Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԵԼԻ՛Ս, ՍՊԱՍԻՐ, ԿԳԱՄ ՈՒ ՔՈ ԶԻՆՎՈՐԸ ԿԴԱՌՆԱՄ



Զինվորի սրտում միշտ կա սպասում, կարոտ ու սեր… Զինվորն ամբողջ ծառայության ընթացքում մտածում է իր սիրելիի մասին, ժամերն ու րոպեներն է հաշվում, թե երբ է հայրենիքի առաջ պարտքը կատարելու եւ վերադառնալու իր ընկերների, ընտանիքի, սիրած աղջկա մոտ:

Ահա մի քանի խորհուրդ, երբ երկար բացակայությունից հետո, Հայրենիքի առաջ պարտքը կատարած, ձեր սիրելիին ուզում եք հրավիրել ժամադրության:

 

ՍԻՐԵԼԻ՛Ս, ՍՊԱՍԻՐ, ԿԳԱՄ ՈՒ ՔՈ ԶԻՆՎՈՐԸ ԿԴԱՌՆԱՄԲԱՅՑ ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ Ո՞ՒՐ, ԻՍԿ ԵԹԵ ՄԵՐԺԻ՞

Շատերը մերժում ստանալու ահից ուշացնում են առաջին զանգը և հանդիպման հրավերը: Որքան շատ ժամանակ է անցնում ծանոթությունից մինչև առաջին ժամադրությունը, այնքան նվազում է հավանականությունը, որ աղջիկը կընդունի հրավերը: Մի՛ ձգձգեք` կարծելով, որ ամեն ինչ ինքնըստինքյան կստացվի, պատահական հանդիպում մի՛ փնտրեք, ընկերների միջոցով հաղորդագրություններ մի՛ փոխանցեք, այլ վերցրեք հեռախոսը և զանգեք:

Մինչ այդ, որոշեք ձեր ասելիքը. չկա ավելի վատ բան, քան կմկմալ լսափողի մեջ. «Դե, արի ինչ-որ տեղ գնանք»… «Իսկ ո՞ւր ես ուզու՞մ, ե՞րբ է քեզ հարմար»: Տղամարդը հենց սկզբից պետք է թելադրի «խաղի կանոնները», կանայք նրանից հենց դա են ակնկալում:

 

ԱՀԱ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԺԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ «ՈՍԿԵ ԿԱՆՈՆ»

Զանգահարեք ոչ այնքան շուտ, որ աղջկան քնից հանեք, ոչ էլ այնքան ուշ, որ արդեն քնած լինի:

Զանգելուց առաջ պատրաստեք առնվազն երկու առաջարկություն, թե ուր կցանկանայիք գնալ` սրճարան, ցուցահանդես, այգի կամ ինչ-որ միջոցառման: Իհարկե, ցանկալի է, որ հետաքրքիր լինի:

Երկար մի՛ խնդրեք, մի՛ համոզեք. կպչունությունը վանում է:

Ժամադրեք հստակ և ճշգրիտ: Խոսակցության ավարտին համոզվեք, որ աղջիկն ընդունել է հրավերը, հասկացել է, թե որտեղ են իրեն սպասելու:

Այժմ համարձակ զանգահարեք և առաջարկեք հանդիպել:

Եթե աղջիկը հրաժարվում է գալ հանդիպման, դա ամենևին չի նշանակում, որ դուք նրան չեք հետաքրքրում. նա կարող է զբաղված լինել կամ նախապես այլ ծրագրեր ունենալ: Կարող է նաև «թանկացնել» իրեն: Եվ, վերջապես, կարող է նաև մտածել, որ հանդիպմանն անմիջապես համաձայնելը ամոթ է:

Իհարկե, ցանկալի է ժամադրության հրավիրել ոչ թե հեռախոսով, այլ անձամբ. դա լավագույն տարբերակն է: Առավելությունն այն է, որ անմիջական շփման դեպքում դուք տեսնում եք նրան և նրա վերաբերմունքն իմանում նաև ժեստերից ու հայացքից: Այդ դեպքում դժվար չէ հասկանալը` աղջիկը հաճույքո՞վ է ընդունում հրավերը, թե՞ մերժման պատճառներ փնտրում:

Կարող եք ժամադրության հրավիրել նաև SMS-հաղորդագրության միջոցով: Սակայն ակնթարթային հաղորդագրությունների փոխանակումը հրավերի լավագույն ձևը չէ, որովհետև կարճ արտահայտություններով դժվար է փոխանցել բուն ասելիքը: Ավելի լավ է հաղորդագրության միջոցով «հիմք ստեղծել» հեռախոսազանգի համար, օրինակ` «Մտածում եմ քո մասին», կամ էլ` «Այսօր երեկոյան ազա՞տ ես», «Գնա՞նք կինո»: Պատասխանի արագությունից և ձևակերպումից պարզ կդառնա` աղջիկը տրամադրվա՞ծ է շարունակելու զրույցը, թե՞ ոչ:

ՍԻՐԵԼԻ՛Ս, ՍՊԱՍԻՐ, ԿԳԱՄ ՈՒ ՔՈ ԶԻՆՎՈՐԸ ԿԴԱՌՆԱՄ***

Երկար սպասված, անկանխատեսելի, սրտի զարկերն արագացնող… Հենց այսպիսին է առաջին ժամադրությունը: Նրան սկսում ես նախապատրաստվել նշանակված օրվանից շատ շուտ: Ամենահետաքրքիրն այն է, որ հնարավոր չէ գուշակել ժամադրության ընթացքը, իսկ պլանով առաջնորդվել, որպես կանոն, չի ստացվում: Այնուամենայնիվ, կան սկզբունքներ, որոնց ցանկալի է հետևել:

Ժամադրությանը նախապատրաստվելիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին: Պարտադիր չէ հատուկ այդ առիթով նոր կոստյում գնել, պարզապես նախօրոք ընտրեք այն հագուստը, որի մեջ ձեզ հարմար կզգաք: Պակաս կարևոր չէ նաև, որ հագուստը համապատասխանի այն միջավայրին, որտեղ պատրաստվում եք անցկացնել ձեր հանդիպումը («Ադիդաս» ֆիրմայի մարզաշապիկով և կոշիկներով օպերա չեն գնում):

Առաջին հանդիպման ժամանակ ինչպես ձեր, այնպես էլ աղջկա գլխավոր խնդիրը դրական տպավորություն թողնելն է: Եթե աղջիկներն այդ հարցում սովորաբար գերագնահատում են զգեստի կարեւորությունը, ապա տղաները, ընդհակառակը, թերագնահատում են: Նրանք հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում իրենց տեսքին, կարող են չնկատել պոկված կոճակը կամ էլ մոռանալ մեկ անգամ եւս արդուկել վերնաշապիկը: Մինչդեռ հագուստը պետք է խնամված տեսք ունենա: Եվ, իհարկե, առաջին ժամադրության գնալիս ծաղկեփունջը նույնիսկ պարտադիր է:

Ահա նա ձեր կողքին է. զբոսնում եք կամ նստած եք… Ինչի՞ց սկսել զրույցը: Եթե աղջկան վաղուց եք ճանաչում, խոսեք ձեր եւ նրա հետաքրքրությունների, ձեր կյանքի հետաքրքիր դեպքերի մասին: Անկեղծորեն հետաքրքրվեք նրա կյանքով. աղջիկը կգնահատի ձեր այդ ուշադրությունը և կպատմի համարյա ամեն ինչ: Սակայն պետք չէ միանգամից հետաքրքրվել նրա անձնական կյանքի մանրամասներով և հարցնել՝ «Իսկ ընկեր ունեցե՞լ ես»:

