ԴԻՐՔԱՊԱՀ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Արշալույսը դեռ չի բացվել Արցախ աշխարհում։ Հրամանատարը բացվող առավոտի ձայներն է ունկնդրում։ Արցախը քնած է խաղաղ, անվրդով քնով։ Նա գիտե, թե ինչ արժե պատերազմող երկրի խաղաղ այգաբացը։ Մտքով դեռ անցյալ տարի դիրքերում հերոսաբար զոհված զինվորների ու մարտական ընկերների հետ է։ Նրանք ընկան, որ իրենք շարունակեն անառիկ պահել մեր պապերի վաղեմի բնօրրանը՝ կուսական փարթամ բուսականությամբ Արցախ աշխարհի թավուտներն ու սեգ լեռները։
Հարավարևելյան սահմանագծին գիշերն ի լույս արթուն է նա՝ առաջապահ ստորաբաժանման երիտասարդ հրամանատարը, ու թավ հոնքերի տակից արծվի սուր հայացքով հեռուն նայելով՝ մտքերով տարված անհագ կլանում է գլանակի խիտ ծուխը։ Այս գիշեր նրան է վստահված սահմանագծի հարավային հատվածի պաշտպանությունը, նրան է վստահված դեռ 20-ը չբոլորած տաքարյուն երիտասարդների մի ողջ դասակ…
Պատմական իրողությունը մի օր վերականգնելու, Մեծ Հայքի Արցախ նահանգի ամբողջական տարածքը հայ ժողովրդին վերադարձնելու երազանքով՝ հրամանատարն ընտրել էր սպայի պատվաբեր մասնագիտությունը, հրաձիգի անխոնջ ուղեկից զենքը։ Ու Արցախի հարավային դարպասները հսկելիս հրամանատարը հաճախ է խորհում հայ ժողովրդի դեմ իրագործված պատմական անարդարության, այսօրվա սահմաններն անառիկ պահելու ու դեռևս չազատագրված տարածքները վերադարձնելու մասին։
Մայր Արաքսի ափին՝ քաղաքակրթության աղմուկից հեռու այս հեքիաթային բնության անդորրում, դիրքապահի ոչ դյուրին առօրյայում ապրեցնում է հրամանատարին այն միտքը լուսե, որ հեռվում իրեն սպասում է նա՝ իր կյանքը հայ սպայի հետ կապելու ցանկություն ունեցող աղջիկը։ Խոստացել է Գանձասարում՝ իր սիրելիի նախնյաց հայրենիքում պսակադրվել, ինքը՝ համազգեստով, նա էլ՝ Գանձասարի ծաղկանց պսակը գլխին։
Ահա դիրքապահ հայ սպան՝ հրամանատարը, անվրեպ հրաձիգը, աննկուն կամքով, խիզախ ու նվիրական երազանքներով լի, որն ամռան այս անասելի տապին անգամ՝ համազգեստով ու կիսաճտքավոր կոշիկներով, իր զինվորների հետ մարտական հերթապահություն է իրականացնում՝ ապահովելով հայոց աշխարհի խաղաղ այգաբացները։
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ
Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