Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏՀոկտեմբերի 17-ին Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի խմբերի հետ անցկացվեց դասընթաց` «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» խորագրով:

Դասընթացը վարեցին 1-ին զորամիավորման իրավաբան, ավագ սպա, մայոր Տաճատ Էմինին, Սյունիքի մարզային ոստիկանության Գորիսի բաժնի ԱԳ  դպրոցական տեսուչ, լեյտենանտ Լիլիթ Դանիելյանը:

Հանդիպում-զրույցն ուղղված էր  բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

Տաճատ Էմինին անդրադարձավ ապրիլյան պատերազմական գործողություններին,  հայոց բանակի  զինվորների ու սպաների ցուցաբերած անօրինակ սխրանքներին,  հայ զինվորի քաջարի ոգուն, ամբողջ հայ ժողովրդի, աշխարհասփյուռ  հայության  դրսևորած աննկուն կամքին և համախումբ հայրենասիրությանը, խիզախությանն ու հայրենյաց սիրուն, որոնցով կարելի է հաղթել ցանկացած գերազանցությամբ օժտված հակառակորդին:

-Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք մեր միասնականությամբ, որ մեր զինվորն անհաղթ է, մեր բանակը՝ հզոր: Ապրիլյան օրերին մենք ազգովին դարձանք զինվոր և նետվեցինք պաշտպանելու պատմական հայրենիքի անառիկ սահմանները,-  նշեց մայոր Էմինին:

Աշակերտության հետ հանդիպմանն արծարծվեց նաև աղջիկների՝ պայմանագրային հիմունքներով կամավոր ծառայության հարցը, նշվեց, որ հայոց բանակում այսօր մեծ է նաև կին զինծառայողների դերը, որոնց մեջ քիչ չեն  ապրիլյան պատերազմում աչքի ընկած կին դիպուկահարները:

Հանդիպում-դասընթացը, որն ավելի շատ անկեղծ զրույց էր, անցավ դպրոցականներին հուզող հարցերի և սպաների սպառիչ պատասխանների մթնոլորտում: Աշակերտներն ընթերցեցին իրենց գրած նամակները՝ ուղղված բանակում ծառայող զինվոր հարազատներին և նրանց հուզիչ պատասխանները:

Ավագ դպրոցի ռազմահայրենասիրական գործունեության, այդ ուղղությամբ  դպրոցի ձեռքբերումների, նախկին ու ներկա սաների նվաճումների, ստացած մրցանակների մասին ջերմ ելույթներ ունեցան նաև դպրոցի տնօրեն Կարինե Մովսիսյանը, դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Կառլեն Ներսիսյանը:

♦♦♦ 

Մայոր Տաճատ Էմինին և N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Օնիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցան նաեւ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի (տնօրեն՝ Արմինե Շեգունց) աշակերտության հետ:

Դասընթացի  թեման նույնն էր՝   «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ»:

Մինչ հանդիպումը՝  նրանք դպրոցի զինղեկ, մայոր Սամվել Առուստամյանի ուղեկցությամբ եղան հաստատության՝ բարձր մակարդակով կահավորված հրաձգարանում, Արցախյան պատերազմում զոհված` Գորիսի «Քոլատակ»,  կամավորական ջոկատի դասակի հրամանատար Վոլոդյա Բաղդասարյանի և Սեյրան Քարամյանի (Փոքր Սոս) անվան դասասենյակներում:

Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Օնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց ջոկի բանակային առօրյան՝ սկսած առավոտյան վերկացից՝  մարմնամարզություն, նախաճաշ, տողան և պարապմունքներ, մինչև հանգիստ և քնելու ժամ, վերակարգ և պահակային ծառայություն:

Հանդիպման ընթացքում մայոր Էմինին և կրտսեր սերժանտ Հովհաննիսյանը  պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին՝ նվիրված բանակային կյանքին, զինվորական օրենքներին, զինվորի ծառայությանը, նրա  կենցաղի, սննդի, հանդերձանքի և այլ  խնդիրներին:

Աշակերտների իրավագիտակցությունը և հայրենասիրությունը բարձրացնող, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված «Աշակերտ, ոստիկան, զինվոր՝ հայրենիքի նվիրյալ» թեմայով զրույց-հանդիպումները պարբերաբար կշարունակվեն նաև տարածաշրջանի գյուղերի ուսումնական հաստատություններում:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

1-ին ԶՄ լրատվական ծառայություն

Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Բանակ և հասարակություն


25/10/2017