Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



ԱՐԱԲԿԻՐ

Օրերս Արաբկիրի զինկոմիսարիատից բանակ ճանապարհեցին զինակոչիկների առաջին խմբաքանակը: Զինկոմիսարիատի շրջակա տարածքում հավաքվել էին հիմնականում երիտասարդներ` զինակոչիկներն ու նրանց ճանապարհող ընկեր-բարեկամները: Տղաների տրամադրությունը բարձր էր. նրանք կատակում էին, ծիծաղում, եւ կողքից դիտողին կարող էր թվալ, թե առաջիկա երկու տարվա հետ կապված ոչ մի մտահոգություն չունեն:
Զինակոչիկների եւ նրանց ընկերների անհոգ պահվածքը հաստատում է զինկոմ գնդապետ Ալբերտ Քարամյանի խոսքը` զինակոչիկների մեծամասնությունը հոգեբանորեն պատրաստ է ծառայելու: Դրանում համոզվելու առիթ ունեցանք նաեւ տղաների հետ զրուցելիս: Գեւորգ Հովհաննիսյանը, օրինակ, հաճախել էր ՊՄՏԸ-ի կապավորների պատրաստման պարապմունքներին եւ հույս ունի, որ ծառայելու է որպես կապավոր: Հրանտ անունով մի այլ զինակոչիկ ասաց, որ իր համար միեւնույն է, թե որտեղ կծառայի: Իսկ Արթուրին ճանապարհելու էին եկել 14-18 տարեկան ընկերները, որոնք համոզված էին, որ նա պատվով եւ առանց դժվարությունների է կատարելու իր պարտքը: 14 տարեկան Արտակի եւ մյուսների ներկայությունը վկայում էր, որ նրանք նույնպես սկսել են հոգեբանորեն պատրաստվել առաջիկա ծառայությանը` թեկուզեւ առայժմ ճանապարհելով իրենց ավագ ընկերներին:
Գնդապետ Քարամյանը զինակոչիկների ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելն ու նրանց` ծառայությանը պատրաստ լինելը զինկոմիսարիատի անձնակազմի գլխավոր ձեռքբերումն է համարում:
Այսուհանդերձ, ուշադիր դիտելով զինկոմիսարիատի բակում հավաքվածներին, հեշտությամբ կարելի էր նկատել նաեւ նրանց, որոնց դեմքերին անթաքույց մտահոգություն էր դրոշմված: Մտահոգվածները հիմնականում կանայք էին` զինակոչիկ պատանիների մայրեր: Նրանցից մի քանիսին հարցրի` ի՞նչն է ձեզ ամենաշատը մտահոգում: Պատասխաններն անակնկալ չէին եւ հիմնականում կրկնվում էին: Զինակոչիկների ծնողներին մտահոգում էր նախեւառաջ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության հնարավոր բարդացումը եւ իրենց զավակների կյանքի անվտանգությունը: Ավելի մեծ էր այն ծնողների անհանգստությունը, որոնց որդիները առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեին եւ պիտանի էին ճանաչվել ոչ շարային ծառայության համար. ծնողները վախենում էին, որ ծառայության ընթացքում որդիների հիվանդությունը կարող է խորանալ:
Նշված երկու խնդիրներն էլ դուրս են զինկոմիսարիատի իրավասության ոլորտից: Իմ զրուցակիցներից ոչ մի ծնող կամ զինակոչիկ չդժգոհեց զինկոմիսարիատի աշխատանքից, որում գլխավորը, թերեւս, զինակոչիկների բուժզննման բարձր որակն էր եւ ծառայության հետ կապված իրավական հարցերին սպառիչ պատասխանելը: Գնդապետ Քարամյանի վկայությամբ, զինակոչիկների եւ նրանց ծնողների մեծ մասը զինկոմիսարիատին վստահում է: Բայց լինում են նաեւ ծնողներ կամ հարազատներ, ովքեր չեն բավարարվում զինկոմիսարիատի մասնագետների պարզաբանումներով: Նրանց հետ աշխատելիս զինկոմն ու զինկոմիսարիատի աշխատակիցները դրսեւորում են առավելագույն համբերատարություն եւ նրբանկատություն:
