Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԾՈՎ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾ ԾՈՎԱԿԱԼԸ



ԱՆԾՈՎ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾ ԾՈՎԱԿԱԼԸՕգոստոսի 22-ին լրացավ ԽՍՀՄ հերոս, ծովակալ Հովհաննես Իսակովի 123-ամյակը

 

– Բարի երեկո, Իվան Ստեփանովիչ, Պոսկրեբիշևն է  Ձեզ անհանգստացնում, կներեք ուշ ժամի զանգահարելու համար,ավելի ճիշտ կլիներ ասել` բարի լույս,- հեռախոսի ընկալուչի մեջ հնչում էր  իր գործի վարպետ, հաստատակամ պաշտոնյայի կոշտ ու տիրական ձայնը,- Իոսիֆ Վիսսարիոնովիչն ուզում է հանդիպել Ձեզ հետ, ե՞րբ կարող եք գալ:

– Հենց հիմա,- պատասխանեց Իսակովն ու, հեռախոսը կախելով, սկսեց հագնվել`հընթացս զանգահարելով վարորդին: Լինելով պրոֆեսիոնալ զինվորական, նա գերազանց հասկանում էր, որ Ստալինի օգնականի` «Ե՞րբ կարող եք գալ» հարցը զուտ քաղաքավարական  ժեստ էր. իրեն հրամայված էր  գնալ Ստալինի մոտ: – Բայց ինչու՞ այս ուշ ժամին,- մտորում էր ծովակալը, մի՞թե իրեն էլ են  գցել գերագույն գլխավոր հրամանատարի «սև ցուցակի» մեջ… Այն ցուցակի, որում հայտնվողները կարճ ժամանակ հետո  հրաժեշտ էին տալիս կյանքին, կամ, լավագույն դեպքում, ընտանյոք բռնում  Սիբիրի ճանապարհը…

… Ստալինը  Իսակովին ընդունեց առանց վայրկյան իսկ սպասեցնելու: Ընդառաջ գնալով  խռովահույզ մտքերի մեջ սուզված ծովակալին, ձեռքն ամուր սեղմեց, աթոռ առաջարկեց, ինքը մնաց կանգնած, ու, առանց նախաբանի, ստեպ-ստեպ ծխամորճն իջեցնելով, սկսեց.

– Ընկեր Իսակով,Դուք հավանաբար տեղյակ եք մեր ռազմածովային նավատորմի աննախանձելի վիճակի մասին, ի՞նչ կարծիքի եք, եթե գործերին ցանկալի ընթացք տալու համար Ձեզ նշանակենք ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ:

– Ընկեր Ստալին,-թեթևացած շունչ քաշելով, պատասխանեց Իսակովը,- պետք է Ձեզ զեկուցեմ, որ  ես լուրջ թերություն ունեմ` զրկված եմ մի ոտքից:

– Դա միա՞կ թերությունն է, որի մասին Դուք նպատակահարմար եք գտնում զեկուցել,- ոչ այն է ժպտալով, ոչ այն է տխուր  քմծիծաղով նետեց Ստալինը:

– Ճիշտ այդպես,- հաստատեց ծովակալը:

ԱՆԾՈՎ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾ ԾՈՎԱԿԱԼԸ– Մենք  նախկինում շտաբի պետ ունեինք` առանց գլխի, ոչինչ, աշխատում էր,-բազմանշանակ ժպտալով ասաց  Ստալինը,-Դուք ոտք չունեք, դա սարսափելի չէ, չեմ կասկածում, որ առանց մի ոտքի էլ լավ կաշխատեք…Շնորհավորում եմ Ձեր նշանակումը, հաջողություն…

…Աշխարհակործան պատերազմի  հաղթական ավարտից մեկ տարի էր անցել: Հեռավոր հայկական գյուղում ծնված հայրենասեր զորականը պատերազմի ընթացքում հասցրել էր ստանալ ծովակալի` ռազմածովային ուժերի ամենաբարձր կոչումը:  Պատմության հոլովույթում ծովը կորցրած, ծովի սիրով  ու տենչանքով ապրող հայ մարդու կարոտա՞խտն էր նրան ծովային դարձրել, թե՞ իր մեծ հայրենիքին անմնացորդ ծառայելու բուռն ցանկությունը: Իսկ  գուցե՝ և մեկը, և մյուսը:

Ինչևէ, Իվան Ստեփանի Իսակովն արեց  ամեն ինչ` բարձր պահելու իրեն ծնած ու սնած ժողովրդի պատիվը, ամուր պահելու երկրի ծովային դարպասները, թույլ չտալու թշնամուն թափանցելու մեր սուրբ հողը…

