ՍՏՎԵՐՆԵՐՈՎ ԼԻ ՔԱՂԱՔԸ
Լույս է տեսել ՊԲ ՏՀՀԿ բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆԻ երկրորդ` «Ստվերներով լի քաղաքը» գիրքը:
-Պարոն Սարումյան, վստահ եմ` առաջինը չեմ, որ Ձեր պատմվածքներն ընթերցելիս զգում է Մարկեսյան շունչը, երբ հեքիաթն ու իրականությունը խառնվում են: Երբ մանկան պարզությամբ կյանքը շոշափող հայացքը հասնում է անիմանալիի խորքերը ու փորձում թարգմանել ուրիշ չափագրության մեջ արտացոլվող իրականությունը:
-Ես միշտ էլ դժվարությամբ եմ խոսում իմ պատմվածքների մասին, որովհետեւ ասել ինչ-որ բան, կնշանակի տարրալուծել ամբողջը: Ես պատմում եմ այն, ինչ տեսնում եմ: Ես ծանոթ եմ Ձեր հարցազրույցներին, ու երբ գալիս էի Ձեզ հետ հանդիպելու, մտածում էի, որ անպայման հարցնելու եք, թե ո՞րն է իմ գլխավոր ասելիքը ընթերցողին… Ու չգիտեի, թե ի՞նչ եմ պատասխանելու: Ինչ-որ հատուկ ասելիք չունեմ: Ես կյանքը տեսնում եմ յուրովի եւ թարգմանում եմ իմ լեզվով: Երբ ես նստում եմ պատմվածք գրելու, չգիտեմ` ինչ պիտի գրեմ, չգիտեմ սյուժեն, չգիտեմ ասելիքս: Իմ գլխում մի քանի բառ է պտտվում միայն, հոգուս մեջ` ինչ-որ տարտամ հույզեր: Հետո գրվում է այն, ինչ գրվում է:
-Ձեր գործերը դուրս են դասական պատմվածքի կարծրատիպերից. դրանք ենթավերնագրեր ունեն, հաճախ սյուժե չկա, հեղինակի մտորումները խառնված են դեպքերին…
-Հիշո՞ւմ եք հայտնի պատմությունը. Մարկեսի կինը առավոտյան տեսնում է ամուսնուն արտասվելիս, գնդապետը մահացավ` ասում է Մարկեսը: Գնդապետը` իր «Հարյուր տարվա մենություն» վեպի հերոսը:
… Քո պատմվածքներն ավելին են, քան ասելիքդ, որովհետեւ դու ընդամենը պատկերող ես, իսկ այդ պատկերի մեջ դիտողը կարող է տեսնել շատ ավելի նրբերանգներ ու իմաստներ, որոնք դու վերարտադրելիս չես նկատել:
-Ես կարծում եմ` այն մարդիկ են գրող դառնում, ովքեր կարողանում են բաց թողնել մանկության դուռը, որ ստեպ-ստեպ վերադառնան անցյալ: Ու գրում են՝ մանկության պատուհաններից նայելով աշխարհին:
-Այդպես է: Որովհետեւ մեծերի աշխարհում իշխում են քարացած ճշմարտություններն ու բանաձեւումները, առանց պեղելու իմաստներն ու շերտերը, առանց բացելու հոգին ու միտքը Առեղծվածի առաջ:
-Եկեք մի պահ «շունչ առնենք» Ձեր մանկության հանգրվաններում, որից հետո կխոսենք «Ստվերներով լի քաղաքի» մասին, կփորձենք մեր կյանքում փնտրել «խորհրդավոր այցելուին», կհավատանք, որ կարող ենք փակել «հուշեր այրողի» ճանապարհը, կսիրենք ամբոխի մեջ յասամանագույն զգեստով կնոջը փնտրող ծերունուն, կշոշափենք «Պատերազմի դեմքը»… Որովհետեւ, ուզենք թե չուզենք, «մեր ստվերները քարշ են գալիս մեր հետեւից», ու ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կյանքը տեղավորվում է մոմլաթե տոպրակում, եւ ինչ-որ մեկի տանը հուղարկավորության դերաբաշխում է ամեն պահի… Սրանք մի քանի պատկերներ են Ձեր բազում պատմություններից:
-Իմ մանկությունը՝ շատ հանգրվաններ, ուրեմն՝ բազում գույներ ունի: Ես ծնվել եմ Երեւանում եւ մինչեւ յոթ տարեկան ապրել եմ մայրաքաղաքում: Այնուհետեւ հորս աշխատանքի նշանակեցին Արտաշատում, մենք ընտանիքով տեղափոխվեցինք Արտաշատ: Հետո վերադարձանք Արցախ, որտեղ մեր արմատներն են: Հայրս Արցախի Խաչեն գյուղից է, մայրս` Առաջաձոր: Երկու պապերս իմ մանկության ամենավառ դեմքերն են: Հմայակ պապս աշխարհի ամենախելացի մարդն էր: Վերդի պապս` ամենաուժեղը (հոգով): Երկուսն էլ ինձ անչափ սիրում էին:
-Իսկ Դուք ի՞նչ էիք անում, ինչո՞վ էիք զբաղված մանկության տարիներին: Ի՞նչ պատկերներ, ի՞նչ հույզեր են վերապրում Ձեր գործերում:
-Իմ սերնդի մանկությունը համընկավ պատերազմի հետ: Մեր խաղերը տարբերվում էին «խաղաղության» սերնդի խաղերից: Օրինակ՝ մի խաղ կար, կոչել էինք «Միայն առաջ»: Այսինքն` ինչ խոչընդոտ էլ լիներ մեր ճանապարհին, չպետք է ուղին փոխեինք, չպետք է շրջանցեինք: Պիտի առաջ գնայինք հաղթահարելով ու հաղթելով: Սա դարձավ կենսաձեւ:
-Դուք շատ փոքր եք եղել պատերազմին մասնակցելու համար: Բայց զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով վիրավորվել եք: Զենք որտեղի՞ց:
-Իմ մանկության տարիներին Ստեփանակերտում ինչն էր շատ, զենքը: Դեմքս էի վնասել: Երբ մանուկ ես, կյանքն ընկալում ես հեքիաթի նման, ու բացատրություններ չես փնտրում: Անիմանալին երեխայի համար նույնքան իմանալի է, որքան բոլոր շոշափելի երեւույթները: Ու երբ արդեն մեծ ես, միայն մանկան անխաթար հայացքով կարող ես տեսնել կյանքի հեքիաթը, պոկվել երկրի ձգողականությունից:
-Ձեր պատմվածքներում առինքնող մարդասիրություն կա, պաթոսից, պարտադրվող բանաձեւումից ու քարացած ճշմարտություններից անդին` պարզ ու անսեթեւեթ կարեկցանք մարդու հանդեպ: Եվ այս ամենը` այնքան վարպետորեն, անճիգ ու նորովի:
-Ես պատմում եմ այն, ինչ տեսնում եմ: Քաղաքը լի է կյանքերով, պատմություններով, դեպքերով ու դրվագներով: Իրոք, իմ պատմվածքների առանցքում կարեկցանքն է մարդու հանդեպ: Յուրաքանչյուրի հեռանալը այս աշխարհից ողջերին հիշեցնում է իրենց գոյության ունայնության մասին: Մարդու ուղին անցնում է համբերության անծայրածիր անապատով: Մենք շատ նման ենք իրար. չկան երջանիկներ ու դժբախտներ, հաջողակներ ու անհաջողակներ, այդ ամենը թվացյալ է: Մենք բոլորս մեր կռիվն ունենք կյանքի ու մահվան արանքում. մի օր բոլորիս հյուր է գալիս Այցելուն:
-Ո՞վ է Այցելուն՝ ճակատագի՞րը, թե՞ պատահականությունը: Գուցե հանգամանքնե՞րը…
-Բոլոր ձեւակերպումներն էլ ճիշտ են: Անվանեք, ինչպես կուզեք: Բայց դու հասկանում ես, որ նա է գրում քո կենսագրությունը եւ քեզ ստիպում է խաղալ իր օրենքներով: Ես տեսնում եմ մարդու անհավասար կռիվը Այցելուի հետ ու հասկանում եմ, որ նա դատապարտված է պարտության, քանի չի սկսել սիրել սեփական մահը:
-Սիրել սեփական մահը՝ սա անձնազոհության ու խիզախության գաղափարի յուրատեսակ ներբող է: «Պատերազմի դեմքը» պատմվածքում Դուք ասում եք՝ «մահվան կողքին կյանքը գեղեցկանում է», եւ «պատերազմի արյունարբու գեղեցկությունը»` մոտալուտ անհամար վախերով ու անսահման ազատությամբ, ստիպում է արժեւորել կյանքի ամեն վայրկյանը:
-Կյանքի հմայքը կարող է ամբողջանալ ամենափոքրիկ ու աննշան «ձեռքբերումներում»: Կյանքի իմաստը կարող է ամփոփված լինել ամբոխի մեջ յասամանագույն զգեստով կնոջը գտնելու ուրախությամբ: Կամ գուցե հենց այդ փնտրտուքի մեջ:
-Ի վերջո, մեր կյանքը, մեր սերերը, ցավերը, ապրումները, մեր պայքարը, մեր հաղթանակներն ու պարտությունները մի օր հավաքվելու են մի փոքրիկ մոմլաթե պարկի մեջ…
-Հասկացա: Խոսքը «Հուշեր այրողը» պատմվածքի մասին է: Երբ փոքրիկ տղան երեւի իր կյանքի առաջին մեծ ցավով շփոթված՝ տեսնում է, թե ինչպես են իր մահացած պապի իրերը լցնում մի փոքրիկ մոմլաթե տոպրակի մեջ:
-Ու սպասում «հուշեր այրողին», որ գա ու այրի սերը, կարոտը, մտերմությունը… Ու մինչ մեծերը համակերպված սպասում են «հուշեր այրողին», փոքրիկ տղան պապի նկարը ջանասիրաբար թաքցնում է իր բարձի տակ ու քնած է ձեւանում: Ձեր գրականությունը հենց այդ անհավասար, բայց ազնվացնող պայքարի ու անշահախնդիր սիրո մասին է` անսեթեւեթ, նորովի մտածողությամբ ու շատ գեղեցիկ լեզվով:
Ու ես ոչ թե մաղթում, այլ պարզապես խնդրում եմ, որ շատ գրեք:
-Շնորհակալ եմ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Հոգևոր-մշակութային