***
Զինկոմիսարիատի բուժհանձնաժողովի անդամներն ընտրվել են մասնագիտական խիստ չափորոշիչների համաձայն` հաշվի առնելով տարիների փորձը: Թեպետ նրանց վարձատրությունը մեծ չէ, բժիշկներն աշխատում են բարեխղճորեն` գիտակցելով իրենց պատասխանատվությունը եւ կարեւորելով առաջնային երկու գործոն. առաջինը հայրենասիրությունն է, հայրենիքի համար առողջ զինվորներ ապահովելը: «Այս զինվորները մեզ էլ են պաշտպանելու»,- ասում է վիրաբույժ Օնիկ Հովհաննիսյանը: Երկրորդը մասնագիտական պարտքի զգացումն է, հավատարմությունը Հիպոկրատի երդմանը եւ մասնագիտական պատվախնդրությունը: «Կենտրոնական հավաքակայանից զինակոչիկի վերադարձը լրացուցիչ բուժհետազոտման մեզ համար մեծ թերացում է»,- ասում է մաշկաբան Հրանտ Կիրակոսյանը:
Զորակոչվածների առողջական խնդիրները եւ դրանք ծնող պատճառները քաջ հայտնի են: Այսուհանդերձ, կան նաեւ դրական միտումներ: Այսպես, Հ.Կիրակոսյանի խոսքով, վերջին տարիներին գրեթե կիսով չափ նվազել են սեռական հիվանդությունները: Ըստ Օ.Հովհաննիսյանի` ողնաշարային խնդիրներ ունեցող զինակոչիկները հաջողությամբ բուժվում են:
Ինչ վերաբերում է բուժհանձնաժողովի աշխատանքային պայմաններին, ապա նյարդաբան Վերգինե Խաչատրյանը մեր ուշադրությունը հրավիրեց նորոգված բուժսենյակների վրա` հավելելով, որ դրանք ջեռուցվում են:
Հանրապետության ամեն մի շրջան ունի իր առանձնահատկությունը, որը դրսեւորվում է զինկոմիսարիատի աշխատանքում: Արաբկիրի շրջանի առանձնահատկություններից մեկը զինակոչիկների շրջանում ուսանողների մեծ քանակն է: Գնդապետ Քարամյանի խոսքով, նկատելի է այն միտումը, որ ուսանողների մի զգալի մասը գերադասում է տարկետում վերցնել եւ ծառայել հասակակիցների հետ: Զորամասի հրամանատար լինելով` պարոն Քարամյանը քաջածանոթ է զինծառայողների միջանձնային փոխհարաբերությունների նրբություններին եւ ճիշտ է համարում զինակոչիկների այդ որոշումը: Նկատենք, որ զորամասի հրամանատարի փորձը զինկոմին օգնում է նաեւ ուրիշ շատ հարցեր լուծելիս, երբ, ասենք, ժամկետային զինծառայողների ծնողները նրան են դիմում տարբեր անձնական խնդրանքներով: Բազմաթիվ հարցեր էլ լուծվում են հանրապետական զինկոմիսարիատի ղեկավարության օգնությամբ:
Գնդապետ Քարամյանն ու իր անձնակազմը, հատկապես զորակոչային բաժնի պետ փոխգնդապետ Նորայր Բաղդասարյանն ու նրա ենթակաները, ամեն ինչ արել էին` զինակոչիկների բարձր տրամադրությունն ապահովելու համար: Ժամանել էր գնդապետ Ա.Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի նվագախումբը, որի խրոխտ հնչյունների ներքո զինկոմիսարիատի բակում հավաքված երիտասարդները սկսեցին սուլոցով վեր-վեր նետել բանակ գնացող իրենց ընկերներին:
Ավանդույթի համաձայն` զինակոչիկները զինկոմիսարիատի ղեկավարության եւ պատասխանատու սպաների ուղեկցությամբ այցելեցին Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ Տեր Սահակի օրհնությունը ստանալուց հետո մեկնեցին կենտրոնական հավաքակայան:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Լուսանկարները` Գ.ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

