ՄՈՆԹԵ. ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ընդունված պատանիների համար նոյեմբերի 21-ը տոնական էր: ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի, ինչպես նաեւ բարձրաստիճան այլ հյուրերի, ծնողների ու հարազատների ներկայությամբ րոպեներ անց նրանք պիտի երդվեին ու հրամանագրվեին որպես սաներ: Նշվում էր նաեւ վարժարանի բացման արարողությունը` նվիրված Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-րդ տարեդարձին:
Գրեթե երեք ամիս սաները ջանք ու եռանդ չեն խնայել՝ առաջին հանդիսավոր շարային քայլը ճիշտ կատարելու համար: Հիմա տոնական համազգեստով կանգնել էին շարքում ավելի զգաստ, քան երբեւէ: Հարություն Առաքելյանի աչքերը փայլում էին ուրախությունից՝ մեկ քայլով մոտենում է եղբորը նմանվելու իր երազանքին. «Եղբայրս՝ Սեւակն էլ է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նախկին սան, ուսումը շարունակել է արտերկրում, հետո ծառայության է անցել առաջնագծի թեժ կետում: Եղբայրս հետախույզ է, արժանացել է «Արիության» մեդալի: Անսահմանորեն հպարտ եմ նրանով: Ես էլ եմ փնտրող, սիրում եմ փորձություններ հաղթահարել, կոփել մարմինս: Կարատեով, բռնցքամարտով ու ձեռնամարտով եմ զբաղվել: Հետախույզ եմ դառնալու»:
Արթուր Ղեւոնդյանն էլ դեռ չի կողմնորոշվել՝ հակաօդային պաշտպանության մասնագե՞տ է, թե՞ ռազմական բժիշկ: Բայց մի բան հաստատ է՝ կյանքը կապելու է զինվորական գործին, ինչպես եղբայրը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի շրջանավարտ Գեւորգը. «Նա փոխգնդապետ է: Ավարտել է վարժարանը, այնուհետեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ինձ դուր է գալիս նրա համակարգված առօրյան՝ վաղ է արթնանում, անպայման մարզվում է, հագնում է համազգեստն ու շտապում ծառայության: Եղբայրս ինքնուրույն է, ազնիվ եւ շատ ուժեղ: Փորձելու եմ նմանվել նրան»:
Տղաները զբաղեցրին իրենց տեղը շարքում: Միջոցառումն սկսված է: ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունեց անձնակազմին եւ շնորհավորեց տոնական արարողության կապակցությամբ: Ի պատասխան հնչեցին հանդիսավոր «հուռաները», ապա սաները կատարեցին հանրապետության օրհներգը:
Մոնթեի պատգամին հավատարիմ
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որ նաև վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Ներսես Շնորհալու աղոթքով սկսեց ելույթը: Նկատեց՝ պատահական չէ, որ վարժարանը տեղակայված է սահմանապահ Տավուշում: Դիմելով սաներին՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ ազդարարվում է նրանց ճախրանքի սկիզբը. «Թև տվեք այդ ճախրանքին, լցրեք մեր կյանքը հաղթանակներով: Դուք գալիս եք համալրելու հայոց բանակի շարքերը` որպես ապագայի սպաներ»:
Վարժարանի շրջանավարտ, ՀՀ ԶՈՒ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը նշեց, որ ազգային-ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին, ովքեր մարմնավորում են ժողովրդի իղձերն ու երազանքները. «Այդպիսի ծնունդ է Մոնթեն: Չունենալով զինվորական կրթություն՝ նա լավագույնս էր ղեկավարում մարտական գործողություններն ու համակարգում տարածաշրջանի պաշտպանությունը: Մոնթե Մելքոնյանի պատգամն էր՝ պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ»: Գնդապետը բոլոր շրջանավարտների անունից է նշում. վարժարանն ամրացնում է կամքը, օգնում է ընտրել կյանքի լավագույն ճանապարհն ու սովորեցնում է ծառայել սեփական ժողովրդին:
Լավագույնը դառնալու ակնկալիքով
Վարժարանի՝ «Ճանապարհ դեպի բարձունք» կարգախոսը, ըստ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, առավել քան խոսուն է. «Սիրելի մոնթեականներ, թեև վարժարանը բարձունքին է, բայց սա սկիզբն է այն ճանապարհի, որ դուք պետք է անցնեք»: Նախարարը վստահ է՝ կրթությունն ընդհատած ու հայկական զինված ուժերում ծառայության անցած հրամանատար Մոնթե Մելքոնյանի ամենամեծ բերկրանքը այն կլիներ, որ վարժարանը վաղվա սպայակազմի դարբնոց դառնար: Վիգեն Սարգսյանը հիշեց, թե ինչպես է մեկ տարի առաջ այցելել Երևանում գործող ռազմամարզական վարժարան ու հետեւել մոնթեականների վարժանքներին, ուսումնական գործընթացին: Վերադառնալով նախարարություն՝ արձանագրել էր՝ սաներն արժանի են լավագույն պայմաններին. «Այսօր ուզում եմ բոլոր մոնթեականների անունից շնորհակալություն հայտնել գերագույն գլխավոր հրամանատարին` վարժարանը Դիլիջան տեղափոխելու անիրականանալի թվացող գաղափարը իրականություն դարձնելու համար»: Հաշված ամիսների ընթացքում բազմաթիվ մարդկանց շարունակական ու հետեւողական ջանքերի շնորհիվ համալիրը հարմարեցվեց ռազմամարզական վարժարանի պահանջներին: Նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց Պետական եկամուտների կոմիտեին, որ կիսակառույց համալիրը բանակին