ԵՐԴՎԵՑԻՆ
Հաղարծինում
Օրերս Հաղարծին վանական համալիրում՝ Բագրատունիների թագավորական դամբարանի մոտ, հանդիսավոր պայմաններում զինվորական երդում տվեցին գնդապետ Արթուր Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի նորակոչիկները: Ապագա հրետանավորների համար զինվորական երդումով սկսվեց կյանքի մի նոր շրջան, որ կոչվում է զինվորական ծառայություն:
Դեռ մեկ ամիս առաջ քաղաքացիական կյանքով ապրող տղաների ձիգ ու առնական կեցվածքը, վստահ քայլքը վկայում էին՝ նրանք պատրաստ են դժվարությունների միջով անցնելու: Հենց այդ վստահությունն ու ոգեւորությունն էլ առավել գեղեցիկ ու հիշարժան դարձրին երդման արարողությունը:
Դադիվանքում
Երկրի հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող զորամասի նորակոչիկները` Օմարի նորաթուխ արծիվները, խրոխտ կեցվածքով, գլուխները բարձր, արծվենի հայացքները սեգ լեռներին, խոստացան իրենց քաջությունն ու նվիրականությունն ի սպաս դնել մեր պետության ազատության եւ խաղաղության գործին, բարձր պահել Արցախյան ազատամարտով անցած, փառավոր հաղթանակներ կերտած զորամասի անունը: Նրանք երդվեցին արժանապատվորեն եւ անձնվիրաբար ծառայել Հայրենիքին, որ հայը առ Աստված խնկաբույր աղոթք բարձրացնի Գանձասարի Սուրբ Հովհաննես, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներում եւ… Դադիվանքում:
Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Ազգային բանակ