Փոխգնդապետ Սպարտակ Ղուբարյանը բոլորովին վերջերս է նշանակվել Ստեփանավանի զինվորական կոմիսար։ Տարիներ շարունակ աշխատելով Սպիտակում՝ նա ոչ միայն հաջողությամբ էր կատարում զորակոչային առաջադրանքները, այլեւ ամեն ինչ անում էր 1988-ի աղետալի երկրաշարժի փորձության միջով անցած ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, ապագայի նկատմամբ նրանց լավատեսություն ներշնչելու համար։ Եվ ահա, նոյեմբերի տասին փոխգնդապետ Ս. Ղուբարյանի գլխավորությամբ առաջին զորակոչն անցկացվեց Ստեփանավանի տարածքային զինկոմիսարիատում։ Բանակ մեկնող տղաների հարազատները նախօրոք զգուշացվել էին, որ զինակոչիկներին ճանապարհելու համար հարկավոր է գալ ոչ զինկոմիսարիատ, ինչպես եղել է տարիներ շարունակ, այլ քաղաքի կենտրոն, Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի տան մերձակա հրապարակ։

Բուժզննում

Քանի որ ստեփանավանցի զինակոչիկները, կենտրոնական հավաքակայան ներկայանալով, հանգստանում են մեկ օր եւ միայն հաջորդ օրն են նշանակում ստանում եւ մեկնում զորամասեր, զինկոմիսարիատի բուժհանձնաժողովն աշխատում էր անշտապ, առաջացող խնդիրների քննարկմանը մասնակցում էին բոլոր մասնագետները, իր կարծիքն էր հայտնում զինկոմ Ս. Ղուբարյանը։
Երբ բուժզննումն ավարտվեց, զինակոչիկների առողջական խնդիրների, բուժհետազոտման կազմակերպման, զորակոչային եւ նախազորակոչային տարիքում տղաների բուժման խնդիրների շուրջ զրուցեցինք ավագ բժշկուհի թերապեւտ Ռուզաննա Պապյանի եւ մյուս մասնագետ-բժիշկների հետ։
-Հանձնաժողովը համալրված է ամբողջությամբ, բոլորն էլ Ստեփանավանի բնակիչներ են,- ասաց տիկին Ռ. Պապյանը։ -Այժմ բանակ են մեկնում 1992թ. ծնվածները, որոնց մանկությունն այնքան էլ լավ պայմաններում չի անցել։ Մեր ախտորոշումները հիմնականում հաստատվում են մասնագիտական բուժհաստատություններում։
Ռազմիկ Եղիազարյանը տարիքն առած, փորձառու բժիշկ է։ Երկար ժամանակ աշխատել է Ստեփանավանի մարզադպրոցում։ Զրուցելիս նա ասաց, որ հաստատության վերանորոգումից հետո սպորտով զբաղվողների թիվը կտրուկ ավելացել է։
-Եթե գյուղերում էլ ստեղծվեն ֆիզկուլտուրայով եւ սպորտով զբաղվելու բավարար պայմաններ, իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Բանակ կճանապարհենք մարզված, ուժեղ տղաների,- կարեւորեց վաստակաշատ բժիշկը։
-Մենք պարբերաբար լինում ենք դպրոցներում եւ ստուգում երեխաների տեսողությունը։ Ցավոք, ոչ բոլոր ծնողներն են հետեւում մեր խորհուրդներին, արդյունքում՝ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասը խուսափում է ակնոց կրելուց, եւ հիվանդությունը գնալով խորանում է,- ասաց ակնաբույժ Օլգա Կարապետյանը։
-Մենք միշտ խնդիրներ ենք ունենում նախազորակոչային տարիքի տղաների ծնողների հետ,- խոսքը շարունակեց Ռուզաննա Պապյանը։ -Երբ տղաներին ուղարկում ենք մասնագիտացված բուժհաստատություններ՝ բուժման, ծնողները պնդում են, որ իրենց ուզած հիվանդանոցն ուղարկենք, կոտրվածքների դեպքում դիմում են ոչ թե բժշկի օգնությանը, այլ գնում են ժողովրդական մեթոդներով բուժող հեքիմների մոտ, շատերն էլ, լավ իմանալով իրենց տղաների առողջական խնդիրները, ոչ մի քայլ չեն ձեռնարկում նրանց բուժելու համար։ Ես, որպես բուժզննման հանձնաժողովի ղեկավար, շատ գոհ եմ մաշկային բժիշկ Սամվել Առաքելյանի աշխատանքից. նա բոլոր հիվանդությունները կարճ ժամանակում կարողանում է բուժել եւ զինակոչիկներին ողջ-առողջ բանակ է ճանապարհում։

