Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ



ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԶորամասի վարժարանը իրական մարտի դաշտ էր հիշեցնում: Իսկ ամենից ուրախալին այն էր, որ ստորաբաժանումների գործողություններում պարզապես հնարավոր չէր տարբերակել փորձառուներին եւ նոր զորակոչված զինվորներին:

Օգոստոսի 14-ին ԶՈՒ-ում մեկնարկեց ուսումնական տարվա երկրորդ փուլը: Այն լուսաբանելու նպատակով այցելեցինք փոխգնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող մշտական մարտական պատրաստականության մեջ գտնվող զորամասի վարժարան: Զորամիավորման հրամկազմի հետ հետևեցինք եռօրյա պարապմունքների ավարտական փուլին: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանով մարտավարաշարային պարապմունքներում ընդգրկվել էր զորամասի ամբողջ անձնակազմն ու զինտեխնիկան: Ամեն ինչ այնքան մոտ էր իրականին, որ առաջին հայացքից թվում էր, թե իրական մարտական գործողությունների շրջանում ես:

Զրուցեցինք  զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արթուր Սարգսյանի հետ.

-Մեր զինված ուժերում ուսումնական փուլերն առհասարակ մեկնարկում են մարտավարաշարային պարապմունքներով, որոնք տեւում են երեք օր: Առաջին օրվա պարապմունքները նախատեսված են ջոկ-դասակ-վաշտի համար, երկրորդ օրվանը՝ գումարտակի, իսկ երրորդ օրը ներգրավվում է զորամասի կազմը: Պարապմունքների թեմաները հիմնականում նույնն են: Քանի որ զորամասերը նոր են համալրվել, անձնակազմի փոփոխություն է տեղի ունեցել, բնականաբար, ուսումնական փուլը սկսել ենք  մարտական պատրաստականության պարապմունքներով: Յուրաքանչյուր զինծառայող զորամասը կամ ստորաբաժանումը մարտական պատրաստության վիճակի բերելու ժամանակ պետք է ի սկզբանե իմանա իր տեղը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԻհարկե, ելնելով զորամասի առանձնահատկություններից` կազմակերպչական որոշակի փոփոխություններ ենք կատարել, տեղայնացվել են խնդիրները: Եվ քանի որ որոշ ստորաբաժանումների շենք-շինությունները, զինանոցները, պահոցները և այլն ոչ տիպային են, ուստի, ըստ հրամանատարների ուղարկած պլանների, պարապմունքների ժամանակ անձնակազմը պետք է դրսևորի ստեղծագործական  մոտեցում: Մեր նպատակն է զորամասը, ստորաբաժանումները  մարտական գործողությունների դեպքում սահմանված ժամկետում լիարժեք պատրաստ վիճակի բերել եւ ուղարկել կանխորոշված շրջաններ:

Պարապմունքների և վարժանքների ժամանակ չեն լինում  մեծ ու փոքր խնդիրներ, կարևոր ու ոչ կարևոր հարցեր: Աներկբա ճշմարտություն է. մարտական պատրաստականության բարձր մակարդակը պահպանել, հաջողություններ արձանագրել  հնարավոր է միմիայն նպատակասլաց մարզումների, վարժանքների, ինչպես նաև զորքի բարոյակամային բարձր հատկանիշների շնորհիվ: Սա հրաշալի են գիտակցում փոխգնդապետ Ա. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸՄարտավարաշարային պարապմունքների երրորդ  օրը վարժանքներն անցկացվեցին զորամասի կազմով: Զորամիավորման հրամանատարի ցուցումով անձնակազմն ու տեխնիկան դուրս էր բերվել նստեցման շրջան: Առաջին անգամ եռօրյա վարժանքներում ներգրավված էր  նաև նոր անձնակազմը, հետևաբար չէր բացառվում, որ կարող էին ինչ-ինչ խնդիրներ ծագել, որոնց անհրաժեշտ կլիներ շուտափույթ լուծում տալ: Զորամասը եռօրյա վարժանքների ընթացքում հաջողությամբ եւ լիարժեքորեն տեսականը իրագործեց գործնականում: Ինչպես ասում են` լավ սկիզբը գործի հաջողության կեսն է:

-Մարտական պատրաստականության բարձր մակարդակի ապահովումը զորամիավորման գլխավոր խնդիրն է: Այսօրինակ պարապմունքներն ու մարզումները պետք է շարունակական լինեն, քանի որ այդպես է միայն հնարավոր հարկ եղած դեպքում կատարել մարտական առաջադրանքը ճիշտ և սահմանված ժամկետում: Պարապմունքները կանոնակարգված են. մեր զորամիավորումում պարտադիր անցկացվում են յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի օրը: Անձնակազմը պետք է անընդհատ կատարելագործի իր մարտական պարտականությունների ֆունկցիոնալ իմացությունը: Ի վերջո, անընդհատ ինչ-որ բան է փոփոխվում, որն էլ հանգեցնում է թե ժամանակի կրճատմանը, թե միջոցառումների  որակի բարելավմանը: Անելիքները դեռ շատ են, սակայն եթե շարունակենք այս տեմպերով մարզվել, կհասնենք սահմանված նշաձողին,-ասաց գնդապետ Ա.Սարգսյանը:

Մենք եղանք նաեւ հրաձգային գումարտակներից մեկի գործողությունների  շրջանում: Գումարտակը ոտքի հանվեց «տագնապ» ազդանշանով: Անձնակազմը ստացավ զենք-զինամթերք, հանդերձանք և ըստ դասակների` շարասյուններով մեկնեց նստեցման շրջան, որտեղ էլ ստորաբաժանումների հրամանատարները սկսեցին պարապմունքները: Երկրորդ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռուսլան Պետոյանի «տագնապ» ազդանշանով անձնակազմը նստում է մեքենաները: Նկատելի էր, որ երիտասարդ սպան նախանձախնդիր է իր պարտականությունների կատարման մեջ. ոչ մի մանրուք չէր վրիպում նրա աչքից: Նստեցման գործողության ընթացքին, որ կատարվեց մի քանի անգամ, ակնդետ հետևում էր գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հովիկ Նազինյանը:

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ-Ճիշտ չեն կատարում, վարժ չեն կատարում, ուրեմն պետք է այնքան  կրկնեն, որ ունենանք պահանջվող արդյունքը: Պակաս կարեւոր չէ անվտանգության կանոնների պահպանումը:

Դ-30 հրետանային դիվիզիոնի նստեցման շրջանում ենք: Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Հայկ Պետրոսյանի հետ հետեւում ենք  անձնակազմի վարժանքներին:  Դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Սայադ Սմբատյանն անձամբ է անցկացնում մարտավարաշարային պարապմունքները: Հանկարծ լսվեց հրամանատարի` «ՈՒշադրություն, դիվիզիոն, մեքենաների մոտ, տեղերում» հրամանը: Առաջին իսկ փորձից անձնակազմը, որի կազմում նաև նորակոչիկներն էին, հաշված րոպեներում կատարեց առաջադրանքը՝ արժանանալով հրամանատարի խրարուսանքին: Առաջադրանքը կատարելիս, ամենևին էլ չնկատվեց, որ սատորաբաժանման գործողություններում ըդգրկված է նոր անձնակազմ:

-Բոլորի ուշքն ու միտքը հրամանի ճիշտ կատարումն է: Տղաները վարժ ու սահուն կատարեցին առաջադրանքը,-նկատեց գնդապետ Հ.Պետրոսյանը:

Զորավարժարանից հեռացանք տպավորված. տեսանք ու համոզվեցինք, որ զորամասի անձնակազմը  նվիրածությամբ ու ջանասիրաբար է իրականացնում մարզումները: Ամեն մեկն իր տեղում էր, շարքայինից մինչև հրամանատար իրենց  պարտականությունները կատարում էին`  ձգտելով չսխալվել: Յուրաքանչյուրը գիտակցում էր, որ հենց իր արձանագրած արդյունքով է պայմանավորված թե ստորաբաժանմանը, և թե զորամասին առաջադրված խնդրի հաջող կատարումը:

Վաղը նոր օր կբացվի, եւ զորամասի անձնակազմը կանցնի ուսումնական փուլի շարունակական պարապմունքներին…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #33 (1204) 23.08.2017 - 29.08.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/08/2017