Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»



«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»Հրետանային դիվիզիոնը ձորի մեջ է` պաշտպանված կտրտված կանաչ լեռներով:  Ձորի երկայնքով դասավորված են ուսումնական կետերը: Ծածկի տակ կողք-կողքի մարտական մեքենաներն են: Զինվորները լվանում, մաքրում, ստուգում են սարքինությունը: Ավելի հեռվում շտաբն է: Մեծ սենյակում, գրասեղանի մոտ նստած է դիվիզիոնի շտաբի պետը՝ մայոր Վահե Շեկոյանը: Նա ինչ-որ թվեր է ճշգրտում, ուղղում, լրացնում: Թողնում է գործն ու բացատրում. հունիսի 5-9-ը լեռնահրաձգարաններից մեկում դիվիզիոնը մասնակցել է բրիգադի մարտավարական զորավարժությանը:

-Ինչպե՞ս եք կրակել,-հետաքրքրվում եմ:

-Լավ էր,-մայորը գոհ ժպիտով է պատասխանում:-Ինը նշանակետերն էլ խոցել ենք: Թիրախների հաշվարկները վաղուց էինք կատարել, բայց հրետանու վարչության պետը անսպասելի որոշում կայացրեց: Նոր կրակային խնդիր առաջադրեց՝ ընտրելով պատահական նշանակետեր: Մեր արձակած արկերը ճիշտ կետում պայթեցին: Ոչ պլանային թիրախները խոցեցինք ժամանակին ու դիպուկ: Զորամիավորման հրետանու պետը՝ գնդապետ Գասպարյանը, միանգամից իջավ կրակային դիրք:  «Ապրե՛ք»,-ասաց:

– Դո՞ւք էիք ղեկավարում դիվիզիոնի կրակը:

-Այո: Անակնկալի չեկա: Հաճախ մարտավարական պարապմունքների վերջին րոպեին ինքս եմ փոփոխում խնդիրը: Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պատրաստ ենք ցանկացած անսպասելիության,-վստահ ասում է մայոր Շեկոյանը:

«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»Հրետանային այս դիվիզիոնը մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանում է: Թե արձանագրած ցուցանիշներով, թե մարտական պատրաստությամբ, թե ռազմամասնագիտական ուսուցման կազմակերպմամբ առաջամարտիկ է բանակային զորամիավորումում. երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է լավագույնը: Առաջատար է նաեւ 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներով:

-Երեւի տեղանքի բարդությունից է, որ ոչ մի րոպե չենք թուլանում,-ասում է շտաբի պետը՝ կարծես խորհրդավոր գաղտնիք բացահայտելով:-Մեր դիրքերը հակառակորդի առաջնագծից մի քանի կիլոմետր են հեռու: Դիվիզիոնը մասնակցել է ապրիլյան ռազմագործողություններին: Եվ չնայած մեր ուղղությունում թեժ մարտեր այդպես էլ չեն ծավալվել, բայց սպասում էինք: Մեզ մնում էր միայն քաշել հրանոթի թելը:

Ապրիլյան պատերազմի դասերն այստեղ էլ են «սերտել»: Մարտագործողություններից հետո երեք ամիս դիվիզիոնի անձնակազմը դիրքերն էր կահավորում-ամրացնում. տեսահսկման սարքերն էին գործարկում, խորացնում էին կրակակետերը, փոփոխում պատնեշների տեխնիկական պարամետրերը, ավելացնում զինամթերքի հորերի ու խրամաճեղքերի քանակը:

-Մարտական դիրքերում հուսալի քողարկել ենք տեխնիկան: Հիմա ավելի ամուր ենք,-մարտական տոնով ասում է մայոր Շեկոյանը:

Դիվիզիոնի առաջնային խնդիրը մոտոհրաձգային ստորաբաժանումներին կրակով աջակցելն է: Դրա համար համալրված են անհրաժեշտ հեռահարության զինատեսակներով, օրինակ՝ M-33 հաուբիցներով: Այն նախատեսված է հակառակորդի ամրաշինական ու ինժեներական կառույցները, կենդանի ուժը, կրակային դիրքերը, ուղղաթիռները վայրէջքների հարթակներում խոցելու համար:

-Տեղաշարժելը հեշտ է: Ռելիեֆային բարդ պայմաններում ավելի մեծ տրամաչափի հրանոթներն այնքան էլ արդյունավետ չեն. չենք կարող արագ հավաքվել ու հարձակվել,- բացատրում է մայորն ու առաջարկում,- Եկեք դուրս գանք: Դրսում ցույց տալու շատ բան կա:

 

Դաշտային լսարանում

Ես նրա ետեւից արագ քայլում եմ ծառուղով: Մտնում ենք շվաքարան: Ներկի թարմ  հոտ է տարածվել չորս կողմը: Ուղիղ գծով շարված են նոր ձուլված միջոցները. դիվիզիոնի զինծառայողների  ինքնատիպ նորամուծություններն են:  Մայոր Շեկոյանը ոգեւորված պատմում է, թե ինչպես են դետալ առ դետալ հավաքել դրանք: Բայց եւ խնդրում է՝ չլուսանկարահանել, մանրամասներ չհրապարակել:

Մայոր Շեկոյանը լայն-լայն, կտրուկ քայլերն ուղղում է դեպի ծավալված ուսումնական կետը: Զինվորականը երկու տարի է, ինչ մեկ այլ սահմանային զորամասից տեղափոխվել է այստեղ: Ինքնակամ է եկել, որովհետեւ իր համոզումն է.  «Ասֆալտի վրա հող պահել չի լինի, պիտի էդ հողին կանգնես»: Հարցնում եմ՝ ընտանիքո՞վ է առաջնագծում: Կատակում է. «Որտեղ ջոկի հրամանատարը, այնտեղ էլ ջոկը»: Հետո «պարզեցնում է»՝ հրետանավորի ընտանիքում հրանոթի հրամանատարը ամուսինն է, նշանառուն՝ կինը, հաշվարկի համարն էլ երեխաներն են: Հասկանում եմ՝ մեկն առանց մյուսի չի լինի:

-Առանց հրետանու էլ պատերազմում հարց չես լուծի: Մինչեւ հրետանավորներն իրենց մատը չխառնեն, գործը գլուխ չի գա: Չէ՞, տղերք,-մայորը հարցնում է գործնական վարժանքի նախապատրաստվող զինվորներին: Իհարկե, համաձայնում են:

«Դաշտային լսարաններում» բացազատված որոշ կրակային միջոցներ միշտ մարտական վիճակում են՝  փողերը դեպի թշնամու նշանակետերը: Եթե հակառակորդին հաջողվի առաջախաղացում կատարել, ապա առաջնագծում ծավալված դիտակետից կսպասարկեն հրանոթների կրակը, մինչեւ հիմնական ուժերը հասնեն կրակային դիրքեր:

Հրետանային կայանքները սպասարկող անձնակազմերի հետ անցկացվում են տարաբնույթ տեսական եւ գործնական մասնագիտական պարապմունքներ, որոնց արդյունավետությունը դիվիզիոնի շտաբի պետն անձամբ է ստուգում: Հիմա էլ ցուցումներ է տալիս, ապա հրաման՝ տեխնիկան բերել մարտական դրության: Հիշեցնում է՝ գերազանցը 45 վայրկյանն է: Կարճ խորհրդակցությունից հետո հաշվարկը գործի է անցնում: Շարժվում են այնպիսի արագությամբ, որ չես հասցնում աչք թարթել: Վայրկյաններ անց զեկուցում են մարտին պատրաստ լինելու մասին: Չեմ սխալվում՝ հաշվարկը նախատեսվածից շատ ավելի արագ է կատարել առաջադրանքը:

-Երեւի ձեր ամենապատրաստված անձնակազմն է,-ասում եմ գրեթե համոզված:

-Մենք անվարժ զինվոր չունենք,-հակադարձում է մայոր Շեկոյանը:

Հաշվարկի հրամանատարը կրտսեր սերժանտ Տիգրան Արմենյանն է, որ տեխնիկան շահագործում է ընդամենը կես տարի եւ համոզված է՝ եթե խելացի լինես, բայց ոչ ինքնավստահ, հաջողության չես հասնի: Նշանառուն Շարքային Արտեմ Գրիգորյանն է, որ դիպուկ կրակելու համար կարեւորում է հրանոթի դիրքը. այն պետք է ուղղահայաց լինի: Փականորդը Գարեգին Սուլթանյանն է, որ զորավարժության ժամանակ տեսավ, թե ինչն են կատարելության հասցնում: Վարորդն էլ Արթուրն է. հարկ եղած դեպքում զենքը կկցի կցորդիչին ու կրակային դիրք կհասցնի: Լիցքայինը Գոռ Գրիգորյանն է, որ իր զենքի կրակը ստորգետնյա ուժեղ ցնցման է նմանեցնում: Վահագն Աղաջանյանը տեղակայողն է: Ասում է` ոչինչ չեմ պատմելու, մարտական գաղտնիք է:

 

Մեծ խնդիր լուծող փոքր զենքը

«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»Գործնական վարժանքների համար նախատեսված մյուս կետում ենք: Այստեղ ակտիվ պարապմունքներ է անցկացնում 120 մմ ականանետային հաշվարկը: Մարտկոցի հրամանատար, կապիտան Ֆրունզե Աղաջանյանն է հետեւում զինվորների գործողություններին: Քանի դեռ տղաներն ականանետը բերում են կրակային դիրք՝ զբաղեցման,  հրամանատարը զինատեսակի մարտավարական-տեխնիկական բնութագիրն է ներկայացնում: Ասում է՝ բավականին շարժունակ է,  եթե անգամ քարշակը վնասվի, անձնակազմի ուժերով էլ կարելի է մի կետից մյուսը փոխադրել: Հրաձգության հեռահարությունը 6 կմ է: Լեռնային տեղանքում արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս կախովի կրակ վարել: Իսկ  գործարկման սկզբունքը նույնն է, ինչ մյուս հրետանային միջոցների դեպքում.  որոշիչը ճիշտ հաշվարկն է:

Իր մասին պատմելիս է սակավախոս: Կարճ է կապում. «Պապս հրանոթներով կարկուտ էր ցրում, ես էլ որոշեցի հակառակորդին ցրել»: Եվ անկեղծ ու բարձրաձայն ծիծաղում է: Դիվիզիոնի շտաբի պետ Շեկոյանն է միջամտում, թե մարտկոցը ապրիլյան կռիվների օրերին մշտական մարտական հերթապահությունում էր: Իսկ ուսումնական փուլի ամփոփիչ ստուգարքների ընթացքում բարձր ցուցանիշներ է արձանագրել, հետո զորավարժության ժամանակ մարտական հրաձգություն վարել եւ «լավ» գնահատականը վաստակել:

Շարքային Ռաֆայել Նիկողոսյանը երկու անգամ արդեն կրակել է. «Մեկ տարի առաջ զորավարժության ժամանակ շեղ կրակեցի, հաջորդ մի քանի օրը նույնիսկ հաց չէի ուտում: Ծանր էր, բայց հրամանատարներիս օգնությամբ կարողացա թերությունները շտկել: Հունիսյան զորավարժության ընթացքում ամեն ինչ իմ ուզածով ստացվեց»:

Շարքային Գոռ Միրզոյանը պատմում է, որ մինչեւ բանակ գալը չէր էլ պատկերացնում, թե ինչ է ականանետը. «Միայն հաղորդագրություններում էի կարդում, որ հակառակորդը 120 մմ ականանետով խախտել է հրադադարը:  Այդքանը: Հիմա լավ գիտեմ՝ ում եւ ինչպես կարելի է ջարդել այս զենքով»:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Դարբինյանն էլ ասում է՝ եթե մոտ տարածությունից կրակես, ոչ միայն թեթեւ դաշտաշեն կառույցները կավիրես, այլեւ՝ թշնամուն կխոցես. «Ճկուն ու հզոր զենք է: Փոքր տարածությունում մեծ խնդիր է լուծում. նույնիսկ կարող է փոխել մարտական գործողությունների ընթացքը»:

-Իսկ հիմա նորից անցնենք գործի,-միջամտում է կապիտան Աղաջանյանը:

Չենք խանգարում: Հեռվից ենք հետեւում հրամանները հմուտ կատարող ականանետային մարտկոցի զինվորների վարպետությանը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»

 

 

«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»

«ՄՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՔԱՇԵԼ ՀՐԱՆՈԹԻ ԹԵԼԸ»

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/08/2017