Զորակոչային առաջին հանդիսությունը

Ստեփանավանը տոնական տրամադրության եւ տոնական հանդերձների մեջ էր։ Չորս օր առաջ՝ նոյեմբերի վեցին, ժողովուրդը նշել էր քաղաքի հիմնադրման 200-ամյակը։
-Մեր քաղաքը շատ հին է, Լոռե բերդը հազարամյա պատմություն ունի, բայց մենք այդքան հեռուն չենք գնում, այլ նշում ենք Հասան Ջալալօղլյանի հիմնադրած բնակավայրի 200-ամյակը,- ասաց մի տարեց ստեփանավանցի։
Զինակոչի առաջին օրվա հանդիսությունը կազմակերպել էին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը եւ փոխգնդապետ Սպարտակ Ղուբարյանը։
Մինչ միջոցառման սկսվելը, զրուցեցինք զինակոչիկներից մի քանիսի հետ։
-Ես Էդուարդ Շահինյանն եմ, Ստեփանավանից եմ, սովորում եմ Եվրոպական քոլեջում։ Երկու եղբայր ենք, մեծը Հայկն է, նա արդեն զորացրվել է, իսկ ես դեռ պիտի պարտքս տամ։ Անհանգստանալու առիթ չկա։ Շատ հանգիստ եմ։
-Ես էլ Սարգսյան Հովհաննեսն եմ, նույնպես Ստեփանավանից, եկել եմ Վրաստանից, այնտեղ էլ տուն ունենք։ Սովորում էի 12-րդ դասարանում, թողեցի ուսումս, որ գամ իմ երկրի բանակում ծառայեմ։
-Արշալույս Խաչատրյանն եմ, Գյառգյառ գյուղից, մեզ մոտ զորամաս կա, գիտեմ, թե ինչ է ծառայությունը, անհանգստանալու ոչ մի բան չկա։
Արմեն Սահակյանը, Լեւոն Չոբանյանը, Անդրանիկ Ղուկասյանը, Արեն Մալերյանը, Էդիկ Վիրաբյանը եւ մյուսները նույնպես վկայեցին, որ լավ տրամադրությամբ եմ մեկնում ծառայության։
***
Մշակույթի տան փողային նվագախմբի հնչյունները տարածվում էին քաղաքով մեկ, եւ հրապարակը քիչ առ քիչ լցվում էր մարդկանցով, իսկ երբ փոքրիկ երաժիշտները կատարեցին ազգային բանակի օրհներգը, հանդիսավար Շուշանիկ Հովհաննիսյանը միջոցառումը հայտարարեց բացված։ Առաջինը ելույթ ունեցավ զինկոմ փոխգնդապետ Սպարտակ Ղուբարյանը։
-Սիրելի ստեփանավանցիներ, զինակոչիկների հարազատներ, զինակոչիկներ. մենք այսօր աշնանային զորակոչի առաջին խումբն ենք ուղարկում հանրապետական հավաքակայան։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր ծնողի համար փառք ու պատիվ է որդուն հայոց ազգային բանակ ճանապարհելը։ Սիրելի զինակոչիկներ, մեր երկիրը ձեզ է վստահում իր պաշտպանությունը, եւ դուք, անցնելով ծառայության, պետք է փառքով կատարեք պետության պաշտպանի վեհ առաքելությունը եւ պարզ ճակատով, արդար խղճով վերադառնաք տուն։ Խնդրում եմ եղեք բարեխիղճ, հարգեք մեր պետության, մեր բանակի օրենքները, եւ հաջողությունը միշտ ձեզ հետ կլինի։ Մաղթում եմ ձեզ բարի ծառայություն. բարով գնաք, բարով գաք։
Քաղաքացիներին ողջունեց եւ զինակոչիկներին խաղաղ ու բարեհաջող ծառայություն մաղթեց քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը.
-Մեր երկիրը դեռ լիովին չի հաղթահարել 88-ի երկրաշարժի եւ Արցախյան պատերազմի հետեւանքները։ Մենք դեռեւս շրջափակված ենք մեր հարեւանների կողմից, նոր տնտեսական համակարգն ստեղծվում է դժվարությամբ, խնդիրներ շատ կան, այնուամենայնիվ երկրի պաշտպանությունը, ժողովրդի անվտանգությունը ամենակարեւորն են եւ երկրի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի բանակում չլուծված խնդիրներ չլինեն։
Այնուհետեւ քաղաքապետարանի կողմից զինակոչիկներին բաժանվեցին նվերներ ու անձնական հիգիենայի պարագաներ։
***
Հայրենիքին զինվորագրվելու վեհ առաքելության առիթով զինակոչիկներին օրհնեց Ստեփանավանի հոգեւոր հովիվ տեր Վռամ աբեղա Ղազարյանը։
Զինակոչիկի մայր Կարինե Խաչատրյանը, ելույթ ունենալով, իր սրտի խոսքն ասաց.
-Շնորհակալ եմ մեր քաղաքապետին, մեր նոր զինկոմին այս ուրախ, ոգեշնչող տոնը կազմակերպելու համար։ Որպես զինակոչիկի մայր հպարտ եմ, որ երրորդ տղայիս եմ բանակ ճանապարհում։ Երկու որդիներս իրենց ծառայությունը կատարել են պատվով, հուսով եմ, որ երրորդ որդիս էլ ինձ ամոթով չի թողնի։ Ցանկանում եմ աշխարհին խաղաղություն եւ թող բոլոր զինվորները փառքով կատարեն իրենց պարտքը եւ վերադառնան իրենց օջախները։
Հանդիսությանը ներկա էին եւ մոտենալով զինակոչիկներին նրանց բարի ծառայություն մաղթեցին Ստեփանավանի դատախազ Արծվիկ Ասատրյանը, ոստիկանության պետ Վալերի Ավետիսյանը, հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Արայիկ Ասատրյանը։ Զինակոչիկներին ուրախ երգ ու պարով ճանապարհեցին «Անի» պարային ստուդիայի եւ մշակույթի տան վոկալ խմբի սաները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #45 (860) 17.11.2010 – 24.11.2010, Բանակ և հասարակություն


09/12/2010