Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸ



ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՎԵՍՏԸՍկիզբը՝ նախորդ համարներում

Հին ժամանակներում առավել փորձառու զորավարները համոզվելով, որ անհասանելի են հակառակորդի համար, սպասողական դիրք էին գրավում, մինչ թշնամին կբացահայտի թուլության որեւէ նշան:
Անհաղթ լինելը քո սեփական արժանիքն է, ինչպես եւ թշնամուդ խոցելի լինելը կախված է իրենից:
Զորավարը կարող է դառնալ անհաղթ, բայց նա չի կարող թշնամուն դարձնել խոցելի: Այսինքն` նա կարող է ստույգ իմանալ իր անելիքը հաղթելու համար, բայց դա չի նշանակում, որ ի զորու է իրականացնել:
Երբ ստույգ գիտես, որ չես հաղթի` պաշտպանողական դիրք գրավիր:
Երբ պատրաստ ես գրոհելու` գրոհիր:
Եթե ուժերդ զիջում են հակառակորդին, հարկ է պաշտպանողական դիրք ընդունել, իսկ երբ բանակի հզորությունը բավարար է հաղթանակի համար` հարկ է հարձակվել:
Եթե խուսափում ես ճակատամարտից` պետք է այնպես թաքնվես, կարծես հողը կլանել է քեզ: Իսկ եթե հարձակվում ես, գրոհդ պետք է երկնքում ճայթած կայծակի նմանվի:
Պետք չէ գուշակ լինել հաղթանակը կանխագուշակելու համար, որն ի սկզբանե ակնհայտ է բոլորին: Թեեւ քեզ կոչում են «հմուտ զինվոր», հաղթելով մարտը, դու չես դրսեւորում որեւէ արտառոց հատկանիշ, քանի որ մեծ ճիգեր պետք չեն գետնից աշնան տերեւը բարձրացնելու համար, ու երեւելի տեսողություն պետք չէ` արեւը լուսնից տարբերելու, ինչպես անհրաժեշտ չէ գերլսողություն ունենալ, որպեսզի ամպրոպի ճայթյուն լսել: Հին ժամանակներում նրանք, որոնց կոչում էին «հմուտ զինվոր», հաղթում էին թշնամուն, որին հեշտ էր հաղթել, եւ այդ հաղթանակները «ռազմական արվեստի վարպետներին» չբերեցին ո՛չ փառք, ո՛չ էլ փայլուն զինվորի կոչում, քանի որ ի սկզբանե էին կանխորոշված:
Հաղթանակն այն բանակինն է, որը սկսելով մարտը, համոզված է իր հաղթանակում, իսկ այն բանակը, որը միայն հաղթանակի հույսով է մտնում ասպարեզ, առանց իր հնարավորությունները նախապես գնահատելու` դատապարտված է պարտության:
Մարտարվեստի իրական վարպետները խստագույնս հետեւում են ռազմավարության ու մարտավարության կանոններին` այսպիսով ստուգելով սեփական հաջողությունները:
Մարտարվեստի հիմնական չափորոշիչներն են.
♦ տարածքի չափերի գնահատումը,
♦ նախնական հաշվարկները,
♦ հանրագումարը,
♦ համեմատությունները,
♦ հաղթանակի հնարավորությունը:
Տարածքի չափերի գնահատումը իրականացվում է հնարավոր ռազմի վայրում, ինչը տալիս է քանակական տվյալներ, որոնք իրենց հերթին բերում են հանրագումարի, սա բերում է համեմատության, որով գնահատվում է հաղթանակի հնարավորությունը:
Հաղթողի բանակը երկու չափ ցորենն է` մեկ հատիկի դիմաց:
Պարտվողի բանակը փոքրիկ հատիկն է` երկու չափ ցորենի դիմաց:
Նախնական գրագետ հաշվարկները հաղթող հրամանատարին հնարավորություն են տալիս առավելագույնս դրսեւորել սեփական զորքի հնարավորությունները, եւ դրանք ուղղել թշնամու վրա` զսպող պատվարը հանկարծ ավերող հզոր սելավի պես:
Շարունակելի

Խորագիր՝ #38 (1209) 27.09.2017 - 03.10.2017, Հոգևոր-մշակութային


27/09/2017