ԳԻՏԵԼԻՔԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է
Կրթության եւ գիտության օրը մեծ շուքով եւ հանդիսավորությամբ նշվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Կուրսանտներին տոնական օրվա առթիվ շնորհավորեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ- լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նա կարեւորելով բանակը մասնագետներով համալրելու գործընթացում ռազմական կրթօջախների դերը, միաժամանակ շեշտեց, որ չպետք է բավարվել միայն ստացած գիտելիքներով, այլ հարկ է՝ զինվորական կարիերայի ընթացքում մշտապես կատարելագործվել: Մովսես Հակոբյանը կոչ արեց ուսումնառության տարիներն արդյունավետ օգտագործել, ջանք ու եռանդ չխնայել գիտելիք ձեռք բերելու համար:
Կուրսանտներին շնորհավորեց նաեւ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանի պետ՝ գեներալ- մայոր Արմեն Ղահրամանյանը. «Թեւակոխելով նոր ուսումնական տարին, մենք մեր առջեւ նորանոր խնդիրներ ենք դնելու՝ չբավարարվել արձանագրված առաջընթացով, ձեռք բերած հաջողություններով, այլ ընդհակառակը, նոր մարտահրավերներին ընդառաջ` զարգացնել եւ կատարելագործել այն ամենը, ինչ պետք է սովորեցնենք մեր ապագա սպաներին ուսումնառության տարիներին»:
Հանդիսավոր միտինգից անմիջապես հետո սպաների դարբնոցում սկսվում է ուսումնական գործընթացը:
Զրուցում ենք առաջին կուրսեցիների հետ:
Այս տարի եւս կուրսանտների շարքերում քիչ չեն աղջիկները:
Լորետա Դանիելյանը Ստեփանակերտից է, ապագա հրետանավոր.
-Վերջապես երազանքս իրականություն դարձավ,-ուրախությունը չի թաքցնում Լորետան,- մայրս դժվարությամբ, բայց համաձայնեց, որ ռազմական կրթություն ստանամ: Ես մանկությանս տարիներից տեսել եմ զինվորական կյանքի բոլոր դժվարությունները՝ հայրս զինվորական է, այնպես որ՝ հստակ գիտակցելով եմ եկել:
-Առյուծն առյուծ է՝ էգ լինի լինի, թե որձ,- ժպիտով նկատում է կուրսանտ Հարություն Հարությունյանը:
– Սահմանամերձ Ելփին գյուղից եմ,-ներկայանում է Հարությունը,- հայրս 92 թվականի գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից է: Սահմանին ապրող յուրաքանչյուր մարդ զինվորի, զինվորականի հանդեպ առանձնահատուկ ակնածանք ունի՝ զինվորը խաղաղություն պահողն ու պարտադրողն է: Հորեղբորս որդին զինծառայող է, եղբայրս՝ Գարիկը, մեր համալսարանի 4-րդ կուրսում է սովորում, հրետանավոր է, ես էլ եմ նրա հետքերով գնում:
Արտյոմ Մանգյանն էլ Արարատից է.
– Փոքր հասակից տեսել եմ զինվորական կարգուկանոն. հայրս զինվորական է, հաճախ եմ նրա հետ այցելել զորամաս: Դպրոցական տարիքից էլ սկսել եմ մարզվել՝ հասկանալով, որ մարզվածությունը, ֆիզիկական պատրաստվածությունը, կոփված լինելը մեծ նշանակություն եւ կարեւորություն ունի զինվորի համար:
Ավագ եղբայրս նույնպես զինվորական է: Ապրիլյան օրերին հայրս էլ, եղբայրս էլ մարտական հենակետերում էին:
Որոշել եմ՝ ռազմական համալսարանում ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել, լավ կսովորեմ, որ հայրս ու եղբայրս ինձնով հպարտանան: Ի դեպ՝ փոքր եղբայրս դեռ դպրոցական է, բայց նա էլ է վճռականորեն նպատակադրվել՝ միանալու է մեզ:
Մինչ նոր ընդունվածները կուսումնասիրեն ռազմական գործի այբուբենը, կծանոթանան ռազմական տեխնիկայի գաղտնիքներին, չորրորդ կուրսեցիներն արդեն մասնագիտական բավարար հմտություններով են զինված, ուսումնական տարվա ավարտին նրանք կհամալրեն հայոց բանակի շարքերը:
Համազորային ֆակուլտետի մոտոհրաձգային բաժնի 4-րդ կուրսեցի Արմինե Գրիգորյանը այս առթիվ ասաց.
-Նայում եմ առաջին կուրսեցիներին, հիշում իմ առաջին օրերը ռազմական կրթօջախում: Բազմաթիվ դժվարություններ կան, բայց համոզված եմ, իրենք էլ կհաղթահարեն, ինչպես ժամանակին մենք հաղթահարեցինք: Մաղթում եմ՝ պատվով եւ սիրով, արժանապատվորեն կրեն զինվորական համազգեստը, հավատարիմ լինեն ընտրած մասնագիտությանը:
Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1206) 06.09.2017 - 12.09.2017, Ազգային բանակ