևավորման համար էական նշանակություն ունեցող գործոններից մեկը զինված ուժերում և այլ զորքերում հանցավորության շարժընթացն է, որի կառուցվածքում էական են զինծառայողների մահվան դեպքերը: Մահվան ելքով դեպքերով հարուցված յուրաքանչյուր քրեական գործ քննվում է այնքան ամբողջական ու ավարտուն, որ տուժողների իրավահաջորդները և հասարակությունը ստանան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները և զերծ մնան տարբեր շահարկումներից, զինվորական իրավապահ մարմինների աշխատանքը անհիմն քննադատելու փորձերից: Այս է պատճառը, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նման դեպքերը հատուկ հաշվառվում են, քրեական գործերի քննությունն ընթանում է խիստ հսկողության պայմաններում, պարբերաբար իրականացվում են վերլուծություններ և ամփոփումներ:

Այդ ամենով հանդերձ, կան բողոքներ մահվան ելքով դեպքերի քննության ընթացքից, կան կասկածներ: Երբ բանակում որդի կորցրած մայրը արդարություն է պահանջում: Որքան էլ անհիմն լինեն նրա կասկածները, միակ ելքը դրանք փարատելն է, թեկուզ հազարերորդ անգամ բացատրելն ու ապացուցելը, որ իրավապահների գործողությունները օրինական են: …Ես կուզենայի մեր ընթերցողներին տեղեկացնեիք, թե որքանո՞վ է երաշխավորված մահվան դեպքերով քննության արդարացիությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

Մահվան ելքով դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերի նախաքննությունը կատարում են անձամբ կայազորային քննչական բաժինների պետերը՝ քննչական խմբի կազմով:

Յուրաքանչյուր զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության սկզբնական փուլում կատարվում են այնպիսի անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպիսիք են դեպքի վայրի զննությունը և դիակի արտաքին զննությունը, որոնք, այսպես ասած, դեպքի հայելին են: Նշված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված հետքերի, առարկաների և ձեռք բերված այլ ապացույցների համակցության վերլուծությամբ և գնահատմամբ՝ քննիչը կատարում է հանցագործության դեպքի մոդելավորում: Այնուհետև առաջ է քաշում քննչական վարկածներ: Անհրաժեշտ է նշել, որ քննչական վարկածը փաստական հանգամանքներով պայմանավորված և տրամաբանորեն հիմնավորված՝ քննիչի իրական ենթադրություններն են դեպքի բնույթի, էության, որակման վերաբերյալ: Այսինքն՝ քննչական վարկածները առաջ քաշելու ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները. վարկածը պետք է լինի իրական, քրեական գործում առկա փաստական հանգամանքներով պայմանավորված, այն պետք է տրամաբանորեն բխի ապացույցների վերլուծությունից, չպետք է պարունակի հակասություններ, պետք է համապատասխանի գիտականության և տրամաբանության պահանջներին, հնարավոր լինի ստուգել քննչական ճանապարհով:

Առաջնորդվելով նշված կանոններով՝ քննիչն առաջ է քաշում տիպային վեց քննչական վարկածներ`

1. կատարվել է սպանություն,

2. կատարվել է սպանություն, որը քողարկվել է որպես ինքնասպանություն,

3. կատարվել է անդամախեղում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ,

4. տեղի է ունեցել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ,

5. կատարվել է ինքնասպանություն,

6. տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների գնահատմամբ և վերլուծությամբ՝ քննիչը հարուցում է քրեական գործ:  Նախաքննությամբ, բազմաթիվ և մեծածավալ քննչական և դատավարական գործողություններով, նշանակված տարատեսակ փորձաքննություններով ստուգվում է վարկածներից յուրաքանչյուրը: Իսկ տուժողի իրավահաջորդի կամ մեղադրյալի պաշտպանի և ներկայացուցչի առաջ քաշած վարկածը սովորաբար հուզական ենթատեքստ ունի և զուրկ է իրավական որևէ հիմքից: Դուք լրագրող եք, ու Ձեր կարծիքով՝ մենք պետք է հազարերորդ անգամ բացատրենք ծնողին, եթե կան կասկածներ: Ասեմ, որ այդպես էլ անում ենք: Բայց, երբեմն բախվում ենք անհեթեթության հասնող երևույթների, երբ բոլոր ապացույցներին հակառակ, ծնողը մնում է անդրդվելի և պնդում, որ իր տղան չէր կարող ինքնասպան լինել, ուստի՝ նրան սպանել են: Մինչդեռ, շատ դեպքերում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ տուժողի գործողությունների հետևանքով է պատճառվել վնասվածքը, սակայն ոչ թե ինքնասպանություն կատարելու նպատակով, այլ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

 Շարունակելի

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


09/08/2017