…Անծով երկրում ծնված ծովակալի ղարաբաղցի պապը` Եգոր Տեր-Իսահակյանը ջրաղացպան էր, հայրը`  ճանապարհների ու երկաթգծերի տեխնիկ-շինարար: Մայրը` Իդա Լաուերը շվեդական ծագումով էստոնուհի էր: Աշխատանքի բերումով  Իսահակյանները հաստատվել էին  Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի Հաջիքենդ փոքրիկ գյուղում, որտեղ էլ 1894 թ. օգոստոսի 22-ին ծնվեց  Հովհաննես Իսահակյանը:  Հայրը շուտ հրաժեշտ տվեց կյանքին ու  մանկահասակ երեխաներին պահելու հոգսն իրենց վրա վերցրին  մայրն ու նրա եղբայրը: Ուսումնասեր մայրը մեծ ցանկություն ուներ  զավակներին կրթության տալու և իր սուղ միջոցներից տնտեսելով, եղբոր օգնությամբ կարողանում է  երկու երեխաներին ընդունել տալ միջնակարգ դպրոց, իսկ Հովհաննեսին` Թիֆլիսի ռեալական դպրոց, որտեղ սովորելու տարիներին  նա  ցուցաբերում է փայլուն ընդունակություններ գրեթե բոլոր առարկաներից, տարվում ծովագնացության ու ճանապարհորդների կենսագրությունների ուսումնասիրմամբ: 1913 թ.  Հովհաննեսը մեկնում է  Պետերբուրգ` ուսանելու տեխնոլոգիական ինստիտուտում: Այստեղ սովորելիս ուսումնատենչ պատանին  դիմում է տալիս` ընդունվելու ծովային կորպուս, սակայն մերժվում է`  այլազգի լինելու և ազնվական կոչում չունենալու պատճառով: Հովհաննեսն ստիպված փոխում է անուն-ազգանունն ու Իվան Իսակով դարձնելով  ընդունվում է Պետերբուրգի ծովային դպրոց, մասնակցում հեռավոր արևելյան ծովային երկու արշավների,  ավարտում գարդեմարիայի (ծովայինների) կուրսերը, ստանում միչմանի կոչում: Որոշ ժամանակ երիտասարդ ծովայինը ծառայում է Հեռավոր  Արևելքում, որտեղ ցարական Ռուսաստանը ստեղծել էր ինչպես առևտրային, այնպես էլ ռազմական նավատորմ` իրենց սառցահատներով: Այնուհետև տեղափոխվում է  Բալթիական նավատորմ, որտեղ և հիմնականում կոփվում է իբրև ծովային: Նա ծառայում էր բարեխղճորեն, պատրաստակամ էր ու ընկերասեր, անընդհատ աշխատում էր գիտելիքները հարստացնելու ուղղությամբ, վայելում ինչպես ծառայակից ընկերների, այնպես էլ հրամանատարության սերն ու համակրանքը:

Ծառայությունը` որպես ռևիզոր, նոր կառուցվող «Իզյասլավ» ականակիրում, էլ ավելի լայնացրին Իսակովի մտահորիզոնն ու նավաշինության բնագավառում ունեցած գիտելիքները: Այստեղ նա աշխատում էր գերլարված ռեժիմով, գիշերում նավախցում` շարքային ծովայինների ու սպաների կողքին: «Քաղաքում բնակարան չունեի,- հետագայում իր հուշերում գրում է ծովակալը,-մտերիմ ընկեր էլ չունեի, ծնողներս հեռավոր Կովկասում էին…»:

«Իզյասլավը» հսկայական  դեր ունեցավ գերմանական նավատորմի դեմ մղված մարտերում, և այդ հաղթանակները կազմակերպելու գործում  անգնահատելի էր Իսակովի ներդրումը: Պատահական չէ, որ երիտասարդ ծովայինին ականակիրի նավաստիներն ընտրեցին նավապետի ավագ օգնական:

ԱՆԾՈՎ ԵՐԿՐՈՒՄ ԾՆՎԱԾ ԾՈՎԱԿԱԼԸ1922-28 թվականներին Իսակովը ծառայում էր Սևծովյան նավատորմում` սկզբում որպես նավի հրամանատար, կապի ծառայության պետ, ծովուժի օպերատիվ շտաբի պետի օգնական, շտաբի պետ և այլն: 1927-28 թվականներին խոստումնալից ծովայինը ծառայությունը զուգակցում էր ռազմածովային ակադեմիայի ղեկավար կազմի կուրսերում ունկնդիր լինելով, որից հետո գործուղվեց ծառայության Սևծովյան նավատորմի շտաբ: Մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբը  Իսակովը  ռազմածովային ուժերում ղեկավար աշխատանքների էր, դասախոսում էր ռազմածովային ակադեմիայում: 1938 թ.  44-ամյա հայորդին արդեն  ԽՍՀՄ ռազմածովային ուժերի նախարարի առաջին տեղակալն էր,ռազմածովային ակադեմիայի պետը: Հատկանշական է, որ Իսակովը այդ պատասխանատու պաշտոններին նշանակվեց` լինելով անկուսակցական. մի բան, որ աննախադեպ էր Խորհրդային Միության պատմության մեջ: Նա ԽՄԿԿ անդամ դարձավ միայն 1939 թ.` 45 տարեկան հասակում:

1940 թ. Իսակովին շնորհվում է ծովակալի կոչում, իսկ նոյեմբերին Կրեմլում կայացած խորհրդակցություններից մեկի ժամանակ, Ստալինի հանձնարարությամբ Իսակովը նշանակվում է ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ: Այս ընթացքում գիտնական-ծովակալը մշակում է  երկրում առաջին`  նավատորմի մարտական կանոնադրությունը, «Ծովային մարտեր մղելու հանձնարարականը», որոնք առ այսօր նորմատիվ փաստաթղթեր են Ռուսաստանի նավատորմում:

Հայրենական մեծ պատերազմն Իսակովը դիմավորեց Բալթիկայում` Հյուսիսարևմտյան ուղղության  գլխավոր հրամանատարի նավատորմի գծով  տեղակալի պաշտոնում: 1942 թ. գարնանը ծովակալն ուղարկվեց Կովկաս, որտեղ մեր զորքերը Սևծովյան նավատորմի հետ միասին  ծանր մարտեր էին մղում թշնամու դեմ:

1942 թ. հոկտեմբերի 4-ին առաջին գիծ հերթական այցելության ժամանակ Տուապսեի մոտ Իսակովը ծանր վիրավորվեց և բժիշկներն ստիպված էին հեռացնել նրա ոտքը: Ապաքինվելուց հետո 1946 թ. Իսակովը վերստին նշանակվեց ռազմածովային նավատորմի շտաբի պետ, 1947-ին` ռազմածովային նավատորմի փոխնախարար` պատերազմի փորձի ուսումնասիրման և օգտագործման գծով: 1954 թվականին Իսակովը նշանակվեց ԽՍՀՄ ծովային նավատորմի նախարարի տեղակալ և նախարարության տեխնիկական խորհրդի նախագահ: 1958 թ. մայիսից ծովակալ Իսակովը ղեկավարում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խումբը: 1944-ին Իսակովին շնորհվել էր նավատորմի ծովակալի,1955-ին` ԽՍՀՄ նավատորմի ծովակալի կոչումը, որն հավասազոր է ցամաքային զորքերի մարշալի կոչմանը: Այդ բարձրագույն կոչմանը  ցայսօր արժանացել են Իսակովից բացի ընդամենը երկուսը` ծովակալներ Կուզնեցովն ու Գորշկովը: 1965 թ. մայիսին ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իսակովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի բարձրագույն կոչումը:

Անգնահատելի է Իսակովի ներդրումը  Խորհրդային Միության ռազմական նավատորմի ստեղծման, այն գիտական բարձր մակարդակի հասցնելու, համապատասխան կանոնակարգերի ու հրահանգների կազմման, խմբագրման ու հրատարակման գործում: Նրա անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ հրատարակված «Ծովային քարտեզը», որ համաշխարհային քարտեզագրության ու օվկիանոսագիտության մեջ նոր խոսք էր, 1951 թ. արժանացավ 1-ին կարգի Ստալինյան մրցանակի, որն այն ժամանակներում ամենաբարձր պետական պարգևն էր:

Գիտնական-ծովայինը 1938 թ. պաշտպանած «Ցինդաօսյան գործողությունը» գիտական թեզի համար ստացել էր  ռազմածովային գիտությունների թեկնածուի, իսկ 1946-ին` դոկտորի կոչում,պրոֆեսորի գիտական աստիճան: 1958 թ. Իսակովն ընտրվեց ԽՍՀՄ  գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, նա ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ էր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գրողների միության անդամ, խորհրդային մեծ հանրագիտարանի գիտական խորհրդի, պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովների, մի շարք գիտական ամսագրերի գիտական խորհուրդների անդամ, պարգևատրվել է Լենինի 6, Կարմիր աստղի 3 շքանշաններով ու մեդալներով, մի շարք երկրների կառավարական բարձրագույն պարգևներով:

Ապրելով ու ստեղծագործելով Մոսկվայում, տաղանդավոր հայորդին սերտ կապեր էր պահպանում ինչպես Ռուսաստանի մայրաքաղաքի հայերի, այնպես էլ Հայաստանի ու իր ծննդավայրի հայրենակիցների հետ: Պատերազմի տարիների հուշերում հայրենասեր զորավարը գրում է. «…Ինձ երբեք չի լքում այն միտքը, որ նավի վրա, Ֆիննական ծոցի ցրտերի մեջ պաշտպանելով Ռուսաստանի սահմանները, ես պաշտպանում եմ նաև Հայաստանը»:

Պատերազմի ավարտից հետո, հաղթանակած զորականը, կարոտով հիշում է հայրենիքը. «Ապրում եմ Հայաստանով, պաշտում եմ իմ ստեղծագործ ժողովրդին: Կուզեի կրկին տեսնել  Լոռվա հիասքանչ անտառներն ու անդնդախոր ձորերը, կապուտակ Սևանը, կանգնեի Նորքի գեղատեսիլ բարձունքների այգիներում ու անընդհատ նայեի մեր քաղաքներից հնագույնին ու լավագույնին` Երևանին, ճաշակեի Արարատյան դաշտավայրի անմահական պտուղները…»: Եվ հետո` «Ես ցանկացա նմանվել մեր նշանավոր զորավարներին` ծովակալ Սերեբրյակովին, գեներալներ Մադաթովին, Լազարևին, Տեր-Ղուկասովին ու մյուսներին, չնայած նրանց համեմատ ես դեռ շատ փոքր եմ…»:

Նա, իհարկե, փոքր չէր իր նշանավոր հայրենակիցներից, փոքր էր կենսաբանական տարիքով ընդամենը, իսկ կատարած գործերով, տաղանդով ու  բազմաթիվ շնորհներով միգուցե մեծ էր բոլորից: Նրան սիրում ու գնահատում էին բոլոր ճանաչողները, սիրում էին խելացիության, պարտաճանաչության,անսահման բարության ու համեստության համար: Ստալինի նման ինքնասիրահարված մեկը, որ իրենից բացի ոչ մեկի մեծությունը չէր ընդունում, խոնարհվում էր Իսակովի մեծության առաջ… Այո, մեծերը, անկախ ժամանակից ու հասարակական հարաբերություններից, միշտ էլ իրենց տեղն ու դերն ունեցել են պատմության մեջ, նրանք այս կամ այն ժողովրդի աղն են, առանց որոնց ժողովուրդը, ինչպես հայտնի անեկդոտում  մեր տխրահռչակ հարևաններն էին բնութագրվում՝ դառնում է՝ ՑՏՋպ վՈՐՏՊ: Ի դեպ, աշխարհին  Հայաստանն ու հայկականը որպես, այսպես կոչված, ադրբեջանական ներկայացնող հարևանները 1991 թվականի հայտնի դեպքերից հետո ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքներում քանդեցին ու ոչնչացրին մինչ այդ հանրագիտարաններում ու պատմության գրքերում իրենց իսկ կողմից ադրբեջանցիներ ներկայացվող ծովակալ Իսակովի, մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի արձաններն ու նրանց կյանքն ու գործունեությունը ներկայացնող թանգարանները…

Ականավոր հայորդու փոթորկահույզ սիրտը դադարեց բաբախել 1967 թվականի հոկտեմբերի 11-ին։Նրա  մարմինն ամփոփվեց Մոսկվայի Նովոդեվիչևյան գերեզմանատանը:

Ծովակալ Իսակովին հիշում են, գնահատում ու մեծարում, և կգնահատեն, քանի դեռ գնահատվում են տաղանդը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, ազնվությունն ու համեստությունը: Իսկ դրանք անանց արժեքներ են, որ երբեք չեն կորցնի իրենց դերն ու նշանակությունը, բոլոր ժամանակներում այժմեական ու հարգի կլինեն…

 

ԱՍՔԱՆԱԶ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական պատմաբան-վերլուծաբան

Խորագիր՝ #34 (1205) 30.08.2017 - 05.08.2017, Պատմության էջերից


30/08/2017