Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՀՀ-ՈՒՄ ԿԻԲԵՌՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՀՀ-ՈՒՄ ԿԻԲԵՌՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի զեկուցումը՝ սեպտեմբերի 18-20-ը Երևանում անցկացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական վեցերորդ համաժողովի «ՀՀ պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով նիստի ժամանակ:

Մարդկությունը թևակոխում է չորրորդ գիտատեխնիկական հեղափոխության շրջան: Այն բնութագրվում է պետության, հասարակության և անհատի կենսագործունեության բոլոր ոլորտներում տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների գերիշխմամբ, գործունեության համատարած թվայնացմամբ ու համակարգչայնացմամբ: Դրանով իսկ ստեղծվում են նոր աննախադեպ հնարավորություններ, որոնք իրենց հետ բերում են նաև որակապես միանգամայն նոր սպառնալիքներ ու մարտահրավերներ: Մասնավորապես` կիբեռսպառնալիքներն ու կիբեռհանցագործությունները ձեռք են բերել անդրազգային բնույթ, երբ աշխարհի յուրաքանչյուր կետ խոցելի է ցանկացած այլ կետից, երբ ջնջվում են պետությունների ֆիզիկական սահմաններն ու հարձակումները կատարվում են ակնթարթորեն` համակարգչային արագությամբ: Նման պայմաններում այդ սպառնալիքներին արդյունավետ դիմագրավումը հնարավոր է միայն միջազգային համագործակցությամբ: Ուստի յուրաքանչյուր պետություն այլ պետությունների հետ գործընկերային կապեր հաստատելու համար պետք է նրանց ներկայանա որպես այդ առումով փոխգործակցելի պետություն:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես ենթարկվում է իր ագրեսիվ հարևանի ռազմական հարձակումներին: Այդ հարձակումները ֆիզիկական տարածությունից տեղափոխվել են նաև վիրտուալ տարածություն: Ուստի Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությունը էապես պայմանավորված է նրանց ոչ միայն ավանդական պաշտպանական ներուժով, այլև կիբեռկարողություններով:

Եվ միջազգային համագործակցությունն այն համապիտանի արդյունավետ գործիքներից է, որը հնարավորություն է տալիս իրավական, հաստատութենական, տեխնիկատեխնոլոգիական ոլորտների, կարևոր կիբեռենթակառուցվածքների նպատակաուղղված կատարելագործմամբ զարգացնելու Հայաստանի կիբեռկարողությունները` դրանով իսկ նպաստելով նրա տեղեկատվահաղորդակցային ու կիբեռանվտանգության ապահովմանը և միջազգային գործընկերության տեսակետից գրավչության մեծացմանը:

Միջազգային համագործակցության զարգացման առումով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է զգալի աշխատանք` գիտատեխնիկական կապեր հաստատելով, մասնավորապես, տվյալ ոլորտում ԱՄՆ-ի առաջատար պետական ու մասնավոր կազմակերպությունների հետ: Այս տեսակետից ուշագրավ է 2015 թ. սեպտեմբերի 23-ից 25-ը Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը ամերիկյան «Մայքրոսոֆտ» ընկերության գլխամասային գրասենյակ և արգասաբեր հանդիպումները ընկերության ղեկավարության, այդ թվում` փոխնախագահ, սփյուռքահայ մտավորական Վահե Թորոսյանի հետ:

Տվյալ առումով իր ներդրումն ունի նաև ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, որը սերտ ակադեմիական կապեր է հաստատել ԱՄՆ-ի անվտանգային ոլորտի առաջատար պետական գիտակրթական կազմակերպության` Պաշտպանական ազգային համալսարանի հետ: Այդ բազմաշերտ ու բազմուղի համագործակցության կարևոր բաղադրիչներից է գործընկերությունը կիբեռանվտանգության ոլորտում: Մասնավորապես` հայկական պաշտպանական համալսարանի մի քանի երիտասարդ մասնագետներ տարբեր ժամկետներով գիտական ստաժավորում են անցել ամերիկյան համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջում, որը կիբեռոլորտում ԱՄՆ-ի գերազանցության կենտրոնն է և պետական ու մասնավոր հատվածները կամրջող կարևոր կառույց: Այդ համագործակցության շրջանակներում մեր համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ազգային անվտանգության քաղաքականության և տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները մշակել են և նշված քոլեջում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցում ու Հայաստանի Ազգային ժողովի հանձնախմբում գիտական փորձարկման են ենթարկել Հայաստանի կիբեռանվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որն այնուհետև հրապարակվել է «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի նորերս լույս տեսած համարում:

Ներկայումս կենտրոնում մշակվում է Հայաստանի կիբեռտարածության ռեսուրսների  արդյունավետ կառավարման նորամուծական համակարգի ձևավորման նախագիծը: Այս համակարգի ներդրումը ենթադրում է տվյալ ոլորտները կառավարող հատուկ պաշտոնյաների պատրաստում` միասնական գիտելիքի հիմքի վրա, ինչի համար կենտրոնում զուգահեռաբար մշակվում է «Կիբեռտարածության ռեսուրսների  ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիրը, որը նախատեսվում է գործարկել 2018 թ. աշնանը:

ԱՄՆ-ի պետական գերազանցության կենտրոն հանդիսացող  Պաշտպանական ազգային համալսարանի Տեղեկատվության և կիբեռտարածության քոլեջի հետ այս համագործակցությունը արգասաբեր հեռանկարներ է ստեղծում Հայաստանում կիբեռոլորտի մասնավոր ու պետական հատվածների կամրջման խթանման առավել առաջավոր ամերիկյան մոդելով գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման  համար:

Եվ այստեղ հույժ կարևոր դեր կարող է խաղալ մեր Հայոց Սփյուռքը, քանի որ կիբեռանվտանգության ապահովումը ոչ թե համապետական, այլ համազգային խնդիր է, որի լուծումը պահանջում է ամբողջ ազգի ոչ միայն մարդկային ու նյութատեխնիկական, այլև կազմակերպական ու մտավոր ներուժի նպատակային համախմբում` հեղինակավոր հայ գործիչների հասարակական կշռի և անձնական կապերի գործարկմամբ: Եվ դրա վառ օրինակներից է «Վիասֆեր Ինտերնեյշնել» ընկերության գլխավոր տնօրեն, «ԱրմՏեխ» համաժողովի նախագահ Թոնի Մորոյանի, «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ-հետազոտող դոկտոր Երվանդ Զորյանի և ոլորտի այլ սփյուռքահայ ականավոր գործիչների հայրենանվեր գործունեությունը:

Հայաստանի կիբեռկարողությունների զարգացման գործում սփյուռքահայության ակտիվ ներգրավումը և նրա մասնակցության հետագա ընդլայնումը ստեղծում են Հայաստանի կիբեռկարողությունների հարաճուն զարգացման հուսալի հեռանկարներ: Այս ներգրավումը բխում է մեր ազգի ընդհանրական շահերից, քանի որ Հայաստանին հնարավորություն է տալիս զարգացնելու իր կիբեռկարողությունները` ի սպաս ամբողջ ազգի, միևնույն ժամանակ, էապես ամրապնդելու Հայաստան-Սփյուռք կապերը` նպաստելով սփյուռքահայության ազգային ինքնության պահպանմանը:

Ամփոփելով ելույթս, պատիվ ունեմ դիմելու կիբեռտարածության մեր հարգարժան սփյուռքահայ առաջավարներին՝ Հայոց պետականության վերստեղծման 100-ամյակին ընդառաջ, գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության անվտանգ զարգացմանը նպատակաուղղված վերոնշյալ Կիբեռանվտանգության ռեսուրսների ռազմավարական կառավարման ինստիտուտի ստեղծման գործում:

Խորագիր՝ Նորություններ


19/09/2017