Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ՏԱՆԿԻՍՏ` ԵՐԵՔ ԼԱՎ ԸՆԿԵՐ



ԵՐԵՔ ՏԱՆԿԻՍՏ` ԵՐԵՔ ԼԱՎ ԸՆԿԵՐ

Նկարում ձախից աջ՝  Էդգարը, Դավիթն ու Արմանն են:

Մեր երկրի հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերից մեկում հարկ չեղավ երկար փնտրելու իմ այսօրվա գրառման հերոսներին՝ երեք տանկիստ ընկերներ, կրտսեր սերժանտ Դավիթ Հակոբյանին, շարքայիններ Արման Բադալյանին և Էդգար Հարությունյանին: Երեք ամիս և մի քանի օր անց ավարտվելու է նրանց ծառայությունը: Իսկ այսօր դեռ Էդգարը տանկի նշանառուօպերատոր է, Արմանը` մեխանիկվարորդ, իսկ Դավիթը` տանկի հրամանատար, այսպիսով՝ տանկի անձնակազմ: 

Դավիթը կշարունակի իր ուսումնառությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շուկայաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսում: «Լավ եմ սովորում», –ասում է առանց կեղծ համեստության: Նրա ընտրած քաղաքացիական մասնագիտությունն է մարկետոլոգ, գործառույթը՝ «Ինչոր արտադրանք ներկայացնել, գովազդելն է: Կամ էլ կարող ես քո բրենդային ապրանքն ստեղծել և ամբողջ աշխարհով մեկ դրանով ճանաչվել: Զորացրվելուց հետո ծրագրերս շատ են՝ ուսումս շարունակել, ավարտել, իմ ընտանիքը կազմել»:

Ի՞նչ տվեցին քեզ ծառայության այս երկու տարիները:

Երբեք չէի պատկերացնի, որ ինձ այսքան տարբեր ու այսքան շատ մարդկանց հետ շփվելու փորձ է տալու բանակը: Այստեղ բոլորը տնից կտրված են, գուցե պատճառներից մեկն էլ դա է, որ բնական են` ոնց որ կան: Բանակից դուրս դիմացինիս լավ հասկանալու, շփման եզրեր գտնելու այսպիսի փորձ հաստատ չէի կարող ձեռք բերել: Ծառայությունից հետո էլ սա ինձ շատ պետք կգա:

Հատկապես՝ որպես մարկետոլոգ, փաստորեն,- ասում եմ կեսկատակկեսլուրջ:

Իրոք, էդպես է,- լուրջ համաձայնում է Դավիթը:

Իսկ ընկերության ֆենոմենը վերանայեցի՞ր այս ընթացքում:

Միանշանակ,- ասում է Դավիթը: –Երկար ժամանակ նույն մարդկանց հետ հաց ես կիսում, օր ու գիշեր իրար հետ եք լինում, միասին դժվարություններ եք հաղթահարում: Միայն այստեղ կարող ես հասկանալ իսկական ընկերության արժեքը:

Էդգա՛ր, քո մասին զորամասի վերադաս սպաներից մի քանիսը շատ լավ արտահայտվեցին: Միաբերան ասում էին, որ բացի պատասխանատու ու լավ զինծառայող լինելուց, նաև շատ լավ մարդ ես:

 Տանկի նշանառուօպերատոր Էդգարը համեստորեն ժպտում ու լռում է: Դավիթն ինքն է սկսում ներկայացնել ընկերոջը.

Էդգարը առանձնանում է գիտելիքներով, պատասխանատու ծառայությամբ, զինակից ընկերների հանդեպ իր վերաբերմունքով. հարգալից է, միշտ զուսպ, շատ հոգատար: Մի խոսքով, թե՛ ծառայողական խնդիրներից, թե՛ մարդկային փոխհարաբերություններից, ամեն ինչից հրաշալի է գլուխ հանում:

Էդգարը  Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանող է եւ ծառայությունից հետո շարունակելու է ուսումը:

Մի քանի բառով ներկայացրու նշանառուօպերատորի մասնագիտությունը:

Դաշտը զննելիս, թիրախը հայտնաբերելիս,- ասում է նա,- նշանառուն պետք է շատ ուշադիր լինի: Որպեսզի ճիշտ պահին և ճշգրիտ կրակ իրականացնես, կարևոր է, որ  հանգիստ ու անվրդով լինես, ոչ մի դեպքում չկորցնես ինքնատիրապետումդ: Սակայն թե՛ տանկը վարելիս և թե՛ կրակ իրականացնելիս թիմային աշխատանքն է կարևոր: Թե ինչպես կիրականացնեմ կրակը, կախված է նաեւ տանկի մեխանիկվարորդի և հրամանատարի ճիշտ գործողություններից: Անձնակազմը պետք է ներդաշնակ գործի:

Դավիթը տանկի հրամանատարի իր աշխատանքն այսպես ներկայացրեց.

Տանկի անձնակազմի մարտական ոգին պահպանելու գործում մեծ է հրամանատարի դերը: Հրամանատարը պետք է լավ օրինակ ծառայի բոլոր առումներով: Նա պետք է և՛ տանկը վարել իմանա, և՛ կրակել: Բայց տանկում, ինչպես Էդգարն ասաց, կարևոր է համատեղ աշխատանքը:  Մարտի դաշտում էլ տեխնիկական առումով շատ կարևոր է, որ ներդաշնակ գործողություններով հստակ գործի կապը անձնակազմի երեք անդամների միջև:

 Մեխանիկվարորդ Արմանը սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, ստոմատոլոգիական ֆակուլտետում: 

Տանկիստ, ստոմատոլոգ. երկու մասնագիտություն ունես: Ինչպե՞ս ես այս երկուսը համատեղում:

Ստոմատոլոգի մասնագիտությունն ինքս եմ ընտրել. հետաքրքիր ու նաև լավ վարձատրվող աշխատանք է,- ժպտում է: –Բանակում, ճիշտն ասած, ինքս ինձ չէի կարողանում որպես տանկիստ ընկալել: Բայց, երբ սկսեցի տիրապետել տեխնիկային, արդեն շատ հետաքրքիր ու հաճելի դարձավ այս գործը: Հիմա  շատ եմ սիրում:

Ինչպե՞ս է ընթանում հմտանալու, պարապելու գործընթացը:

Զորավարժարանում ամեն ամիս կատարելագործում ենք մեր գիտելիքներն ու հմտությունները: Վարում ենք տեխնիկան, կրակային վարժանքներ ենք կատարում:

Ըստ քեզ` տանկիստի գործը կարևորության առումով ո՞ր շարքում է:

Կարծում եմ` տանկը առաջատարն է ժամանակակից կռվի դաշտում, քանի որ առաջինը հենց տանկն է դուրս գալիս մարտադաշտ: Տանկիստի գործը հեշտ չէ. պետք է շատ դիմացկուն լինես, արագ կողմնորոշվես քո խնդիրը կատարելիս:

Տղաներից յուրաքանչյուրը մի քանի կրծքանշան է կրում: Արմանին հարցնում եմ` ինչի՞ համար են ստացել:

Այս մեկը լավագույն մարզիկի մեդալն է. Էդգարն էլ ունի: Զորամիավորման մասշտաբով շախմատի մրցումներում մենք 1-ին տեղն ենք զբաղեցրել, իսկ համաբանակային թիմային մրցումներում` երկրորդ տեղը:

Մրցակիցներդ ուժե՞ղ էին:

Ուժեղ էին: Հատկապես՝ առաջին տեղն զբաղեցրած Երևանի թիմը: Ափսոս, մի փոքր հետ մնացինք: Չնայած չենք հուսալքվել. կյանքը առջևում է: Իսկ այս կրծքանշանս տանկի 3-րդ կարգի մեխանիկվարորդի որակավորման հետ եմ ստացել: Սա վկայում է, որ 150 կմ վարել եմ տանկը: Ճիշտ է` կրծքանշանն ավելի շուտ էի ստացել. հիմա արդեն շատ ավելի եմ վարել: Հաջորդ ամիս երկրորդ կարգ ստանալու քննություն ենք հանձնելու:

Մինչև ծառայությանդ վերջը կհասցնե՞ս երկրորդ կարգդ ապահովել:

Անպայման, երկրորդ կարգի մեխանիկվարորդի որակավորմամբ կզորացրվեմ,- վստահ ասում է  Արմանը:

Ապրիլյան պատերազմի օրերին դուք նորաթուխ զինվորներ էիք, տղանե՛ր: Ի՞նչ զգացողություններ, ի՞նչ մտքեր էին ձեր մեջ այդ օրերին:

Ես վատ էի զգում, որ կրում եմ այս համազգեստը, բայց չեմ կարող օգնել իմ կռվող ընկերներին,-ասում է Դավիթը:- Շատ էի ուզում մեկնել, բայց, ցավոք, միայն իմ ցանկանալը քիչ էր: Դեռ մեկերկու ամսվա զինծառայող էինք…:

-…Բայց պատրաստ էինք,- ավելացնում է Էդգարը: –Գիտեինք, որ պատերազմը սկսվել է, և եթե մեր հերթը հասներ, կգնայինք առանց վարանելու: Անընդհատ տեղեկություններ էինք ստանում. դե, գիտեք` զորամասում շատ ավելին ես իմանում, քան քաղաքացիական կյանքում: Ուզում էինք ամեն ինչի մասին այնքան մանրամասն իմանալ, որ, կարծես, ինքներս էլ էինք մասնակցում գործողություններին:

Դուք շուրջ երեք ամսից զորացրվելու եք: Մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում: Եթե Աստված մի արասցե

Միանշանակ պատրաստ ենք,- հարցս կիսատ են թողնում տղաները:

Իսկ ի՞նչ կուզեիք մեր թերթի միջոցով հաղորդել ձեզ անհամբեր սպասող հարազատներին:

Ինձ հատկապես մայրս` Գոհարն է անհամբեր սպասում,- ասում է սակավախոս, խոհուն Էդգարը,- ինչ որ ուզում եմ ասել, կասեմ վերադարձից հետո, հենց իրեն, առանձին: 

Կարծում եմ՝ ծառայել եմ խղճիս համաձայն,- ասում է Դավիթը,- հայրենիքիս, ծնողներիս, մորս, ընտանիքիս ու սիրած էակիս  համար:

Դավիթին խոստանում եմ իր սիրած աղջկան` Մաշային բարևել թերթի միջոցով, ինչը և սիրով անում եմ.  «Սիրելի՛ Մաշա, հատուկ ողջույններ եմ բերել ուսման գերազանցիկ ընկերոջիցդ` տանկի հրամանատար Դավիթ Հակոբյանից, որն անհամբեր սպասում է քեզ հետ հանդիպմանը` արդեն քաղաքացիական կյանքում` ծառայությունը պատվով ավարտելուց հետո»:

 ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1215) 08.11.2017 – 14.11.2017, Ազգային բանակ


09/11/2017