ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՉՀԱՎԱՆԱԾ ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԿԳՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար 126 կործանիչներ գնելու նպատակով հայտարարված մրցույթից դուրս մնացած ՄԻԳ-35 կործանիչները սպառազինության կվերցվեն Ռուսաստանի ռազմաօդային ուժերում:
Կործանիչը մրցույթում ներկայացրած «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռը դուրս է մնացել մրցույթից` «չափազանց նոր լինելու», ինչպես նաև կազմակերպիչների խիստ մոտեցումների պատճառով: Դրան դեռ պետք է սովորել և կարողանալ օգտագործել, մինչ այժմ էլ որոշ բաղադրամասեր պետական փորձարկումներ չեն անցել:
Իսկ ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Զելինը ասել է, որ ՄԻԳ-35Դ մոդիֆիկացիայի կործանիչը սպառազինության կվերցվի որպես թեթև կործանիչ, ինչպես F-35-ը` ԱՄՆ-ում:
ՄԻԳ-35-ը 4++ սերնդի բազմանպատակ կործանիչ է: Կարող է արձակել «երկինք-երկինք» և «երկինք-երկիր» դասի հրթիռներ: «Ժուկ-Ա» ռադիոտեղորոշումային կայանը հնարավորություն է տալիս միաժամանակ գրոհել մի քանի նշանակետերի, ինչպես նաև պաշտպանվել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից:
Իր մարտական ունակություններով ինքնաթիռը շատ մոտ է հինգերորդ սերնդի կործանիչներին:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական