ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Զրույց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետ, մայոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
-Պարոն Հովհաննիսյան, բանակի ռազմաբժշկական կառույցի խնդիրների մասին գրելիս նախկինում մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք մարտական ծառայություն կատարող անձնակազմին տրվող առաջին բուժօգնության որակը բարձրացնելու հարցին: Սակայն հոսպիտալներում մեկամսյա դասընթացներով պատրաստված սանհրահանգիչների գործունեությունը որակական փոփոխության չէր բերում: Ինչո՞ւ սանհրահանգիչների դպրոցը` ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը, այսքան ուշ հիմնադրվեց: Բանակի կազմավորումից 25 տարի անց, այն դեպքում, երբ սահմանային ընդհարումները երբեք չեն դադարել, եւ մենք ունեինք սանհրահանգիչների պատրաստման ամերիկյան եւ եվրոպական փորձը:
-Առաջին բուժօգնությունը` հատկապես հրազենային վիրավորումների, կոտրվածքների ժամանակ, կենսական նշանակություն ունի: Կարող է դրանից կախված լինել հիվանդի բուժման արդյունավետությունը, նույնիսկ կյանքը: Տարիներ շարունակ փորձ է արվել խնդիրը լուծել սանհրահանգիչների պատրաստման մեկամսյա կուրսը հնարավորինս արդյունավետ դարձնելու ճանապարհով: 2015թ. Սան Անտոնիոյի բուժակների պատրաստման դպրոցի մասնագետները` 6 հոգի, «68 wisky» ծրագրով մեր բանակի 11 զինծառայողի ուսուցանեցին սանհրահանգչի մասնագիտությունը` երկամսյա ծրագրով: Որից հետո նույն զինծառայողները այս անգամ արդեն ABIC ծրագրով մեկամսյա ժամկետում վերապատրաստվեցին որպես սանհրահանգիչներ պատրաստող դասախոսներ:
-Այդ ամենը արվում էր ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հիմնադրման համա՞ր:
-Այո՛: Մեր պաշտպանության նախարարությունը գնեց «68 wisky» ծրագիրը: Այն թարգմանվեց հայերեն, տեղայնացվեց: Այսինքն` սանհրահանգիչների ուսուցման ծրագիրը պատրաստ էր: Սան Անտոնիոյի բուժակների պատրաստման դպրոցի մասնագետները մեր բանակին նվիրեցին բոլոր այն ուսումնամեթոդական պարագաները, որոնք բերվել էին 11 հայ զինծառայողի ուսուցումը կազմակերպելու համար: Ամերիկյան դեսպանատան եւ Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք համալրել առկա նյութատեխնիկական բազան եւ ուսումնական կենտրոնի հնարավորությունները գրեթե նույնացնել ամերիկյան մակարդակի հետ:
-Մենք շրջեցինք դասասենյակներում, դրանք շատ հագեցած էին` մուլյաժներ, պլակատներ, կուրսանտները մեզ ցույց տվեցին իրենց պայուսակները, որոնք հագեցած էին առաջին բուժօգնության բազմաթիվ պարագաներով: Շատ տպավորիչ էին նաեւ կենցաղային պայմանները` 5 հոգու համար նախատեսված զորանոցներ, հանգստի ու ժամանցի սենյակներ: Կասկած չկա, որ ե՛ւ նյութատեխնիկական հնարավորությունները, ե՛ւ կենցաղային պայմանները ամենաբարձր մակարդակի են, մնում է հարցնել, թե ի՞նչ որակ ունի առհասարակ «68 wisky» ծրագիրը միջազգայն չափանիշներով:
-«68 wisky» ծրագիրը սանհրահանգիչների ու բուժակների պատրաստման ամենաբարձր մակարդակի ծրագիր է` ՆԱՏՕ-ի չափանիշներով, որ ներառում է ե՛ւ տեսական դասընթացը, ե՛ւ գործնական պարապմունքները: Մենք արդեն շրջանավարտների երեք հոսք ենք ունեցել: Երկուսը սանհրահանգիչների, մեկը` պայմանագրային բուժակների:
-Դա այն քանա՞կն է, որ կարող է ապահովել ամբողջ զորքը տարվա շրջանակում:
-Ո՛չ: Սանհրահանգիչների պատրաստման 4-ամսյա ծրագրով մենք տարվա ընթացքում ունենում ենք շրջանավարտների երկու հոսք, որը կարող է ապահովել պահանջարկի կեսը: Այդ պատճառով էլ վերադաս հրամանատարությանը ներկայացված ծրագրում կար մեկ կետ, որը առաջարկում էր մեծացնել ուսումնական կենտրոնի տարածքը եւ կուրսանտների թիվը:
-Ի՞նչ ծրագիր է ներկայացվել բանակի վերադաս հրամանատարությանը, եւ ո՞ւմ կողմից:
-Ծրագրի հեղինակը ես եմ: Այն հեռանկարային եւ զարգացման ծրագիր է, ներառում է մի քանի դրույթ: Առաջինը ուսումնական կենտրոնի տարածքի ընդարձակման առաջարկն է: Երկրորդը՝ կենտրոնի լիցենզավորումը:
