Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽ ԶԻՆՎՈՐ



Այս օրերին, երբ մայրաքաղաքում տարկետման իրավունքի փոփոխությունների դեմ բողոքում էին ուսանողները, այդ նույն ժամանակահատվածում այս խնդրի շուրջ որոշեցինք զրուցել ծառայող,  տարբեր բուհերում ուսումը կիսատ թողած զինծառայողների հետ:

Լսեցինք  մեր զինվորներին եւ լսելի ենք դարձնում նրանց դիրքորոշումն ու տեսակետները:

ՆԱԽ ԶԻՆՎՈՐԿրտսեր սերժանտ, դիրքի ավագ Մհեր Հովհաննիսյանը սովորում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում: Ուսման առաջին տարին ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Արդեն մեկ տարի է, ինչ իրականացնում է մարտական հերթապահություն: Գումարտակի սերժանտական խորհրդի նախագահն է:

Զինակից ընկերներիս հետ շատ ենք զրուցել այս թեմայի շուրջ, քննարկել ենք, պարզաբանելՄիանշանակ՝ դժվար է ընդհանուր հայտարարի գալ, քանի որ տեսակետները խիստ հակասական են: Բայց ես հստակ իմ դիրքորոշումն ունեմ՝ բանակում պետք է անխտիր ծառայեն բոլորը:

 Տարածված կարծիք կա, որ անվճար համակարգում սովորողները լուծում են իրենց բանակում ծառայելու խնդիրը: Ինչոր առումով դա այդպես է, իսկ այդ դեպքում՝ ո՞ւր է հավասարության սկզբունքը:

Հիմա, երբ արդեն մեկուկես տարվա ծառայող եմ, հանդեպ նշում եմ.  ուրախ եմ, որ չեմ օգտվել տարկետումից և հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարում եմ ժամանակին: Բանակ գալուց առաջ կրթության հետ կապված շատ ծրագրեր ունեի: Անկեղծ ասած՝ մտածում էի, որ ծառայությունը խանգարելու է դրանք կյանքի կոչելուն, բայց, խոստովանեմ, երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ ծառայության խնդիրը լուծելով՝ լուծում եմ նաև այն խոչընդոտները, որոնց բախվելու էիր համալսարանն ավարտելուց հետո:

Նարեկ Գրիգորյանը մի քանի ամիս է, ինչ համալրել է Հայոց բանակի շարքերը: 26 տարեկան է: Ավարտել է Ռուսհայկական  (Սլավոնական) համալսարանը: Օգտվել է տարկետում ստանալու երկու հնարավորությունից, սակայն վերջին՝ գիտական թեզը պաշտպանելու փուլում չի կարողացել հաղթահարել այն և զորակոչվել է բանակ:

Իմ օրինակով կարող եմ փաստել. ավելի նպատակահարմար է ուսումը շարունակել ծառայությունից հետո, այլ ոչ 26 տարեկանում, երբ կարող են ծագել ինչպես հոգեբանական, այնպես էլ  բազմաբնույթ այլ խնդիրներ: Ինչ խոսք, դժվար է ծառայել քեզանից տարիքով փոքր զինվորների  հետ: Հիմա եմ հասկանում, որ, եթե ժամանակին ծառայեի բանակում, ապա այսօր այս կարգավիճակում չէի հայտնվի: Բայց, դե, ինչ արած, դժվարությունները մարդու համար ենփորձում եմ հաղթահարել:

ՆԱԽ ԶԻՆՎՈՐԻ տարբերություն Մհերի՝ այդ կարծիքին համամիտ չէ  շարքային Վահագն Մանգասարյանը: Վահագնը  ուսումը կիսատ է թողել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, քանդակագործության բաժնի ուսանող է: Տարկետման իրավունքից չի օգտվել ընդամենը մի քանի  միավորի պատճառով:

Զորակոչվելով բանակ՝ մինչեւ վերջերս հնարավորություն չեմ ունեցել քանդակելու, և երբ առիթ եղավ մասնակցելու նկարիչքանդակագործների մրցույթստուգատեսին, հասկացա, որ հետ եմ վարժվել, և ինձ երկար ժամանակ է անհրաժեշտ՝ վերադառնալու հին մակարդակին: Հաշվի առնելով այս ամենը՝ կարող եմ ասել, որ կրթությունն ընդհատելն այնքան էլ նպատակահարմար չէ:

 ՆԱԽ ԶԻՆՎՈՐՇարքային Դավիթ Այվազյանն էլ կիսատ է թողել  ուսումը եւ զորակոչվել բանակ ճարտարապետության ֆակուլտետից: Դավիթի ծառայության ավարտին հաշված օրեր  են մնացել:

Ուսանողին տրվելիք տարկետումը լուրջ նպատակ է հետապնդում. մարդիկ, ովքեր ընտրում են գիտության ճանապարհը, պետք է հնարավորություն ունենան խորանալու այդ ասպարեզում. գիտության ոլորտում հաջողությունները պայմանավորված են ամենօրյա, ամենժամյա աշխատանքով: Ծառայությունն ինչոր առումով արգելք է գիտական հաջողությունների հասնելու ճանապարհին, բայց միանշանակ կտրականապես  դեմ եմ, երբ ուսումը պատրվակ դարձնելով՝ փորձում են խուսափել բանակիցՀայրենիքին տեր լինելուց առաջ, նախ պետք է հայրենիքիդ զինվորը լինես:

 Ինքս էլ գիտակցում եմ՝ ծառայությունից հետո  դժվար է կենտրոնանալ ուսման վրա, բայց  գործի եմ դնելու բոլոր հնարավոր միջոցները՝ այդ կարծրատիպը կոտրելու համար. սովորելու եմ այնպես, որ լավ և բանիմաց մասնագետ դառնամ:

 ՆԱԽ ԶԻՆՎՈՐ

Ուսման առաջին կիսամյակն ավարտելուց հետո է բանակ զորակոչվել կրտսեր սերժանտ Մովսես Առաքելյանը: Ապագա ծրագրավորող է:

Բանակում պետք է ծառայեն բոլորը՝ անկախ կրթվածության աստիճանից և մասնագիտական բնույթից: Մեր կողքին մեր հակառակորդն է, որ անընդհատ հիշեցնում է իր գոյության մասին, եւ կարծում եմ՝ անցել են այն ժամանակները, երբ մեր երկիրը կարող էր իրեն թույլ տալ սովորող ուսանողներին տրամադրելու տարկետում: Միայն խաղաղ եւ անվտանգ հայրենիքում կարող ես  ստեղծել, արարել, սովորել, գիտական նվաճումների հասնել:

Տարկետման իրավունքի փոփոխություններին վերաբերող տարբեր կարծիքներ, տեսակետներ են հնչում, հաճախ իրարամերժ, հակասական, բայց   մի բան ակնհայտ է՝  այն զինվորը, որն անցել է ծառայության դժվարությունների բովով,  պատրաստ է հաղթահարելու նաև այն խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս կամ գալու կրթություն ստանալու ճանապարհին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Խորագիր՝ #45 (1216) 15.11.2017 - 21.11.2017, Ազգային բանակ


16/11/2017