ՆՈՐԻՑ ԻՐ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Գևորգ և Կարինե Հովհաննիսյան ամուսիններին նախկին համաքաղաքացիները դիմավորեցին ծափողջույններով, շատերն` արցունքն աչքերին: Նոյեմբերի 14-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված կրթօջախի սան, այս տարվա մարտի 31-ին Արցախի արևելյան սահմանագծում հերոսաբար զոհված ավագ լեյտենանտ Գոռ Գագիկի Հովհաննիսյանի 24-ամյակին: Կայացավ նաև դասարանի անվանակոչություն: Այն դասարանը, որտեղ 8 տարի սովորել էր Գոռը, անվանակոչվեց նրա անունով: Այստեղ այժմ սովորում է դպրոցի իններորդ դասարանի 8 աշակերտ: Մինչ ցերեկույթի սկսվելը ներկաները՝ հերոսի ծնողներն ու եղբայրը, զորամասի հրամանատարը, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչը, Կովսականի քաղաքապետը, հարևան համայնքների դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, հյուրեր, լրագրողներ, ծաղիկներ խոնարհեցին Թաթուլ Կրպեյանի կիսանդրու առջեւ: Հուշ-ցերեկույթն սկսվեց աշակերտներ Սիրանուշի և Ռազմիկի ելույթով, ովքեր ներկայացրին հերոսի կենսագրությունը: Գոռը ծնվել է 1993թ. նոյեմբերի 14-ին և մանուկ հասակում Երևանից տեղափոխվել Քաշաթաղի Կովսական քաղաք: Գևորգ Հովհաննիսյանն ընտանիքով Կովսական եկավ ու դարձավ քաղաքը շենացնողներից մեկը: 3 որդիները՝ Գոռը, Տիգրանը և Սմբատը, համալրեցին դպրոցի սաների շարքերը: Գոռի դասվարը պատմեց. նա ժիր էր, սրամիտ և չափազանց սիրված աշակերտ: Ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ, սակայն հիմնական կրթություն ստանալուց հետո՝ 2008թ., ընդունվեց Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարան: 2 տարի անց արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսանող էր: 2014թ. օգոստոսից Հայոց բանակի սպա էր ու ծառայության անցավ Արցախի պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ծնողները Կովսականից տեղափոխվեցին ու բնակություն հաստատեցին որդու զորամասին մոտակա բնակավայրում: Առաջնագծում էր նաև նրանց երկրորդ որդին՝ Տիգրանը: Ճիշտ մասնագիտություն էր ընտրել Գոռը. նա կարգապահ էր, կազմակերպչական ունակություններով օժտված, մշտապես հենակետում էր՝ զինվորի կողքին: 2017թ. մարտի 30-ին հերթական անգամ բարձրացավ մարտական հենակետ: Հաջորդ օրը՝ ժամը 14:45-ի սահմաններում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման ընթացքում, փրկելով իր զինվորներից մեկին, զոհվեց: Հուշ-ցերեկույթի ընթացքում ցուցադրվեցին Գոռի մասին պատմող լուսանկարներ, տեսակադրեր. իր զինվորների հետ երգում է. «Մա՛մ ջան, չտխրես…»: Ռազմահայրենասիրական երգեր կատարեց նաև «Թաթուլ» պարի խմբի ղեկավար Կարեն Մարտիրոսյանը: Շրջանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանն իր ելույթում ասաց. «Ծանր է ցավը, միաժամանակ ցավն ու հպարտությունը պարուրել են մեզ: Հպարտ ենք, որ Արցախյան պատերազմի հերոսներին՝ Թաթուլին, Մոնթեին, Լեոնիդին, մնացած քաջերին արժանի հետևորդներ ունենք: Մեր զավակները կարողանում են ազդարարել, որ մեր սահմանները մենք ենք պաշտպանելու, պահելու ենք անառիկ»: Զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ մեծ էր Գոռի նման սպայի կորուստը: «Ներկայացնելով քաջի կարճ, սակայն հերոսական մարտական ուղին, ասաց. Ներկայանալով զորամաս՝ անմիջապես նկատվեց նրա խիզախությունը, հայրենիքին ծառայելու պատրաստակամությունը: Շուտով նշանակվեց հրաձգային դասակի հրամանատար, և նրան վստահվեց առավել կարևոր մարտական դիրքերից մեկը, որը թշնամուց հեռու է ընդամենը 170մ: Մշտապես շրջում էր հենակետերում, լինում զինվորների մոտ, քաջալերում ու խրախուսում նրանց: Հպարտանում էի, որ Գոռի նման սպա է ծառայում իմ հրամանատարությամբ գործող զորամասում: Երբ տեսա նրան զոհված, չէի հավատում…»,- ներկայացրեց հրամանատարը: Այնուհետև Կ. Գրիգորյանն ընթերցեց Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը և հերոսի ծնողներին հանձնեց «Մարտական ծառայություն» մեդալը:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