-Ի՞նչ է ուսուցանվում սանհրահանգիչներին: Նրանց գործունեությունը ամփոփվում է մինչհոսպիտալայի՞ն շրջանակում: Սրանք, ինչպես ընդունված է ասել, ոսկե վայրկյաններն են, այո՞:
-Այո՛: Սանհրահանգիչներին ուսուցանվում է ռազմաբժշկական պատրաստություն եւ մարտական բժշկություն: Սրանք երկու գլխավոր ուղղություններն են: Ռազմաբժշկական պատրաստության մեջ մտնում են կանխարգելիչ բժշկությունը, հակահամաճարակային միջոցառումները, սանիտարահիգիենիկ վիճակի ապահովումը, նախնական անատոմիան: Սանհրահանգիչները սովորում են ճանաչել հիվանդությունը…
-Ախտորոշե՞լ…
-Ո՛չ, հիվանդին տարբերել առողջից եւ կատարել համապատասխան գործողություններ` ֆունկցիոնալ պարտականություններով պայմանավորված: Իրականացնել ինքնօգնություն, փոխօգնություն եւ այլն:
-Ռազմական բժշկությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի սանհրահանգիչների գործունեության շրջանակում:
-Սանհրահանգիչների առաջին խնդիրը կյանքի պահպանումն է:
-Ենթադրում եմ` խոսքը հրազենային վիրավորումների մասին է:
-Խոսքը մարտական գործողություններով պայմանավորված վնասվածքների մասին է` վիրավորներ, այրվածքներ, կոտրվածքներ… Սանհրահանգիչների առաջին խնդիրը հիվանդի կյանքի պահպանումն է մինչեւ հոսպիտալացվելը: Արյունահոսության ճիշտ եւ արագ դադարեցումը, շնչուղիների բացումը, շնչառության ապահովումը, ինֆուզիոն թերապիան` հեղուկների ներարկում եւ ցավազրկում, կյանքին սպառնացող վտանգների վերացում: Այսինքն` հիվանդին ճիշտ տարհանում մարտական գործողությունների տարածքից: Կոտրվածքների ճիշտ անշարժացում, այրվածքների, վերքերի ճիշտ վիրակապում եւ այլն:
-Մարտական գործողությունների ժամանակ մեկ սանհրահանգիչը չի կարող սպասարկել ամբողջ անձնակազմին: Նրանք չե՞ն կարող այդ ամենը սովորեցնել մարտական ծառայություն կատարող զինվորներին` թեկուզ տարրական պատրաստության մակարդակով: Միտք ծագեց:
-Հրաշալի միտք է, եւ այն արդեն ներդրված է: Սանհրահանգիչները որոշ հմտություններ սովորեցնում են առաջնագծում ծառայող զինվորներին` պատերազմական իրավիճակում գոնե ինքնօգնություն եւ փոխօգնություն կազմակերպելու համար:
-Հետագայում մենք կունենանք առաջին բուժօգնության գիտելիքներ ունեցող անձնակազմով համալրված պահեստազոր: Ես կարծում եմ, որ կարելի է ծրագիր մշակել նաեւ զինվորական լրագրողների համար, որոնք մարտական գործողությունների ժամանակ կարող են հայտնվել առաջնագծում:
-Իսկ ես կարծում եմ, որ ծրագիրը պետք է լինի բոլոր լրատվամիջոցների լրագրողների համար, որոնք նույնպես լուսաբանելու են մարտական գործողությունները: Երբ վերջերս առաջնագծում հրազենային վիրավորում էր ստացել մի լրագրող, նրան առաջին բուժօգնություն էր ցույց տվել մեր դպրոցի շրջանավարտ սանհրահանգիչը, ընդ որում` շատ որակյալ: Մենք գովասանքի եւ շնորհակալության խոսքեր ենք լսել տարբեր զորամասերի հրամանատարներից մեր շրջանավարտների գործունեության վերաբերյալ: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի համակարգված ծրագիր առաջարկել բոլոր միջին բժշկական մասնագիտություն տվող կրթօջախների ուսանողներին ռազմաբժշկական պատրաստություն եւ մարտական բժշկություն դասավանդելու համար:
-Ենթադրում եմ, որ սանհրահանգիչների դպրոցների ապագա ուսանողներին ընդունելիս նախապատվությունը տրվում է բժշկական նախնական կրթություն ունեցողներին` բժշկական քոլեջներ ավարտածներին, բժշկական ինստիտուտների ուսանողներին: Հետաքրքիր է, սերտիֆիկացված հրահանգիչը, որն ստացել է վկայական, կարո՞ղ է այդ վկայականով քաղաքացիական աշխատանք գտնել:
-Լիցենզավորված ուսումնական կենտրոն ունենալու դեպքում մեր սանհրահանգիչները հնարավորություն կունենան աշխատանք գտնելու փրկարարական, շտապ օգնության ծառայություններում:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