Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳԻՐ



ԶԻՆՎՈՐԻ ՕՐԱԳԻՐ51 …: Հնգանիշ համարն Արտակին «ուղեւորեց» Տավուշի մարզ: Մեկ օրվա ընկերոջս հարյուր տարվա դրկիցի նման հրաժեշտ տվեցի. ջերմ բաժանվեցինք, խոստացա ամեն ինչ անել, որ ծառայության ընթացքում հանդիպենք: Մեր զինկոմիսարիատի անձնակազմից միայն նրա հետ հասցրի ընկերանալ: Տասնութը վաղուց էր լրացել, հասուն տղա էր, ընտանիք ու երեխա ուներ:

Հաջորդը ես էի: Մոտեցա արկղին, քաշեցի թուղթը: Նույն զգացողությունն ունեցել էի մեկ էլ 6 տարի առաջ, ընդունելության քննություններից հետո, երբ համալսարանի պատին փակցված ցուցակում անունս էի փնտրում: Փոքրիկ թղթի վրա մեծ տառերով գրված էր զորամասի համարը: Ամառվա շոգին, սառեցի, քրտնեցի, ուրախացա ու տխրեցի, որովհետեւ չգիտեի՝ ինչ զորամաս եմ ընկել, որտեղ է այն: Միայն իմացա, որ տեղ ենք հասնելու չորս  ժամ հետո: Բոլորը մոռացան մեկ ժամ առաջվա աշխուժությունը: Փիլիսոփայական հայացքով, ավարտական ժպիտով ու դեռ չվաստակած կարոտով շարվեցինք: Այդ պահին շատերը հասկացան, որ երազում չեն` բանակ են գնում:

Ավտոբուսում չորսով էինք: Արտակը վաղուց մեկնել էր: Մենակ էի, նոր ընկեր ձեռք բերելու ոչ ցանկություն, ոչ էլ ժամանակ կար: Նայում էինք իրար: Յուրաքանչյուրն իր հերթին ուզում է կոտրել լռությունը, բայց չի կարողանում. Առաջին տպավորությունն է, չէ՞, ինչ կմտածի մեկը մյուսի մասին: Այդպես էլ ոչ մեկս չխոսեց: Ճանապարհի կեսին սափրագլուխ բախտակցիս իջեցրին:

Վարորդի հանգստությունը չեմ մոռանա, 50-ն անց ալեհեր տղամարդ էր: Հաստատ պապիկ էր, արեւիկներին ամրացրել էր Քրիստոսի սրբապատկերը, մի քանի փայտե խաչեր ու երկու թոռների առանց ֆոկուսի լուսանկարները: Հիմա հիշում եմ ուղեկցող սպայի կիսահպարտ ժպիտն ու մեր անլուրջ պահվածքը: Ճանապարհին ռաբիս երգերը սովորեցի, վարորդը հոգով ձայնակցում էր, հետո հետ նայում, շշնջում.

-Քիչ մնաց, ինձ կհիշեք, ես եմ ձեզ հետ բերելու: 

Զորամաս մտանք մթնշաղին: Անցագրային կետում` Խկկ-ում, տղերքը տեսան, ժպտացին ու իրար շշնջացին:

-Ջաան, մալադո են բերել:

Հերթապահ սպան ուղեկցեց զորանոց: Դիմավորեց շարքային Նարեկը: Երեւանցի տղա էր, հիմա զորացրվել է: Չորս տարով փոքր էր ինձանից, բայց վեց ամիս շուտ էր զորակոչվել: Լուռ էի, ճանապարհին ինձ համար վարքականոններ էի մշակել, պատրաստվել, հիշել ընկերներիս տված խորհուրդները: Ցույց տվեց մահճակալս: Իմ ննջասենյակի հարմարավետ անկողնուն փոխարինում էր զորանոցի մետաղե կոնստրուկցիան: Այստեղ բացվեց կարգապահական տրցակը.