փոխանցելուց հետո էլ շարունակեց աջակցել այն վերջնական տեսքի բերելու հարցում: Շնորհակալական խոսքերի արժանացան «Այբ» կրթական հիմնադրամը, «Թումո» կենտրոնն ու Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը: «Շենքը վարժարան չի դառնա առանց բովանդակության»,-շեշտեց նախարարը: «Թումո»-ն իրագործեց հաստատությունում կենտրոն հիմնադրելու գաղափարը, գեղարվեստի պետական քոլեջն էլ ոչ միայն նվիրեց իր սաների ստեղծագործությունները, այլև վարժարանում պարբերաբար կազմակերպում է արվեստի ու մշակույթի թեմայով դասընթացներ: «Մոնթեականներն ու պաշտպանության նախարարությունն անելու են ամեն ինչ, որ վարժարանը ձեռք բերի երկրի լավագույն կրթահամալիրի, լավագույն հանրային ավագ դպրոցի համբավը»,-եզրափակեց Վիգեն Սարգսյանը:
Մոնթեականների երդումը
Սաների հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունն է: Հուշարձանի սավանն իջեցնում են ռազմամարզական վարժարանի նախկին սան, զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանն ու ներկայիս սան Դավիթ Անդրեասյանը: Մոնթեի առանձնահատուկ եւ ազնիվ, համեստ ու միեւնույն ժամանակ ըմբոստ հայացքի ներքո էլ սաները խոստանում են դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպան, անմնացորդ նվիրվել ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը, լինել օրինակելի քաղաքացի, զինված ուժերի հուսալի հենարան, դառնալ Հայոց բանակի արժանի սպա եւ բարձր պահել Մոնթեի վեհ անունը: Վարժարանի առաջին ուսումնական վաշտի սաների արտաբերած խոստման տեքստի ամեն մի բառը համոզիչ եւ ազդու է հնչում:
Մեզնից յուրաքանչյուրը Մոնթեի իր կերպարն ունի
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վարժարանի պաշտոնական բացման արարողության իր ելույթում նշեց, որ Մոնթեի կենսագրությանն անդրադառնալիս բավական է միայն հիշել, որ նա Ճապոնիայում, Կալիֆոռնիայում բարձրակարգ կրթություն ստացած և Օքսֆորդի համալսարան ընդունված, 6-7 լեզուների տիրապետող երիտասարդ էր, որ նա, հրաժարվելով հանգիստ ու ապահով ապագայից, գիտակցական կյանքը նվիրել է հայ ժողովրդի շահերի և անվտանգության պաշտպանությանը. «Մնացածն արդեն պատմություն է` Շահումյանի համար մղվող մարտեր, Մարտունու սաստիկ պաշտպանությունն ու անառիկ Մոնթեբերդի վերածելու պատմությունը: Այսօր արդեն տպավորություն է ստեղծվում, որ Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս: Մեզնից յուրաքանչյուրը Մոնթեի իր կերպարն ունի, որն ուղեկցում է և՛ դժվարին պահին, և՛ հաջողությունների պահին, և՛ խնդիրների ժամանակ մեզ ուժ է տալիս: Նա, սակայն, իրական, մեր հայրենի հողի վրա երկու ոտքով ամուր կանգնած մարդ էր»:
Իրական Մոնթեի՝ իր մարտական ընկերոջ մասին խոսելիս նախագահը շեշտեց` չի հանդիպել գաղափարին այդքան նվիրված մեկ ուրիշի. «Անհնար է մեր հերոսամարտը գնահատել առանց Մոնթեի: Ինձ համար Մոնթեն ոչ միայն հայրենասեր ու անձնազոհ ազատամարտիկ էր, այլև ազնվության բացարձակ չափանիշ: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, խիստ սակավապետ, իրեն մյուսներից չգերադասող ու կռվի թոհուբոհի ու դաժանությունների մեջ բյուրեղյա մաքրությունը չկորցրած մարդ էր»:
Մոնթեի մահվան օրը նրա կինը` Սեդան, զսպելով սոսկալի վիշտը, ուժ գտավ ասելու, որ հերոսի հոգին հանգիստ կլինի, եթե նրա պայքարը շարունակվի ու հասցվի վերջնական հանգրվանի. «Փաստ է, որ այդ պայքարը դեռ վերջնականապես ավարտին չի հասել, և մենք ձեզ հետ այս առումով դեռ պարտք ունենք տալու Մոնթեին և մեր մյուս ընկերներին: Այս վարժարանը Մոնթեի գործի շարունակականության փայլուն վկայությունն է, եթե կուզեք՝ դրա խորհրդանիշը»,- ասաց նախագահը:
Մոնթեն իր տեսակի մեջ բացառիկ առաջնորդ էր: Եվ Սերժ Սարգսյանը ակնկալում է, որ վարժարանն ու իր սաները եւս կլինեն այդպիսին՝ առաջինն ամեն ինչում և ամենուր. «Այս գեղեցիկ, ես կասեի՝ նույնիսկ շքեղ կառույցը տրամադրվել է հենց ձեզ և ոչ մեկ այլ պետական հաստատության: Դա վկայությունն է մեր պետության ուշադրության, ինչպես նաև այն առաջնահերթությունների, որ ունեն մեր ժողովուրդն ու հասարակությունը: Սիրելի՛ սաներ, մնում է, որ դուք հետևողականորեն յուրացնեք զինվորականների ազնվագույն մասնագիտությունը, զինվեք գիտելիքով և կոփեք ձեր կամքը, ինչն անհրաժեշտ է լինելու մեր երկրի և ժողովրդի համար ամենավճռական պահերին»:
Նախագահի ելույթից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրեցին մարտական հնարքներ: Հանրապետության նախագահը հյուրերի հետ շրջեց վարժարանում, ծանոթացավ ուսումնառության և սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին:
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով ու հրավառությամբ:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում