ԶԻՆՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ
Լրացավ ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ծննդյան 75-ամյակը
«Ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն»:
Լ. Ազգալդյան
Ինձ բախտ է վիճակվել Լեոնիդ Ազգալդյանին մոտիկից ճանաչելու։ Իրենց ընտանիքն ապրում էր այն տարիներին Լենինի, այժմ՝ Մաշտոցի պողոտայի թիվ 16 շենքում, մենք՝ նույն շենքի բակում գտնվող սեփական տանը։ Լյոնյան (այդպես էին մտերիմները կոչում նրան), մեզանից տարիքով մեծ էր ու, բնականաբար, չէր մասնակցում բակային մեր խաղերին, բայց երբեմն-երբեմն իջնում էր բակի խաղահրապարակ, մոռացության գիրկն ուղարկելով տարիքային տարբերության պատնեշը, մտերմիկ զրուցում հետներս, հաղորդակցվում մեր խնդիրներին ու անելիքներին, իր խորհուրդներով, նկատառումներով նպաստում դրանց իրագործմանը։ Հայրը կուսակցական բարձրաստիճան պաշտոնյա էր ու ծառայողական «Վոլգա» ուներ։ Ամռանը, շաբաթ օրերին, Լյոնյան խնդրում էր վարորդին մի քանի ուղերթով մեզ մանկական երկաթուղի հասցնել, լողում էինք մեր իսկ կողմից Լյոնյայի ցուցումներով ու նախագծով Հրազդան գետի վրա պատրաստած ջրավազանում, ամբողջ օրն անցկացնում այնտեղ, ուտում նախօրոք գնած պոնչիկները, լիմոնադ խմում ու Լյոնյայի հետ արդեն ոտքով տուն վերադառնում։ Եթե հանկարծ ինչ-որ հարցով վիճում էինք, ապա ամենազոր հաշտարար դատավորը նա էր, որին անվերապահորեն լսում էինք։ Նրա միջամտությունից հետո ինչպես մենք, այնպես էլ հարևան բակերից մեզ հետ ֆուտբոլ խաղալու եկած տղաները, հաշտվում էինք։ Մի անգամ, խաղը հաղթած, քափ-քրտինք մտած, վայելում էինք պարտված ընկերների գնած սառը գարեջուրն ու կարկանդակը, երբ հանկարծակի հայտնվեց Լյոնյան։ Տեսնելով գարեջրի կիսադատարկ շշերը՝ մռայլվեց ու լուռ տեղավորվելով կողքներս, ոչ այն է՝ վիրավորված, ոչ այն է՝ զայրացած, կիսաշշուկով ասաց.
-Չէ՛, չեղավ, տղանե՛ր, նախ՝ քրտնած վիճակում սառը հեղուկ ընդունելը վտանգավոր է, իսկ գարեջուրը, մեղմ ասած, հարբեցողության նախաբան։ Էսպես որ գնա, դուք կարող է նաև ծխեք, թմրամիջոցներ օգտագործեք։ Եթե իմ ասածներն ու հորդորները ձեզ համար գրոշի արժեք չունեն, պատրաստվում եք ձեր ընտրած ճանապարհով գնալ, ինձ կմնա ցտեսություն ասել ձեզ։
Մենք ամոթից գետինը մտանք ու բոլորս միաբերան երդվեցինք այլևս չկրկնել։ Այդպես էլ եղավ ու շարունակվում է ցայսօր։
Տարիները մեզ բաժանեցին, յուրաքանչյուրս գնաց իր ճանապարհով։ Մեր վերջին հանդիպումը 1992թ.-ի հունիսի վերջերին էր, երբ Լյոնյան, ցավոք, հավերժ լուռ, իր պաշտելի հայոց եռագույնը կրծքին, վերջին հրաժեշտն էր տալիս հարազատներին, ընկերներին, ողջ ժողովրդին, մեզ՝ բակի տղաներիս…
…Ղարաբաղյան շարժման սկզբնավորման առաջին օրվանից Լ. Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու գործում։ Համագործակցել է Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետ։ Եվ քանի որ նրանից տարիքով մեծ էր, շատ բաներով նպաստել է Անկախության բանակի կազմավորմանը՝ երբեք չհավակնելով կուսակցական գործիչ լինել։ Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանմանը, քանի որ Նավասարդյանն առաջարկեց մտնել կուսակցության շարքերը։ Լեոնիդն առանձնացավ և ձեռնամուխ եղավ Ազատագրական բանակի ստեղծմանը: Հեռատես ու բանիմաց հայորդին Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից բարձրաձայնում էր, որ մեզ լուրջ փորձություններ են սպասվում, քանզի ադրբեջանցիները հեշտությամբ չեն հրաժարվի Ստալինի կողմից իրենց նվիրաբերված բնիկ հայկական տարածքներից ու ոչինչ չեն խնայի Արցախը նույնպես Նախիջևանի բախտին արժանացնելու, հայաթափելու և սեփականացնելու համար։ Պատահական չէ, որ դեռևս խորհրդային բռնապետության օրերին նա զենքեր պատրաստելու, ադրբեջանցիների կողմից մեզ պատերազմ պարտադրելուն պատրաստ լինելու բացահայտ կոչեր էր անում։ «Ձեռքերը թափահարելով և ճառեր ասելով՝ Արցախը պահել հնարավոր չէ»,- ասում էր նա՝ հընթացս իր շուրջը համախմբելով համալսարանական ու լազերային ինստիտուտի ընկերներին՝ ֆիզիկոս-գիտնականներին և սկսելով ինքնաշեն զենքերի արտադրությունը:
1990թ. փետրվարից Ազգալդյանը վարել է Անկախության բանակի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նյուվադիի ազատագրմանը։ Հետագայում Ազգալդյանն իր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախյան ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Գետաշենի և Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին ֆրանսահայ ազատամարտիկ Հովսեփ Հովսեփյանի («Պարոն Հովսեփ») հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին միտված շարժումների շղթայում, և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Պատմում է ջոկատի մարտիկ, այսօր «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, մասնագիտությամբ կիբեռնետիկ, հոգով ու էությամբ բանաստեղծ-երաժիշտ, ազգային պարարվեստի երախտավոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը.
-Ես «Ազատագրական բանակին» անդամագրվեցի Ազգալդյանի զոհվելուց մեկ ամիս հետո։ Նա չկար, բայց բանակն ապրում ու շնչում էր նրանով։ Եթե մի բան անում էինք, անպայման խորհրդակցում էինք, թե Ազգալդյանը տվյալ իրավիճակում ինչպես կվարվեր։ Նրա տված դեղատոմսերը մինչև պատերազմի ավարտը բոլորիս համար ուղեցույց էին։ Իհարկե, մինչև ջոկատին անդամագրվելը, ես ճանաչում էի Ազգալդյանին, գիտեի նրա անցած ճանապարհը։ 1960թ. Ազգալդյանն ընդունվել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղից հետագայում տեղափոխվել էր Երևանի պետական համալսարան ու ավարտել ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Իսկ տեղափոխության պառճառն այն էր, որ 1965թ. ապրիլի 24-ին Մոսկվայում ցույց էր կազմակերպել` Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ լրջորեն վտանգելով կուսակցական պատասխանատու պաշտոն զբաղեցնող հոր վարկանիշը:
1988թ. նա չմասնակցեց միտինգներին, այլ ուղղակի կանգնեց, լսեց ու ձեռքը թափ տալով հեռացավ` ասելով, որ այս պայքարը զինված պայքարի է վերածվելու: Իր մարգարեական հեռատեսության, իմաստուն ու ազգային հոգեկերտվածքով հայորդին հեռացավ աղմկահարույց միտինգներից՝ ինչպես ավելի քան մեկ դար առաջ պատկերավոր ասել էր Բեռլինի կոնգրեսից հիասթափված ու ձեռնունայն վերադարձած Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը՝ «Երկաթե շերեփ», ասել է թե՝ զենք պետք է ստեղծել: Արցախյան ազատամարտի առաջին ինքնաշեն զենքերը հենց Ազգալդյանն էլ ստեղծեց:
-Ազատամարտը երկու հսկաներ է տվել, որոնք անխոցելի են այն առումով, որ մտավորն ու ֆիզիկականն իրենց մեջ հավասարազոր ուժգնությամբ էին` Մոնթե Մելքոնյան և Լեոնիդ Ազգալդյան, որոնց միտքն ու ուժը իրար չէին զիջում,- ասում է Ազգալդյանի բանակի զինվոր Գինոսյանն ու շարունակում: -Լ. Ազգալդյանը նժդեհյան գաղափարախոսության կրողն էր: Նժդեհն ասում էր` հայ զինվորը սովոր չէ, որ իր հրամանատարը հրամայում է խրամատից, նա սովոր է հրամանատարին տեսնել իր կողքին: Այդպիսին էր և Լեոնիդը, որը միշտ իր ջոկատի կողքին էր և ոգեշնչում էր տղաներին: Միաժամանակ նա ջոկատում խիստ կարգուկանոն էր սահմանել` չծխել, չխմել, զենքը միշտ ձեռքին պահել: Պատահական չէ, որ Ազգալդյանի հրամանատարության 4 տարիների ընթացքում զոհվել է ընդամենը 6 զինվոր, իսկ նրա գլխավորած ջոկատն ազատագրել է 27 բնակավայր:
Գ. Գինոսյանի համոզմամբ` հենց Լ. Ազգալդյանն է Նժդեհի հոգեզավակը, իսկ ինքը նրան որակել է որպես «բազմաբևեռ մագնիս», չնայած՝ մագնիսն ունենում է երկու բևեռ: Նա ոչ միայն զինվոր է կերտել, այլև՝ ՀՀ քաղաքացի։ Նրա ջոկատում լինելը պատիվ էր ու մեծ դպրոց, որտեղ թրծվել են նաև հայոց բանակի ապագա բազմաթիվ սպաներ:
-Լաչինի ազատագրումից հետո,- շարունակում է Գինոսյանը,- Լ. Ազգալդյանն ասել է, որ այս հաղթանակները կհավասարվեն զրոյի, եթե այս ամենի հետևում կանգնած չլինի Հայոց կանոնավոր բանակը: Լ. Ազգալդյանն իր անկուսակցական լինելու սկզբունքին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը: Արտասահմանցի լրագրողի՝ Ազգալդյանին ուղղված հարցին, թե նա ի՞նչ գույնի է, այսինքն` ի՞նչ կուսակցության է հարում, հայրենասեր հայորդին ծնկաչոք վերցրել է մի բուռ հող և ասել, որ դա է իր գույնը. հայ զինվորը չպետք է երանգավորում ունենա:
Գ. Գինոսյանը հիշում է իր հրամանատարի մարգարեությունը` եթե ուզում եք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, ապա պետք է ազատագրել Քելբաջարը: Քելբաջարի ազատագրումը տեղի է ունենում արդեն Լ. Ազգալդյանի մահից հետո։ Գործողության իրականացումը ղեկավարում էր մեր ժողովրդի մյուս նվիրյալ զավակը՝ Մոնթե Մելքոնյանը՝ Ազգալդյանի կազմավորած ջոկատի տղաների ակտիվ մասնակցությամբ։ Գինոսյանը հիշեց Ազգալդյանի խոսքերը` ազատագրված տարածքները սակարկման ենթակա չեն: Նա համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա էլ կկործանվի։ Ու կրկնելով իր մեծ հայրենակցի՝ Դրաստամատ Կանայանի խոսքերը, ասում էր՝ իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին:
Գինոսյանը պատմում է Լ. Ազգալդյանի հետ կապված հիշարժան դեպքեր ևս. մեքենայով գնալիս տղաներից մեկն օդում արծիվ է տեսել և, բարձրացնելով զենքը, ցանկացել է կրակել: Լեոնիդը զենքն իջեցրել է ու ասել. «Երբեք ոչ մեկի ճախրանքը մի՛ ընդհատեք, առավել ևս, որ այդ թռչունը նաև Հայաստանի զինանշանի վրա է»:
-Մեկ ուրիշ անգամ,-շարունակում է Գինոսյանը,-ջոկատի տղաներից մեկը, պարապությունից, թե ինչից, կրակել ու սպանել էր դաշտում հայտնված կրիային։ Ազգալդյանը կանչել էր զինվորին ու, զսպելով մեջը կուտակված զայրույթը, ցածրաձայն հարցրել. «Դու քանի՞ տարի ես ապրելու»։ «Մի 60-70»,-վախվորած քրթմնջացել էր տղան։ «Իսկ գիտե՞ս՝ կրիան քանի տարի է ապրում»,-հանգիստ հարցրել էր հրամանատարն ու ինքն էլ պատասխանել իր հարցին՝ մի երկու-երեք հարյուր տարի, այսինքն՝ 3 դար՝ դառնալով այս բնության մի մասը, լուռ ու անվրդով վկան, իսկ դու նրան զրկեցիր կյանքից։ Բա կարելի՞ է։ Գնա՛, այս անգամ ներում եմ։ Մենք այստեղ եկել ենք ոչ թե սպանելու, այլ հաղթելու, արժանապատվորեն ապրելու ու ապրեցնելու համար, էլ չկրկնվի…
-Լեոնիդ Ազգալդյանի գերնպատակը պատերազմի դաշտում մարդկային անխուսափելի կորուստների թիվը նվազագույնի հասցնելն էր, -շարունակում է Գինոսյանը,- «Շատ քրտինք` քիչ արյուն», ասում էր նա ու ինքն էլ անձամբ ղեկավարում զինվորների մարզումն ու զինպատրաստության պարապմունքները: Յուրաքանչյուր զինվոր նրա համար անչափ թանկ էր, յուրաքանչյուր կորուստ շատ ծանր էր տանում: Այդ պատճառով էլ ցանկացած գրոհի ամենամանրակրկիտ ձևով էր պատրաստվում` լավագույնն ընտրելու համար, հնարավոր բոլոր տարբերակները, թշնամական դիմադրության ուղղություններն ու ձևերը հաշվարկելով: Ազատ ժամերին ռազմարվեստ էր ուսումնասիրում, հետը գրքերի մի ամբողջ պայուսակ էր ման տալիս, պատեհ առիթը բաց չթողնելով ընթերցում։ Յուրաքանչյուր զինվորի հիմնովին բացատրում էր մարտական գործողության բոլոր մանրամասները, հաղթելու ու առաջ շարժվելու միջոցները: Պատահական չէ, որ այս խիստ, պահանջկոտ, միաժամանակ անսահմանորեն բարի հրամանատարն իր բոլոր մարտիկների կուռքն էր: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարեւորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում:
Գինոսյանի խոսքերով` եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է ու հրամայել՝ «գնա քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում:
Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ ա, գնամ քնեմ: Այսինքն` երբ քո զորավարն իրոք բարոյական նկարագիր ունի, դա քեզ համար ավելի քան ապտակ է, ավելի քան պատիժ: Սա իրական մեծ զորավարի խնդիր է. հզոր մարդը վատը լինելու, չար լինելու, պատժաբեր լինելու խնդիր չունի:
Լեոնիդ Ազգալդյանի մեծությունն ամեն ինչում էր արտահայտվում` նա մարմնով առողջ էր, հոգով հզոր, մտքով իմաստուն, մի իսկական Վերածննդի մարդ՝ այրական գեղեցկությամբ, բարձր ինտելեկտով և հին սպարտացի արքաների անունով, որը հպարտությամբ էր կրում: Խորհրդավոր էր նաև «ազգ» արմատով ազգանունը` նրա համար ամենասուրբ բառը: Նա պաշտում էր իր ժողովրդին, իր հայրենիքը: Վերջինս նրա համար ժամանակակից Հայաստանի սահմաններով չէր ավարտվում: Ազատագրելով Արցախը` նա մտովի ազատագրում էր նաև Կարինն ու Վանը, Կարսն ու Էրզրումը, ամբողջ պատմական Հայաստանը։ Նա սիրում էր կրկնել. «Մի՛ հավատացեք, եթե ասեն, որ զոհվել եմ: Ես Իսթամբուլի պարիսպների տակ եմ ընկնելու»:
Մարտական ընկերները մեծ հաճույքով մեջբերում են նրա մյուս թևավոր խոսքը Արցախի մասին, որը Լեոնիդը կարողացավ ապացուցել անգամ զոհվելու գնով: «Սա Հայաստան է, և վերջ… Ո՚չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո՚չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի, ինչպես նաեւ մնացած հայոց հողերի հանձնումը»…
«Ազատագրական բանակի» մեկ այլ զինվոր՝ Սարգիս Հացպանյանը, հավելում է. «Ինչպես Զանգեզուրը պահելուն և թուրքի՝ հերթական բռնազավթման նկրտումներն ի դերև հանելուն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրմամբ։ Երկար տարիների զինվորական լուրջ աշխատանքի շնորհիվ, բոլոր մանրամասնություններով հանդերձ, իր նախապատրաստած ծրագրի իրականացմամբ, հրամանատարի զոհվելուց հետո անգամ, նրա դաստիարակած զինվորները փայլուն գործողությամբ, չնչին կորուստներով ազատագրեցին պատմական Քաշաթաղը։ Լեոնիդն է մեր փոքրիկ Արցախ աշխարհը հայրենիքին միացնելու նպատակով կատարված հաջող այս ռազմական գործողության պատմական հեղինակը»:
«Շփվելով հետը՝ ես զարմանում էի նրա այդքան գիտակ լինելով, նրա պատրաստվածությամբ: Այն, որ Լեոնիդը գիտնական էր, խելացի, դաստիարակված, մտավորական ընտանիքի զավակ, ես գիտեի, բայց, որ ռազմարվեստին էլ էր տիրապետում, ինձ համար թե՛ զարմանալի էր և թե՛ ուրախալի։ Զինվորական կրթություն և ռազմական գործողություններ վարելու փորձ չունենալով` Լեոնիդը կարճ ժամանակում, այն էլ` ծայրահեղ պայմաններում, կարողացավ անել այն, ինչը ռազմական շատ գործիչներ տարիների ընթացքում կանեին:
Ռազմական ակադեմիական գրականություն ուսումնասիրելով՝ Ազգալդյանը ոչ միայն ամենալավն ընտրեց, այլև ստեղծեց իրենը` նորն ու արժեքավորը, ես կասեի՝ իր դպրոցը: Նրա կերպարը մեզ համար որպես օրինակ էր ծառայում: Եվ այսօր շատ կարևոր կլիներ, որ նրա փորձը մեր բանակում ուսումնասիրեին»։ Սա, ինչպես նաև այն, որ Լեոնիդ Ազգալդյանն իրենից հետո թողել է փորձառու հրամանատարների մի ամբողջ սերունդ, Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի զուսպ գնահատականն է մարտընկերոջը:
Լեոնիդ Ազգալդյանը 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ մղված մարտերում զոհ գնաց թշնամու գնդակին՝ անկատար թողնելով Ստամբուլի պատերի տակ ընկնելու երազանքը…
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ռազմական պատմաբան-վերլուծաբան
Խորագիր՝ #47 (1218) 29.11.2017 - 05.12.2017, Ճակատագրեր