Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԿՄ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ



ԵԿՄ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽՀայոց երկու պետությունների համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների հիշատակին և մեր հայրենիքի հզորացմանը նվիրված՝ ամեն տարի ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվում է ուխտագնացություն ՀՀ բոլոր մարզեր և Արցախի շրջաններ ու մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս տարի ուխտագնացությունը դեպի Արցախ սկսվել է օգոստոսի 15-ից և տևելու է մինչև սեպտեմբերի 2-ը: Ուխտագնացությանը մասնակցում են եռասերունդ ԵԿՄ անդամներ, Արցախյան գոյամարտի մասնակիցներ, մտավորականներ, հերոս-մարտիրոսների հարազատներ, այլոք: Այս օրերին բոլոր վայրերում, որտեղ կայցելեն ուխտագնացները, տեղի կունենան համերգներ: ՀՀ ԵԿՄ վարչության կողմից 2015 թվականին բոլոր շրջկենտրոններում, Ստեփանակերտում և այլ բնակավայրերում տեղադրվել են Ջուղայի՝ ոչնչացված խաչքարերի կրկնօրինակները: Այցի ընթացքում ուխտագնացներն այցելում են Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհված հերոսներին նվիրված հուշահամալիրներ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհում հուշակոթողներին: Քանի որ ուխտագնացությունը նվիրված է նաև Գիտելիքի օրվան, առաջին դասարան ընդունվողների համար Երկրապահը հատկացնում է պայուսակներ ու գրենական պիտույքներ: Հերոսների մարտական ուղով անցնող ուխտագնացությունը նվիրված է նաև հերոսներ ծնած մեր մայրերին, ովքեր սրտի թրթիռով ամեն օր սպասում էին իրենց որդիների վերադարձին, և շատերը չտեսան այդ բաղձալի պահը:

ԵԿՄ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԱՐՑԱԽՕգոստոսի 18-ին, ուխտագնացության շրջանակներում, Բերձորում էին մի խումբ ազատամարտիկներ՝ ԵԿՄ վարչության ներկայացուցիչ Պետրոս Ամիրյանի գլխավորությամբ: Նրանց դիմավորեցին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը: Այցելելով Վահան Զատիկյանին նվիրված պուրակ, որտեղ պատվո պահակ էին կանգնել Երիցվանքի Մ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի պատանի երկրապահները, ծաղիկներ խոնարհեցին Զատիկյանի կիսանդրու ներքո: Այնուհետև կայացավ այցելություն Բերձորի՝ Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեցին խանարհված պատերի մոտ, ծաղիկներ խոնարհեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հատուկ գնդի հերոսներին նվիրված հուշակոթողների մոտ: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց այցի համար և ասաց.

-Այս տարածքներն ազատագրվել են մեր քաջորդիների արյան գնով, և մենք շենացնում ենք: Այսօր էլ կան շատերը, ովքեր պատրաստ են հարկ եղած դեպքում դուրս գալ թշնամու դեմ:

Նա շնորհակալություն հայտնեց նաև, որ այս ուստարում շրջանի հանրակրթական դպրոցներ ընդունվող մոտ 230 առաջին դասարանցիներ ապահովվել են պայուսակներով ու գրենական պիտույքներով:

ԵԿՄ ներկայացուցիչ Պ. Ամիրյանը տեղեկացրեց, որ այցը կայանում է ամենամյա ուխտագնացության շրջանակներում: Նշեց նաև, որ ընթացքում կայանալու են այցելություններ նաև զորամասեր, մարտական հենակետեր, խրախուսվելու են զինվորները:

-Անցնելու ենք այն ճանապարհով, որով անցել ենք 1989-94 թվականներին, որը սրբացել է մեր հերոսների արյամբ, -ասաց Պ. Ամիրյանը և հավելեց, որ օգոստոսի 24-ին Շուշիում կայանալու է մայր միջոցառումը, նույն օրը համերգ տեղի կունենա նաև Բերձորում: Նշեց նաև, որ հաջորդ օրն այցելելու են Երիցվանք գյուղ և Կովսական քաղաք:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

ՀՀ ԵԿՄ Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահ

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Բանակ և հասարակություն


23/08/2017