ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և ջանքերով 4 տարի անընդմեջ` 2014-2017թթ. կյանքի է կոչվել «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը: Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով 2014-2016թթ կազմակերպված դրամահավաքների ընթացքում հանգանակված 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամն ամբողջությամբ ուղղվել է բարեգործական ծրագրի իրականացմանը: Նախաձեռնության արդյունքում աջակցություն է ցուցաբերվել հակառակորդի հետ շփման գծում, մարտական հերթապահություն իրականացնելիս զոհված զինծառայողների, միաժամանակ 2 և ավելի զինծառայող ունեցող ընտանիքների, առաջին, երկրորդ և երրորդ խմբի զինհաշմանդամների` թվով 762 ընտանիքի:
Վերոնշյալ ծրագրերն իրականացվել են ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության տրամադրած ցուցակների համաձայն:
Մշտապես լինելով հայոց բանակի կողքին, Թեմը, բնականաբար, չէր կարող չարձագանքել ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան իրադարձություններին։ Նավասարդ Սրբազանի հորդորով և օրհնությամբ, Արցախի բանակին, ժողովրդին, սահմանապահ զինվորներին աջակցելու գաղափարի շուրջ համախմբվեցին թեմի համայնքներն ու անհատ բարերարներ: Արդյունքում կազմակերպվեց և հաջողությամբ իրագործվեց Արցախի պաշտպանության բանակի աջակցության բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում թեմի հոգևորականների գլխավորությամբ միայն 2016թ. ապրիլ և մայիս ամիսներին Արցախի առաջնագիծ իրականացված 11 այցելությունների արդյունքում հասցվել է 33 տոննա օգնություն (շուրջ 45 մլն դրամի)` սննդի, հիգիենայի պարագաների, հագուստի, դեղորայքի և բժշկական պարագաների, անվադողերի, հեռադիտակների, գիշերային դիտման սարքերի, առաջին անհրաժեշտության տարբեր իրերի տեսքով։ Բազմաբնույթ օգնություն է ցուցաբերվել Թալիշ գյուղից բռնագաղթած ընտանիքներին։
Արցախյան ծրագրի հետ կապված կարևորվում է նաև այն հանգամանքը, որ թեմի հոգևոր հովիվների կողմից զինվորներին ցուցաբերվում է ոչ միայն նյութական օգնություն այլ նաև` հոգևոր և բարոյական աջակցություն, այս կերպ զորակցելով նաև մեր Եկեղեցու` Զինված ուժերի հոգևոր սպասավորներին: Նրանք անձնապես այցելում են առաջնագիծ, հանդիպում զիվորների հետ անգամ ամենավտանգավոր կետերում։ Զորամասերում ու հենակետերում քահանա հայրերի գլխավորությամբ բազմիցս միասնական աղոթք է հնչեցվել Հայոց բանակի զորացման, զոհված զինվորների հոգիների հանգստության և վիրավոր զինվորների ապաքինման համար։
2017թ. սեպտեմբերին, Նավասարդ Սրբազանի անձնական նախաձեռնությամբ 17 միլիոն ՀՀ դրամ կնվիրաբերվի 34 զինվորի ընտանիքի: 500.000ական դրամ կստանա 26 զոհված զինծառայողի ընտանիք, և 8 առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամ:
2016, 2017թթ. Սբ. Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ Նավասարդ Սրբազանի մտահղացմամբ իրականցվել է ևս մեկ ծրագիր` «Սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրում», որի արդյունքում 41 լավագույն զինվորիների տրամադրվել են հատուկ նրանց համար սահմանափակ քանակությամբ պատրաստված Սբ. Սարգիս զորավարի խորհրդանշական զարդապատկերներ և խաչեր, նաև 200.000 ական ՀՀ դրամ: Պաշտպանության նախարարության կողմից բոլոր 41 զինծառայողներին տրամադրվել է տասնօրյա արձակուրդ:
Լ.ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՀՀ ՊՆ ԶՍՊ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Խորագիր՝ #36 (1207) 13.09.2017 - 19.09.2017, Հոգևոր-մշակութային