ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Երեւանի Ֆ. Նանսենի անվան N 150 հիմնական դպրոցի աշակերտների նամակները հայ զինվորին
Իմ սիրելի՛ զինվոր, ես հպարտ եմ քեզնով: Դու պաշտպանում ես մեր հայրենիքը ու քո շնորհիվ է, որ մենք խաղաղ ու անհոգ ենք ապրում: Երբ մեծանամ, անպայման կհետեւեմ քո օրինակին: Խաղաղություն քեզ, իմ հա՛յ զինվոր:
ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
♦♦♦
Հայոց երկրից եմ գրում, հայրենի տնից եմ գրում, գրում եմ մեր դպրոցից: Իմ հա՛յ զինվորներ, իմ հա՛յ մարտիկներ, Ձեզնով հպարտ եմ. դուք պաշտպանում եք մեր երկիրը, հաճախ կյանքի գնով թույլ չեք տալիս, որ թշնամին ներխուժի մեր տուն: Ապահովում եք իմ խաղաղ ու երջանից մանկությունը: Իմ հայո՛ց բանակի զինվորներ, ձեզ ցանկանում եմ պայծառ գարուններ ու միայն հաղթանակներ:
Սիրելի՛ զինվոր, այնքան հպարտ եմ, որ հայուհի եմ: Հպարտ եմ նաեւ, որ դու իմ եղբայրն ես: Քեզ եղբայր եմ կոչում, քանի որ արժանի ես այդ կոչմանը:
Քո ներկայությամբ ես պաշտպանված եմ զգում ինձ: Երբ գիտեմ, որ դու կանգնած ես սահմանին` հպարտ, արի, անվախ, գեղեցկադեմ եւ հսկում ես հայ ժողովրդի անդորրը:
Ես քեզ չեմ ճանաչում, բայց կարծես գիտեմ քեզ, քո անունը, ի՛մ զինվոր:
Դե, ժպտա՛, եղբա՛յր, քո հաղթական ժպիտով մի ողջ ազգ է հպարտանում:
VIII դ դասարանի
աշակերտների կողմից
♦♦♦
Սիրելի՛ հայ զինվոր, շնորհակալ եմ, որ ինձ համար օրուգիշեր սահման ես պահում, ինձ ես պաշտպանում: Բառեր չեմ գտնում երախտագիտությունս արտահայտելու համար: Դու իսկապես հայ զինվոր ես, ու ես հպարտ եմ, որ նամակ եմ գրում քեզ:
ՎԱՀԱՆ ՉԱԽՈՅԱՆ
VIIIդ դաս.
♦♦♦
Բարեւ, հա՛յ զինվոր, ես Միլենան եմ: Սովորում եմ չորրորդ դասարանում: Շնորհակալ եմ քեզ, որ դու մշտարթուն կանգնած հսկում ես սահմանը: Դու քո քաջությամբ մեզնից վանում ես վախն ու անվստահությունը, հավատ ներշնչում մեր հաղթանակի, մեր ապագայի նկատմամբ:
Սիրելի՛ զինվոր, դու նորից ապացուցեցիր, որ ընտանիքում եւ դպրոցում սերտածդ հայրենասիրության դասերը կյանքի ես կոչել` ողջանվեր տրվելով հայրենիքիդ: Դու շարունակում ես արժանի լինել մեր հին ու նոր հերոսներ Հայկին, Տիգրանին, Վարդանին, Անդրանիկին, Նժդեհին, Մոնթեին: Իսկապես որ` քաջերի սերունդը քաջերն են:
Փառք քեզ, հա՛յ զինվոր, որ անմնացորդ նվիրումովդ չխնայեցիր անգամ ամենաթանկը խաղաղ երկնքի տակ` կյանքդ, որ ոսոխը չպղծի քո արյունով ներկված սուրբ հողը:
Փառք ձեզ, Հա՛յ զինվոր:
♦♦♦
Բարեւ մեր բոլորի սիրելի հայ զինվոր: Մենք շնորհակալ ենք քեզ եւ քո ընկերներին, քանի որ դուք պաշտպանում եք մեզ եւ մեր հայրենիքը:
Քո շնորհիվ է, որ մենք անհոգ ու հանգիստ ապրում ենք մեր երկրում: Ես էլ քեզ ցանկանում եմ անհոգ ու հանգիստ ծառայություն, քանի որ գիտեմ՝ խրամատում կանգնած հսկում ես սահմանները: Ես հիմա հաճախում եմ դպրոց, բայց կգա ժամանակ, որ ես էլ զինվոր կդառնամ եւ կծառայեմ ու կպաշտպանեմ մեր հայրենիքը:
Ես քեզ մաղթում եմ առողջություն եւ բարի վերադարձ:
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂԱԲԵԿՅԱՆ
IIգ դաս.
♦♦♦
Բարեւ, հա՛յ զինվոր` մեր ազգի պարծանք: Մենք գիտենք, որ շատ դժվար է քո ծառայությունը սահմանում, սակայն, վստահ ենք, որ դու աչալրջորեն պաշտպանում ես սահմանը եւ պատրաստ ես դիմակայելու թշնամու ցանկացած ոտնձգություն՝ չխնայելով նույնիսկ սեփական կյանքը, ինչպես չխնայեցին իրենց կյանքը քառօրյա պատերազմի մասնակից մեր զոհված հերոս տղաները:
Ցանկանում եմ քեզ քաջառողջություն, խաղաղ երկինք, թող քո ծառայությունն անցնի առանց պատերազմի, եւ դու փառքով ավարտես ծառայությունդ եւ վերադառնաս հայրենի տուն:
Շնորհակալություն:
Մարիանա Մատուլյան
VIII դասարան
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Բանակ և հասարակություն