Եթե առաջին անգամ եք նրան տեսնում և ոչ մի ընդհանուր թեմա չեք գտնում, կողմնորոշվեք ըստ իրավիճակի: Հնարավոր է, որ աղջկա արտաքինը կհուշի նրա հետաքրքրությունների ոլորտը (ձեռքում պահած գիրքը, լուսանկարչական ապարատը, մարզիկին բնորոշ կեցվածքը և այլն): Եթե չեք կարողանում կողմնորոշվել, զրույցի համար ընտրեք «դասական» թեմաներ. երաժշտություն (ի՞նչ է լսում, ի՞նչ է դուր գալիս/դուր չի գալիս, ինչո՞ւ), գրականություն (ի՞նչ է սիրում/չի սիրում կարդալ, ո՞ր հերոսն է դուր գալիս/դուր չի գալիս, ինչո՞ւ, ինչպե՞ս կվարվեր այս կամ այն հերոսի դերում, այս կամ այն իրավիճակում և այլն):

Աշխատեք, որ զրույցը չնմանվի հարցաքննության, այլ լինի աշխույժ ու անկաշկանդ: Աղջիկները գնահատում են հումորի զգացումը, ուստի, կատակեք, անեկդոտներ պատմեք, սակայն չափի մեջ` կատակները նույնպես կարող են ձանձրացնել: Մի՛ մոռացեք հաճոյախոսել, սակայն կրկին չափի մեջ: Կրկնվող հաճոյախոսությունները կարող են ընկալվել նաև որպես ծաղր կամ հեգնանք:

Աղջիկները, որպես կանոն, ավելի հետաքրքրասեր են և շատախոս, քան տղաները: Ահա նրանց կողմից հաճախ տրվող մի քանի հարց և դրանց գերադասելի պատասխանները.

«Ընկերուհի ունե՞ս»: Լավագույն պատասխանը` «Ես ունեմ ծանոթ աղջիկներ, որոնց հանդեպ իմ հետաքրքրությունն ու համակրանքը փոխադարձ են»: Խուսափեք ուղղակի պատասխանից և միաժամանակ ակնարկեք, որ աղջիկները ձեզնով հետաքրքրվում են:

«Քանի՞ ընկերուհի ես ունեցել» հարցին ավելի լավ է ընդհանրապես չպատասխանել և կատակի տալ, քանի որ, ինչ էլ պատասխանեք, ի վնաս ձեզ է:

«Որտե՞ղ ես աշխատում, ո՞ւմ հետ ես ապրում» հարցերին առաջին հանդիպման ժամանակ ավելի լավ է չպատասխանել: Դուք դեռ ժամանակ կունենաք այդ մասին պատմելու ձեր ընկերուհուն, եթե ձեր հարաբերությունները զարգանան:

 

ԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ

Մի՛ պարծեցեք: Կան տղաներ, որոնք սիրում են ճոխացնել ամեն ինչ, որպեսզի հորինված պատմություններով գերեն աղջկան: Մի՛ ստեք, հակառակ դեպքում, ուղղակի կկորցնեք նրա վստահությունը: Սուտն այն է, ինչն աղջիկները սովորաբար չեն ներում:

Մի՛ քննարկեք ձեր կամ նրա բարեկամներին, միմյանց նյութական վիճակը. դրանք առաջին հանդիպման թեմաներ չեն:

Մի՛ բամբասեք ուրիշ տղաներից, մի՛ քննարկեք նրանց վարքը, հակառակ դեպքում՝ կկորցնեք ձեր հեղինակությունը:

Չի բացառվում, որ ձեր առաջին ժամադրությունը դառնա վերջինը, բայց, հնարավոր է նաև, որ ձեր հարաբերությունները զարգանան, և դուք նրա մեջ գտնեք ձեր ապագա կնոջը: Ինչ էլ որ լինի, առաջին ժամադրությունը կյանքի օգտակար փորձ է:

 

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՖՈՒՐՏՈՅԱՆԸ

Խորագիր՝ #32 (1203) 16.08.2017 - 22.08.2017, Բանակ և հասարակություն


16/08/2017