«Երեսսրբիչը գլխավերեւում, ոտքերինը՝ ներքեւում»:

«Հարդարել միայն մեկ տարբերակով, քնել այսպես, արթնանալ այնպես»:

«Աթոռին այսպես դասավորել համազգեստը, պահարանում էլ` այսպես հիգիենայի պարագաները»:

Անվանականչ եղավ, ու բոլորս պառկեցինք քնելու: Քունս չէր տանում: Քնեցի բաց աչքերով, անհանգիստ շարժվելով` մեկ այս կողմ, մեկ այն կողմ, ծխելու մեծ ցանկությամբ ու առանց ծխելու:

-Վե՛ր կաց:

Հրամանը լսելուն պես վեր թռանք: Նայում եմ, ինչպես են բոլորը արագ ոտքի կանգնում, կիսահագնված, դուրս վազում: Սա ծառայողական օրակարգի միայն առաջին բաղադրիչն է: Ինձ էլ տարան, բոլորի մեջ, միայն ես էի քաղաքացիական հագուստով ու անպատրաստ:

Համազգեստն ստացա այնպես, կարծես ամենաբրենդային խանութից էի առեւտուր անում: Պահեստապետը տասը րոպե միայն շոր էր բերում, հետն էլ հարցեր տալիս: Պատասխանում էի ժպիտով: Համազգեստս վերցրի, հագա պիոների պես… Երեկոյան արդեն բուժկետում էի: Նոր բատինկաները ցավեցրել էին ոտքերս, տեղ-տեղ լավ հարել: Մի քանի օրից վերքերն անցան, ոտքերս վարժվեցին: Զորամասում սկսեցի կարուձեւ անել, արդուկել, լողանալ միայն շաբաթ օրերին, սափրվել ամեն առավոտ, ճաշել սահմանված ժամին` էլի շարքով ու կանոնակարգված:

Գրված ու չգրված օրենքներ շատ կան: Ճաշասեղանի առաջին նստածներից մեկը բոլորին «հյուրասիրում է», հետո նոր միայն իրեն, իսկ վերջում նստածներից մեկն էլ ափսեներն է հավաքում:

Կարանտին: Սա այն շրջանն է, երբ զինվորական երդում չես տվել, լիարժեք զինվոր չես, նոր-նոր ադապտացվում ես: Սա կարանտին էր` ժամանակացույցին ընտելանալու եւ «դիրքերդ» ամրացնելու համար: Երկու շաբաթվա ընթացքոմ եկան նաեւ մյուս նորակոչիկները: Մինչ այդ, ինձ թվում էր, թե ինձանից հետո այլեւս զորակոչիկ չի գալու: Ավելի վստահ ու ավելի հանգիստ սկսեցի հարմարվել զինվորական կյանքին, զորամասային բարքերին: Սպաները կոպիտ չէին, բայց եղբայրաբար էլ չէին: Զգում էի, որ փորձն է ստիպել ավելի խիստ լինել, առանց բարի խոսքի, ավելորդ հոգատարության: Ավագ զինակիցներն ամեն օր ու բոլորիս առաջ կատակում էին: Երանի հումորները չլինեին, որովհետեւ ավելի խայթող էին, քան ծիծաղեցնող:

-Ինձ ավելի քիչ օր է մնացել, քան ձեզ՝ տարի,- ասաց նրանցից մեկն ու մի քանի օրից զորացրվեց: Մալադոյներով նախանձոտ հայացքով նայեցինք իրար: Մխիթարեցի ինձ այն մտքով, որ ինքն էլ երկու տարի առաջ է իմ կարգավիճակում հայտնվել, հետո միայն հասել էս օրվան:

40-րդ օրը չեմ մոռանա: Զինվորական երդում տվեցի: Շարահրապարակում կանգնեցինք, հրամանատարի առաջ: Ելույթներ էին: Չկարողացա լսել, աչքս «հանդիսատեսի» կողմն էր: Ծնողներս էին, նշանածս ու ընկերս` Համոն: Ի դեպ, զորակոչիցս մեկ շաբաթ առաջ էի նշանադրվել:

 ԴԱՎԻԹ ԴԱՎԻԹՅԱՆ

Խորագիր՝ #48 (1219) 06.112.2017 - 12.12.2017, Ազգային բանակ


07/12/2017